Wednesday, March 31, 2010

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. «ԿԱՐԵԼԻ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ»

«ԱԶԳ», 31-03-2010- Մարտի 29-ին Անկարայում կայացել է վարչապետ Էրդողանի եւ կանցլեր Մերկելի մամլո ասուլիսը, որին հետեւում ենք մեր տրամադրության տակ ունենալով Գերմանիայի կառավարության հաղորդագրությունը: Ի թիվս այլ հարցերի երկու երկրների կառավարության ղեկավարները անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: Հարց երկուսին - Խոսե՞լ եք Հայոց ցեղասպանության առնչությամբ պատմական պատասխանատվության մասին: Այն որեւէ դերակատարում ունեցե՞լ է Ձեր զրույցներում: Տարբեր մեկնաբանություններ կան: Վարչապետ Էրդողան - Անշուշտ, դրա մասին էլ ենք խոսել: Ինչպես գիտեք, դրա վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի ստորին հանձնաժողովում մի քվեարկություն էր եղել: Դրա մասին ենք խոսել: Սրան առնչվող այլ մանրամասներ բանակցությունների նյութ չենք դարձրել: Բայց Շվեդիայի վարչապետի եւ արտգործնախարարիՙ իրենց քվեարկության առնչությամբ արվածը զրույցի թեմա ենք դարձրել: Դրանից բացի ԱՄՆ արտգործնախարար Քլինթոնի եւ մեր արտգործնախարարի միջեւ երեկ մի հեռախոսազրույց է կայացել, որի ժամանակ արտգործնախարարը ներկայացրել է խնդրի զգայնությունները, եւ տիկին Քլինթոնը կարեկցություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բանաձեւի առնչությամբ: Մեր կեցվածքը հայտնի է, ասում ենքՙ պատմաբանները դրանով պիտի զբաղվեն եւ լուծեն: Խորհրդարանները այս խնդրի լուծման բեմահարթակ չեն: Ես 2005-ին մի նամակ էի գրել Քոչարյանին եւ մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել: Անշուշտ սուտ է, կրկնվող սուտ. Քոչարյանը պատասխանել է նրան նամակով եւ առաջարկել միջկառավարական հանձնաժողովՙ քննելու առկա բոլոր հարցերը: Ծ. Խ.): Թեպետ հիմա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նորմալացման փուլ կա: Բանաձեւերը եւ քվեարկությունները նորմալացման գործընթացին եւ այս փուլին բնականաբար խանգարում են: Սրա մասին էլ ենք մի անգամ եւս խոսել: Կանցլեր Մերկել - Այնպես է, ինչպես վարչապետը ներկայացրեց: Ինձ համար բոլոր բաներից առաջնայինն այն է, որ մենք ապագայում էլ կարողանանք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն այնքան լավ ձեւավորենք, որքան հնարավոր է: Արդեն հուսառատ նշաններ շատ կան, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ սկսել: Երբ մի օր դա լինի, կարծում եմ, կարեւորագույն քայլը կլինի, որը մենք բոլորս կողջունենք: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: