Monday, February 1, 2010

Համաձայն ենք, բայց…

ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը «Յոյս» երկշաբաթաթերթի հետ ասուլիսի ժամանակ, (թիվ 64, 9.12.09թ.) ասել է. «Գաղափարական զանազանութիւնը մեր գաղութի հարստութիւնն է»: Լրիվորեն համաձայն լինելով Սրբազան Հոր հետ, ուզում էինք հարց տալ, այդ դեպքում ինչո՞ւ Առաջնորդարանի կայքէջի վրա, մեր համայնքի վեցը թերթերից` «Արաքս», «Յոյս», «Լույս», «Հանդէս», «Պայման» եւ «Ալիք», միայն վերջինի հասցեն է տեղադրված: Սրբազան Հայրը այն հարցին, «թէ դուք ինչպէ՞ս էք մօտենում համայնքում գոյութիւն ունեցող զանազան գաղափարական եւ քաղաքական հոսանքներին եւ խմբակցութիւններին», պատասխանում է. «Ես կը կարծեմ, որ այս զանազանութիւնը մեր գաղութին հարստութիւնն է: Որքան գաղափարական զանազանութիւնն աւելի է, դա կը նշանակէ նաեւ, որ գաղութին մէջ գաղափարական եռուզեռ կայ: Ինձ համար եւ մեր եկեղեցու համար որեւէ քաղաքական կազմակերպութիւն, յարգանքի արժանի է այն չափով, որքան որ ինքն իր ազգին կը ծառայի, իր եկեղեցուն կը ծառայի եւ հաւատարիմ է իր ազգին հոգեւոր, մշակութային եւ ազգային արժէքներին: Ես քաղաքական խմբակցութիւնները որպէս մէկը միւսին հակադրւող չեմ տեսներ, ընդհակառակը` մէկը միւսին լրացնող եւ ամբողջացնող իրականութիւն կը տեսնեմ: Իհարկէ պայմանաւ, որ մէկը միւսը չը խծբծէ, մէկը միւսը չը փորձէ նսեմացնել կամ հարւածել»: Ինչ խոսք, իսկապես գեղեցիկ մոտեցում է, պայմանավ, որ ազգին ծառայելու արշինը դաշնակցականների մտասահմաններին կախվածություն չունենա, քանզի նրանք, իրենցից բացի, դժվար թե ազգային կարողանան գտնել: Իսկ թե ե՞րբ այդ գեղեցիկ մոտեցումը կվերածվի իրականության, դա այն հարցն է, որին պիտի պատասխան տան Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության ներազգային հարբերությունների քաղաքականությունը նախագծող աշխարհական ու հոգեւոր դեմքերն ու նրանց հարազատ կուսակցությունը: Հրայր

No comments: