Tuesday, March 16, 2010

ՈՐՏԵՂ Է ՈՐՈՇՎՈՒՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿՇԻՌԸ

«Լրագիր» 16-3-2010- Երբ Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունն արտաքին քաղաքականությունը հռչակեց նախաձեռնողական, սկսեցին կատարվել բավական տարօրինակ բաներ: Այն աստիճանաբար կորցրեց հրապարակայնությունը, պարուրվեց խորհրդավորության ու մթության քողով եւ սկսեց տհաճ անակնկալներ մատուցել հանրությանը: Կարեւոր, նույնիսկ բախտորոշ շատ իրադարձություններ, պաշտոնական հայտարարություններ սկսեցին կատարվել գիշերով: Ինչպես գրել էր փորձագետներից մեկը, “երբ գիշերն ես տարածում, ապա թերեւս կարող ես մինչեւ առավոտ ինքդ էլ տեղեկանալ տարածածիդ բովանդակությանն ու պատրաստվել հարցերին”: Թվում է կատակ, սակայն նույնիսկ այդ հարցերին պատրաստվելուց հետո արտաքին քաղաքականության պատասխանատուները չէին կարողանում հստակ, հոդաբաշխ, համարժեք պատասխաններ տալ կատարվածին: Հաջորդ առանձնահատկությունը, որ բնորոշ դարձավ նախաձեռնողականությանը, այն էր, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի, այլ երկրների բարձրաստիճանների հայաստանյան այցերի մասին հանրությունը սկսեց իմանալ այլ երկրների, հիմնականում Ադրբեջանի ու Թուրքիայի լրատվամիջոցներից: Սա լավագույն դեպքում: Լինում էին դեպքեր, երբ հանրությունն այդ այցերի մասին իմանում էր այն ժամանակ, երբ դրանք արդեն տեղի ունեցած էին լինում: Իսկ ամենազավեշտալի երեւույթն այս “ոլորտում” այն դարձավ, որ պետական բարձրաստիճանների այցերի մասին սկսեցին “դիվանագիտական աղբյուրների ուտեչկաներով” տեղեկացնել հանրությանը: Հնարավոր է, իշխանությունը հարկ չի համարում տեղյակ պահել հանրությանը: Ասենք, հանրությանը համարում են տհաս ու անհաղորդ իրենց գլոբալ նախաձեռնողականությանը, այդ պատճառով: Հնարավոր է նաեւ, որ քանի որ ըստ սահմանադրության պարտավոր են դա անել, տեղեկացնում են չկամությամբ, պարտիզանական մեթոդներով: Սակայն, առավել հավանական է թվում այն տարբերակը, որ իրենք էլ, հանրության նման, այդ ամենի մասին իմանում են վերջին պահին. ասենք, Լավրովը կամ Սարկոզին զանգում ասում են շտապ եկեք, եւ նրանք էլ շտապ մեկնում են, հասցնելով առավելագույնը “ուտեչկա” տալ, եթե իհարկե մինչ այդ թուրքական կամ ադրբեջանական մամուլը հասցրած չլինեն դա անել, կամ այդ “ուտեչկան” տված չլինեն այլ “տեղերից”: Բարձրաստիճանների այցերը, սակայն, մի առանձնահատկություն էլ ունեն: Երբ դրանք այնուամենայնիվ տեղի են ունենում, սովորաբար առաջանում են բազմաթիվ հարցեր: Բացի վերը նշվածներից, այդպես էլ մութ է մնում` ով է հրավիրել, ինչի համար, ինչ հարցեր են քննարկել, ի վերջո` հանդիպե՞լ են, թե ոչ, ինչու պաշտոնապես Հայաստանի հրապարակած այցի ծրագրում գրվում է մի բան, իրականում տեղի ունենում լիովին այլ, արդյոք ճի՞շտ են “չար լեզուները”, որոնք պնդում են, թե Հայաստանից են շատ երկար խնդրում, որ կազմակերպվեն իրենց այցերն արտերկիր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ աշխարհում իրենց ընդունում են, եւ այլն: Եւ այս ամենի “պսակը” դարձավ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը: Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը հայտարարեց, թե տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ու Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցը, որի ժամանակ Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել Բարաք Օբամայի հրավերը` Վաշինգտոնում մասնակցելու ինչ որ կոնֆերանսի: Սա Հայաստանի օֆիցիոզը ներկայացրեց այնպես, որ իբր Օբաման հրավիրում է Սերժ Սարգսյանին ԱՄՆ: Սակայն ընդամենը հրավիրում է մասնակցելու կոնֆերանսի, “հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը”, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Այսինքն, առավել հավանական է այն, որ Սարգսյանը Օբամայի հետ չի հանդիպի առանձին, այլ “միջազգային օրակարգի հարցերը” կքննարկվեն կոնֆերանսի ընթացքում, այն էլ` եթե Էրդողանը այցելեր Վաշինգտոն: Այստեղ ակամա նաեւ տպավորություն է ստեղծվում, թե Օբամային էլ են խնդրել “մի ձեւ” աջակցություն հայտնել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Տխուր, նույնիսկ ողբերգական պետության համար: Ի վերջո, գործիչների կշիռը որոշվում է սեփական երկրում ունեցած վստահությամբ: Եթե չկա այդ վստահությունը, հազար այց ու հազար Օբամա էլ չեն փրկի: Հիմա նման բաները չեն անցնում: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: