Monday, February 1, 2010

Իսլամական Հեղափոխության 31-ամյակը, ցույցերն ու նաեւ Վարդանանքը

Իսլամական հեղափոխության 31-ամյակի շեմին ենք կանգնած, փողոցները զարդարված են դրոշներով ու հեղափոխության օրերի լոզունգներով: Համեմատ նախորդ տարիների աշխուժությունը պակասել է, սպասվում է, որ հետընտրությանց դեպքերի ազդեցությունը իրեն ի ցույց կդնի նաեւ Հեղափոխության տոնակատարությունների ժամանակ, թաքուն անհանգիստ վիճակ կա մայրաքաղաքում, նույնիսկ Թեհրանի «Մոհամմադ ռասուլոլլահ» պահակազորի հրամանատարը հայտարարեց. «Ով, որ Բահմանի 22-ին (փետրվարի 11-ին) բողոքի դուրս գա Իրանի ժողովրդից չէ եւ համարձակորեն ասում ենք, որ նա օտարի գործակալ է»: Նա շեշտեց, որ. «Բահմանի 22-ը ոչ թե բողոքելու, այլ միասնության օր է»: Անախորժությունն, անախորժություն, բայց կարծես դրա թարգմանությունը հայ համայնքում տարօրինակ ձեւ է ստանում: Վերջերս շշուկներ են տարածվում, թե Վարդանանց տոնը այս տարի հետաձգվելու է մի շաբաթով, որովհետեւ համընկնում է Հեղափոխության տարեդարձի օրվա հետ ու երեւի` որովհետեւ մենք լինելու ենք փողոցում եւ կարող ենք շփոթվելով հայտնվել էդ «բողոքողների շարքում», ուստի որոշ գերազգայիններ ելքեր են փնտրում կրակից հեռու մնալու համար, նպատակը` «հայ հասարակության անվտանգությունը պահպանելն է», իհարկե: Թեեւ առաջին հայացքից շատ անմեղ ու հեռատես քայլ է թվում ասվածը, բայց իրականության մեջ դա խեղճ ու անճար մարդու դիրքորոշում է: Միթե կարելի է ազգային տոներն ու ավանդույթները ինչ-որ հավանական դեպքերի հաշվին փոփոխությունների ենթարկել: Մենք` հայերս, Հայաստանի ամենահեռու գյուղից սկսած մինչեւ Սփյուռքի չորս կողմը, դարերից ի վեր պահպանել ենք մեր ազգային տոներն ու սովորությունները, ընդորում Վարդանանքը հենց ազգայինի պահպանման օրն է: Ուրեմն պետք չի խառնվել իրար: Երկիրն իր սովորական ընթացքն է ապրում եւ մենք հայերս էլ դարերի ընթացքում այս ասպնջական երկրում ապրել ու փաստել ենք, որ մենք գիտենք հարգել հարեւանին ու հյուրընկալին, դրանից էլ վայելում ենք մեր հարգանքն այս երկրում եւ նույնիսկ երբ ողջ երկիրը իր կրոնական սուգերի մեջ է, մենք զուսպ, բայց եւ անպայման կազմակերպում ու տոնում ենք մեր Ամանորյա եւ այլ խրախճանքները: Եվ դա ոչ թե հակադրվելու կամ հակառակելու հաշվին, այլ մերը` Հայկականը պահելու սրբազան նպատակով: Եզրակացնենք. Մենք հայ ենք` մեր ազգային սովորություններով, ավանդույթներով, մեր պատմությամբ եւ ինչու չէ նաեւ մեր ներկայով ու ապագայով: Մենք չենք կարող ինչ-ինչ պատրվակներով հերքել կամ փոխել մեր անցյալը, անտարբեր լինել մեր ներկայի եւ մանավանդ մեր ապագայի նկատմամբ: Այդ համոզմունքից ելնելով էլ պարտավոր ենք ըստ արժանվույն հարգել եւ պահպանել մեր ազգային սովորությունները, նամանավանդ սփյուռքյան պայմաններում: Փառք Իսլամական հեղափոխության 31-ամյակին: Հավերժություն Վարդանանց պատերազմի զոհերին: Անմահություն բոլոր այն Վարդաններին, որ ընկան Ազգի ու Հայրենիքի ազատագրման ու պահպանման Ճանապարհին:

No comments: