Tert.am. 13-3-2010- Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին ընդունված բանաձևը, իսկ ավելի ուշ` մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանում Ցեղասպանության բանաձևի ընդունումը լուրջ հարված էր թուրքական մերժողական դիրքորոշմանը: Այս մասին թուրքական «Հյուրիեթում» գրում է թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը: Բայց ամենածանրը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների վախճանն էր։
Ըստ վերլուծաբանի` Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության մասին բանաձևը վերջին` մահացու հարվածն էր, որը հասցվեց Արձանագրություններին: Սակայն այժմ, երբ կա նաև Շվեդիայի խորհրդարանի որոշումը, Արձանագրություններն առանց տատանվելու կարելի է մեռած համարել: Իսկ այս ամենի արդյունքը եղավ այն, որ իրականում Հայաստանը, Թուրքիան և Կովկասի մյուս երկրները բոլորն էլ պարտվեցին:
Վերլուծաբանի կարծիքով` Արձանագրությունների վավերացման գործընթացը լրջորեն տուժեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների պատճառով: Էրդողանը վավերացման գործընթացը շարունակ կապում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Արդյունքում մարտի 4-ից առաջ Թուրքիայի խորհրդարանում այդ արձանագրությունները չվավերացվեցին, ինչն էլ, անկասկած, իր դերն ունեցավ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում, ինչպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այնպես էլ Շվեդիայի խորհրդարանում:
Ըստ Աքթարի` Վաշինգտոն գործուղված թուրք դիվանագետները, որոնք զինվել էին միայն իրենց չափից դուրս մեծ ինքնավստահությամբ, հիմնականում անծանոթ էին գործի էությանը: «Քվեարկության նշանակությունը չափազանցվեց, թուրք հասարակությունն այնքան վատ էր տեղեկացված, որ այսօր Թուրքիայում շատերը կարծում են, թե այդ բանաձևով ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Աքթարը:
Հոդվածագրի խոսքով` վերոհիշյալ երկու իրադարձություններից հետո Թուրքիայի քաղաքական շրջանակներում բացասական մթնոլորտ է տիրում, որոշ քաղաքական գործիչներ մտածում են «հաշիվները մաքրելու», ընդդիմությունն էլ՝ հարցն իր շահերին ծառայեցնելու շուրջ։ Հետևաբար, այսուհետև Արձանագրությունների վավերացումը չի կարող համարվել առանձին գործընթաց, այն անպայման կապվելու է Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում և Շվեդիայում ընդունված փաստաթղթերի հետ:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment