Panorama.am. 27-1-2010- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը և ասել, որ մեծապես կարևորում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
«Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարևորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր և տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
ՀՀ Նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի երկխոսության և անցկացվող խորհրդատվությունների կարևորությունը:
Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը և նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն և զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաև հեշտ օրերի լավ բարեկամ է»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների և այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը և նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար:
«Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»,-ընդգծել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար:
Wednesday, January 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment