Panorama.am. 16-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Լոնդոն: «Heathrow» օդանավակայանում նրան դիմավորել է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Յիղիթ Ալփոգանը:
Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության տեղեկացմամբ` Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով է մեկնել Լոնդոն` մասնակցելու թուրք-անգլիական գործարար ֆորումին:
Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նրա տիկինը` Էմինե Էրդողանը, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պետնախարար Զաֆեր Չաղլայանը, Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` Էրդողանը Լոնդոնում հանդես է գալու նախազգուշացումներով` փորձելով կանխել հայկական օրինագծի ընդունումը Միացյալ Թագավորության Համայնքների պալատում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում ապրիլի 30-ին քննարկվելու է «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու» մասին օրինագիծը:
Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment