Monday, February 1, 2010

Գրական հանդիպում

ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սար-գսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին հիմք դրված` գրողների ու գրասերների 3-րդ հանդիպումը կայացավ, հունվարի 11-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, որը նվիրված էր իրանահայ, ամերիկահայ գրող Լեոնարդո Ալիշանին, որի մասին զեկույցով հանդես եկավ «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագիր Ռոբերտ Սաֆարյանը: Այս մասին մանրամասն տեղեկագրություն էր կազմել Մեղմիկ Մանսուրյանը եւ առաքել իրանահայ մամուլին, որից բերում ենք հատվածներ. «Լեոնարդո Ալիշանի Վերիվարներով հարուստ կյանքը, իր խոսքով` «Տարիներն անցան ու մենք շարունակեցինք խաղալ», ինչպես նաեւ դժբախտ պատահարին զոհ գնալը շարժեց ներկաների հետաքրքրությունը»: «Բանաստեղծ, Յուտահ համալսարանի նախկին դասախոս, Լեոնարդո Ալիշանը ծնվել է 1951 թվականին, Թեհրանում: 22 տարեկան հասակում մեկնում է ԱՄն, ուր շարունակում է իր ուսումը եւ ստանում դոկտորայի աստիճան` համեմատական գրականության ճյուղում: Ալիշանը զգայուն բանաստեղծ էր, նրա անգլերեն լեզվով գրված բանաստեղծությունները հրատարակվել են` «Բոկոտն պար` կոտրված ապակիների վրա» (Dancing barefoot on broken glass) եւ «Ցողակաթիլի միջով» (Through a dewdrop) անվամբ գրքերում: Նրա բանաստեղծությունները բազմաթիվ անգամներ մրցանակների են արժանացել: Ալիշանը նաեւ կատարել է հետազոտություններ հայկական եւ իրանական գրականության վերաբերյալ, իսկ նրա ուսումնասիրությունները «Սասունցի Դավիթ» առասպելի մասին, այդ ասպարեզում նրան առանձնակի ուշադրության է արժանացրել: Գրողն իր արձակ գրություններում հաճախ երկխոսություններ է ունենում իր տատի հետ, որը հավանաբար հանդիսանում է որպես կապ` իր եւ անցյալի կամ միգուցե անցած բայց չիրականացած երազանքների հետ: Նա «Զատիկը եւ պարսկական գորգը» պատմվածքում գրել է տողեր իր եւ իր տան այրվելու մասին: Մահվան հրեշտակը կարծես ուշադիր ընթերցելով այդ տողերը, գրողի հոգուն տիրեց հենց այդպիսի պատահարի ժամանակ` 2005 թվականին»: Մեղմիկ Մանսուրյանը նաեւ տեղեկացնում է, որ գրողների ու գրասերների հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 1-ին, երեկոյան ժամը 7-ին, Առաջնորդարանի դահլիճում: Նշելի է, որ հանդիպման գլխավոր թեման է լինելու հայ նահատակ գրող` Գրիգոր Զոհրաբը: Օգտվելով այս առիթից, բոլոր գրողներին ու գրականություն սիրողներին հրավիրում ենք ներկա լինել այս հավաքին, որովհետեւ, կարծես թե նրանք, ովքեր զբաղվում են հրավիրելու գործով հիշողության խանգարում ունեն, կամ թե, չգիտես ինչ բացատրությամբ, իրենց վերապահում են հրավիրյալների մեջ ընտրություն կատարելու իրավունք:

No comments: