Saturday, January 30, 2010

Հայաստանը վերջապես «Արտակարգ դրության մասին» օրենք է ունենալու

News.am. 29-1-2010- Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Հրայր Կարապետյանի նախագահությամբ, հունվարի 29-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհրաժեշտություն էր առաջացել ընդունել օրենք, որով կկարգավորվեն արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության ժամանակ ՀՀ-ում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր միջոցառում է, որը հայտարարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ սահմանադրական կարգին: Նախագծով սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու կարգը, հրամանագրի բովանդակությունը, գործողության ժամկետը, դադարեցման հիմքերը, կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները եւ այլն: Հիշեցնենք, որ Հայաստանում միայն մեկ անգամ է արտակարգ դրություն մտցվել՝ 2008թ. մարտի 1-ին: Ընդդիմության պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը խախտել էր օրենքը՝ արտակարգ դրություն մտցնելով: Եւ հիմա, թերեւս, իշխանությունները ցանկանում են օրինականացնել արտակարգ դրության ռեժիմը:

No comments: