Tuesday, March 16, 2010

ՈՐՆ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

«Լրագիր» 16-3-2010- Մարտի 18-ը վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Նա Հայաստանի այն հազվագյուտ քաղաքագետներից էր, ովքեր գրում են ոչ թե պահից կամ կոնյունկտուրայից ելնելով, այլ սեղանին դնելով խիղճն ու անսահման, անկաշառ սերը սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ: Տիգրանի հոդվածներն այդ պատճառով միշտ թարմ են, ակտուալ եւ ուսանելի: Ներկայացնում ենք 1993 թ. գրած նրա հոդվածներից մեկը: Եթե Հայաստանում բավարար չափով հասունացած լինեին հեղափոխական տրամադրությունները եւ հաստատ համոզվածություն լիներ, որ մոտ ապագայում ժողովուրդն ու այն ներկայացնող քաղաքական ուժերն այլեւս չեն հանդուրժելու իքնաոչնչացման տանող այս ընթացքը, ապա մենք մեր պարտքը կհամարեինք այսօրվանից իսկ հանդես գալ հրապարակումներով, որոնք նպատակ կհետապնդեին արգելակիչ դառնալու հեղափոխության տարերայնացման ճանապարհին: Այսինքն, ցանկացած հեղափոխությանը ուղեկցող այն երեւույթներին, որոնց հետեւանքով իր էությամբ կառուցողական նպատակներ հետապնդող ակտիվ դրսեւորումը կարող է վերաճել բացասական հետեւանքներով լի գործողության: Սակայն քաղաքական կյանքը Հայաստանում այնքան ճահճացած է, որ մեր հասարակությանն այս ճակատագրապաշտական անձնատրության թմբիրից արթնացնելու համար այժմ անհրաժեշտ է արմատականություն` ընդհուպ մինչեւ շոկային մեթոդները: Միայն այն մարդիկ եւ այն ուժերը կարող են հանդես գալ ճահճային իրավիճակի պահպանման օգտին, քողարկելով դա ինչ-ինչ վեհ գաղափարներով ու նպատակներով, ում համար ներկայիս Հայաստանն այն իդեալական տարբերակն է, որ հնարավորություն է ստեղծում բավարարելու իրենց նեղ եսասիրական շահերը, կամ համատարած դատարկության ու անգործության մեջ դրսեւորվելու իբրեւ այլընտրանքային ուժ ու արժեք: Մնացյալի համար, ովքեր չեն վախենում զարգացում ապրող հասարակության պայմաններում իքնադրսեւորման համար անհրաժեշտ ջանք ու եռանդը ներդնելու ծանր, բայց օգտակար գործից, ներկան բացարձակապես անհանդուրժելի է, առավել եւս` դրանով թելադրվող ապագան: Ի վերջո, կարելի է պարզապես “հեղափոխություն” բառին կցել մեղմացնող մակդիրներ` “թավշյա”, “առանց ուժային մեթոդների կիրառման”, “սահմանադրական ճանապարհով” եւ այլն, թուլացնելու համար սարսափազդու տպավորությունը, որ այն գործում է մեր հասարակության վրա, հակառակ որ հեղափոխությունն իրականում իր մեջ կրում է նաեւ շատ առողջ հիմունքներ: Սակայն դա միայն այն դեպքում, եթե նպատակ ունենայինք, միտքն արտահայտելով հանդերձ, էժան խորամանկությամբ շողոքորթելու եւ նրանց, ովքեր “հեղափոխություն” եզրն աներկբայորեն ընդունում են գեթ ավանդականությունը չխախտելու համար, եւ նրանց, ում նախանձն է շարժում էվոլյուցիոն զարգացման ճանապարհով հիմնահարցեր լուծելու` քաղաքակիրթ երկրների ընդունակությունը, թեեւ մոռացության է տրվում, որ լիբերալևդեմոկրատիայի հիմքերի կառուցման առաջին քարը միշտ դրվել է հեղափոխական ճանապարհով: Սակայն մեր ժողովրդի ապագայի վրա կախված ապառնալիքն այնքան շոշափելի է, որ սոփեստությունը, առավել եւս շողոքորթությունը, անտեղի է եւ անբարոյական շռայլություն: “Հեղափոխություն” բառն այսօր շատ քչերի մոտ է հիշողություններ ծնում Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ անգամ Ռուսաստանի 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունների մասին: Մեր գիտակցության մեջ այն իսկույն նույնացվում է հոկտեմբերյան հեղաշրջման եւ դրա տխուր հետեւանքների հետ, թեեւ վաղուց արդեն լուրջ մարդկանց կողմից այն որակվել է իբրեւ հակահեղափոխություն, քանզի հեղաշրջման ճանապարհով բռնությամբ վիժեցվեց ռուսական հեղափոխության բնական ընթացքը: Երկրորդ առասպելը, որ խիստ վարկաբեկում է “հեղափոխություն” հասկացությունը, դա նրան վերագրելն է այն բոլոր այլանդակ երեւույթները, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո հաջորդաբար տեղի էին ունենում երրորդ աշխարհի երկրներում: Հիմնականում դրսից թելադրված` տարբեր ժողովուրդների ազգայինևազատագրական պայքարը, որ ոչ մի ընդհանուր բան չունի հեղափոխական ճանապարհով սեփական հասարակության բարեփոխումների իրականացման հետ, աշխարհի մեծերի քարոզչական մեքենայի կողմից որակվեց իբրեւ հեղափոխություն, իսկ դրա իսկապես կործանարար հետեւանքները` իբրեւ ցանկացած հեղափոխության անխուսափելի արդյունք: Դրանով իսկ քաղաքական թատերաբեմը լրացնող ժողովուրդների գիտակցության մեջ անհաղթահարելի վախի զգացում հաստատվեց հեղափոխական ճանապարհով ներհասարակական բարեփոխումների իրականացման նկատմամբ: Իսկ քարոզչական մեքենան շարունակում է ամրապնդել դա`առանձին երկրներում ընթացող վայրագություններն ու օտար երկրներից ֆինանսավորվող ծայրահեղական կազմակերպությունները ներկայացնելով իբրեւ հեղափոխություն եւ հեղափոխական ուժեր: Կրկնենք արդեն արտահայտված միտքը, որ նորաստեղծ երկրների հարատեւ ողբերգության պատճառը ոչ թե իրականացված ներքին հեղափոխությունն է, այլ ազգայնական կամ կրոնական գործոնների ծանրության տակ վիժեցված, ազգայինևազատագրական պայքարին հատուկ ծայրահեղություններին եւ պահպանողականությանը գերի դարձած, իսկ հետագայում ` շարունակական լճացած հեղափոխական իրավիճակից դուրս գալու անկարողությունը: Այնուամենայնիվ, մեր ժողովրդի վախը հեղափոխության նկատմամբ առավել քան արդարացված է: Կամ արդարացված է նույնքանով, որքանով արդարացված էր նրա մի զգալի հատվածի վախն ազգայինևազատագրական պայքարի, անկախության, ազգային խնդիրները շոշափելու, ռուսական հովանավորությունից զրկվելու եւ այլ հնարավոր երեւույթների նկատմամբ: Սակայն կյանքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մեզ վրա են հասնում բոլոր այն պատուհասները, որոնցից մենք առավելապես վախենում ենք: Ընդ որում, ժողովրդի վախը լիովին հիմնավորված է, որովհետեւ երկու հարյուրամյակ շարունակ նա գործ է ունեցել ազգային գործիչների հետ, որոնց առաջնորդած պայքարն առանց բացառությունների ավարտվել է ազգային ողբերգությամբ: Երկու հարյուրամյակի ընթացքում որեւէ հարատեւ դրական արդյունքի բացակայությունը բավարար հիմք է ազգային առաջնորդների կողմից առաջադրվող ցանկացած ուղին մերժելու համար: Իսկ վերջին հուսախաբությունը, կապված 1988և1992 թթ. իրադարձությունների հետ, հավատի անկման եզրագիծն է դարձել: Համակերպվել այս փաստի հետ` նշանակում է համակերպվել մեր ժողովրդի իբրեւ լիարժեք միավորի գոյության դադարեցման հետ: Ժողովուրդը չի կարող ապրել, առավել եւս` զարգանալ մշտական վախի եւ սեփական ազգայինևքաղաքական մտքի նկատմամբ անվստահության պայմաններում: Չի կարող, բայց նրանք, ովքեր կոչված են վերականգնելու նրա հավատը, ապրելու եւ պայքարելու ձգտումը, խիստ հեռու են իրենց ժողովրդից, նրա պահանջներից եւ սպասելիքներից: Ավելին, իրադարձությունների զարգացումը, իսկ ավելի ճիշտ` դրա բացակայությունը վկայում է, որ ոչ միայն վարչակարգը, այլեւ հանրապետության քաղաքական սպեկտրում ներկայացված ուժերը, իսկ ավելի կոնկրետ` դրանց վերնախավը, օտարված է ժողովրդից եւ նրա առօրյայից: Գաղտնիք չէ, որ իրենց սոցիալական դիրքով, ծառացած դժվարությունները շրջանցելու հնարավորություններով կուսակցական վերնախավերը քիչ բանով են տարբերվում իշխանության ղեկի մոտ կանգնած հաղթանակած հեղափոխության սերուցքից: Ուստի, արմատական փոփոխությունների հեռանկարը հավասարապես տհաճությամբ է ընկալվում եւ վարչակարգի, եւ արտոնություններով գրեթե նրան չզիջող կուսակցական վերնախավի համար: Հանրապետությունում ձեւավորվել է որոշակի ստատուս քվո, որ ցուցադրական բնույթի արտաքին հակասություններով հանդերձ` համաձայնության մթնոլորտ է ստեղծել բոլորի միջեւ: Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանում չկան ուժեր, որոնք ձգտում են իշխանության գալու, կամ իշխանության տարածության մեջ իրենց տեղն ընդարձակելու: Սակայն այսօր չկան ուժեր, որոնց համար ներքեւից բխող, այսինքն` ժողովրդի գործոնի հետ կապված փոփոխություններն արժեքավորված լինեն եւ կենսականորեն անհրաժեշտ: Այս հիմունքներից էլ ահա առաջ է քաշվում հեղափոխությանն այլընտրանք հանդիսացող եւ քաղաքակիրթ համարվող ճանապարհը, որի մասին այդպես հաճախ սիրում են խոսել քաղաքական գործիչները: Ճանապարհ, որ փորձում ենք ստանդարտ ձեւով վերցնել Արեւմուտքի ժողովրդավարական ավանդույթներից, առանց հաշվի առնելու այն ահռելի վիհը, որ գոյություն ունի մեր իրականության եւ Արեւմուտքի միջեւ: Իմիջիայլոց, հայ ազգայինևքաղաքական մտքի համար ընդօրինակության նման տարբերակը նորություն չէ, բավական է միայն հիշել դարասկզբին ազգայինևազատագրական պայքարի ձեւավորման պատմությունը` չմոռանալով, իհարկե, մեղմ ասած, դրա ցավալի հետեւանքները: Ինչ խոսք, բոլորիս համար քաղաքական հակասությունների հանգուցալուծման առավել ընդունելի տարբերակը ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանության անձեռնմխելիությունն է մինչեւ սահմանված ժամկետի լրացումը, երբ ժողովուրդը կրկին իր կամքն արտահայտելու հնարավորություն կստանա: Արեւմուտքում, առանձին բացառություններից զատ գործում է հենց այս տարբերակը: Սակայն արեւմտյան եւ ոչ մի ժողովրդավար երկրում պետության առաջին դեմքի կամ նրա վարչակարգի գործունեությունը հատկացված ժամկետի ընթացքում չի կարող հանգեցնել երկրի ու ժողովրդի ՙլինել թե չլինելու՚ հիմնահարցին: Զարգացած երկրներում իշխանության եւ ժողովրդի միջեւ տեղաբաշխված է ամուր ավանդույթներ ունեցող, ինքնավերարտադրության ընդունակ եւ մեծ արդյունավետությամբ գործող պետականևվարչական համակարգը. լավ մշակված եւ փորձարկված մի մեքենա, որի առկայությունը բավարար է նվազագույնի հասցնելու ինչ-որ կերպ ժողովրդի քվեն ստացած, սակայն անկարող ղեկավարի վնասարարությունը: Բացի այդ, ազգային մտավոր ընտրախավի առկայության պայմաններում նման ընտրության հնարավորությունն այնտեղ չնչին է, չհաշված Արեւմուտքում ձեւավորված բարոյական չափանիշների համակարգը, որ կարող է կասեցնել ցանկացած նախագահի իշխանությունը: Եթե վարչակարգն ընտրության հարցում անմիջական կախման մեջ է ժողովրդից, ապա ժողովրդի կենսական նվազագույնի ապահովման խնդիրը վարչակարգից նման կախում չունի: Ուստի, եթե անգամ բախտի քմահաճույքը Ֆրանսիային կամ Մեծ Բրիտանիային մի ապաշնորհ ղեկավար պարգեւի, ապա նրա իշխանության մի քանի տարիներն անուղղելի ողբերգություն չեն դառնա նրանց ժողովուրդների համար: Իսկ թե հանկարծ այդ պաշտպանական համակարգը չգործի, եւ, ասենք, ֆրանսիացիները հայտնվեն մեր վիճակում ` Էլզասն ու Լոթարինգիան ավերվեն հակառակորդի հետակոծությամբ, իսկ Մարսելն իր շրջակայքով բնական աղետից հետո չվերականգնվող, անժամկետ ավերակույտի ենթարկվի, հիմքեր չկան կարծելու, թե ֆրանսիացի ժողովուրդը երկար կտատանվի ՙէվոլյուցիայի եւ ռեվոլյուցիայի՚ միջեւ ընտրություն կատարելիս: Մեր պարագայում ամեն ինչ այլ է: Ժողովրդի եւ իշխանությունների միջեւ կապը երկուստեք է եւ անմիջական: Ընդ որում, Հայաստանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո այն հետեւողականորեն վերաճում է միակողմանի կապի` ժողովրդի համակողմանի կախվածությանը իշխանությունների ողորմածության աստիճանից (քանի տուփ ծխախոտ կտան, որքան յուղ եւ այլն): Մեզ մոտ բացակայում է պետականևվարչական մեքենա հասկացությունը, որը եւ հիմնականում պետք է լուծեր կենսական տարրական խնդիրները (ոչ միայն սոցիալական, այլեւ նեքին եւ արտաքին քաղաքական, ազգային անվտանգության եւ այլն): Հայաստանի պայմաններում մենք գործ ունենք մեկ առանձին` հանրապետության նախագահին եւ նրա անմիջական շրջապատին հարմարեցված վարչակարգի հետ, որի յուրաքանչյուր անդամի մասնագիտական անձեռնհասությունը, անտարբերությունը, անաշխատասիրությունը կամ պարզապես ամբարտավանությունն իր հետեւանքներով հարվածում է ժողովրդին: Իսկ քանի որ մեզ մոտ այդ հատկություններով փայլեցին գրեթե բոլոր պաշտոնյաները, ժողովուրդը պարզապես գլորվեց անդունդը: Եւ դա ժողովրդի քվեն ստանալուց հետո մեկ-երկու տարվա ընթացքում: Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ քվեն պահպանվի եւս երկու կամ երեք տարի: Թեեւ տարիների մասին խոսելը փարիսեցիություն է, քանզի այս հանրապետության ճակատագիրը որոշվում է մինչեւ գարուն ընկած ժամանակահատվածում: Դատելով իրավիճակին տրվող ընդդիմության գնահատականներից, երբեմն-երբեմն առաջադրվող կոնկրետ առաջարկներից` կուսակցություններն, այնուամենայնիվ, դեմ չեն նախագահի քվեի ժամկետը սահմանափակելու գաղափարին: Բայց դա շղարշվում է ՙսահմանադրական ճանապարհ՚ հասկացությամբ, որ եւ հակակշիռն ու այլընտրանքն է անցանկալի հեղափոխության: Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ է մտնում այդ հասկացության մեջ, որքանո՞վ է ծայրահեղ հեղափոխությունը դրա համեմատ, եւ, կարեւորագույնը` դրանցից ո՞ր մեկի արդյունքներն են առավել սպառնալից մեր ժողովրդի ապագայի համար: Քաղաքակիրթ նորմերի նկատմամբ առանձնակի սեր տածող մեր ընդդիմության առաջ քաշած տարբերակների սպեկտրը խիստ լայն է` նախագահի լիազորությունների պարզ սահմանափակումից մինչեւ նախագահական իշխանության վերացումն ընդհանրապես: Նույն համակարգի մեջ պետք է դիտարկել նաեւ Սահմանադիր ժողովի հրավիրման գաղափարը, որի գերխնդիրն, անկասկած, կայանալու է նոր սահմանադրության միջոցով նախագահին իշխանությունից զրկելու կամ նրա լիազորությունները նվազագույնի հասցնելու մեջ: Սրանք գուցեեւ իշխանությունը փոխելու ընդունելի տարբերակներ են, բայց ոչ պետականության արդյունավետ կառուցման հնարավոր հեռանկար: Իշխանության փոփոխման, ուստի եւ` իր քաղաքական ճակատագրի որոշման խնդրից օտարվում է ժողովուրդը: Քաղաքականությունը հանրապետությունում դառնում է առանձին խմբավորումների մենաշնորհը: Առանց ժողովրդի անմիջական մասնակցության իշխանության բախտը որոշող ուժերը, կամա թե ակամա, վերջնականապես օտարվում են ժողովրդից, իսկ վերջինս` քաղաքականությունից: Արդեն իսկ անտարբերության ախտով վարակված ժողովուրդը էլ ավելի կբարոյալքվի, երբ համոզվի, որ իր գործոնի ազդեցությունը քաղաքականության մեջ բացակայում է: Սա ընդունելի տարբերակ է նրանց համար, ովքեր ուզում են իշխել ժողովրդի վրա, բայց անընդունելի` ովքեր նպատակ ունեն իշխելու ժողովրդի համար: Իսկ ցանկացած նոր իշխանություն, որն իսկապես նպատակ կունենա ծառայելու հայրենիքին եւ հանգուցալուծելու ազգային հիմնահարցերը, կարիք է ունենալու ոչ թե հնազանդ զանգվածի, այլ քաղաքական գիտակցված ակտիվությամբ տոգորված ժողովրդի: Հայաստանի պայմաններում, երբ ցանկացած նոր իշխանություն, իրավիճակը շտկելու համար անխուսափելիորեն հակվելու է դեպի ավտորիտարիզմ, ապա առանց ժողովրդի անմիջական մասնակցության իշխանության փոփոխման դեպքում այն կվերածվի բռնապետության: Այսպես կոչված` քաղաքակիրթ ճանապարհով, ինքնուրույնաբար, առանց ժողովրդի աջակցության եւ, ինչու ոչ, նաեւ` պահանջի, իշխանությունն ստանձնած քաղաքական ուժն իր հաջողության համար պարտական չի լինի ժողովրդին եւ դրանից բխող համարժեք վերաբերմունք կցուցաբերի նրա նկատմամբ: Իսկ դրա անմիջական զոհը կդառնա այն միակ արժեքը, որ պահպանվել է առաջին անավարտ հեղափոխությունից հետո` ազատականությունը եւ ժողովրդավարական ազատությունները: Ահա թե ինչու ժողովրդական լայն զանգվածների ակտիվ մասնակցությունն իշխանության փոփոխման հետ կապված տեղաշարժերին, որ մենք անվանում ենք հեղափոխություն, դիտարկվում է իբրեւ կենսական անհրաժեշտություն: Միայն ներքեւի պահանջով, ժողովրդի մասնակցությամբ ու վերահսկողությամբ ընթացող տեղաշարժերը կարող են առավելագույնս երաշխավորել մեր երկիրը` դեպի բռնապետության գիրկը վերջնական անկումից, այսինքն` կործանումից: Ինչ վերաբերում է ցանկացած հեղափոխության հետ կապված իրական սպառնալիքին, որ այն կարող է վերաճել անկառավարելի ավերիչ գործողության, ապա դա արդեն քաղաքական ուժերի խնդիրն է: Նրանք պետք է ապացուցեն, որ ընդունակ են կառավարելի վիճակում պահել զանգվածային ելույթները, ինչը երաշխիք կլինի նաեւ, որ նրանք կարող են արդյունավետորեն տնօրինել իշխանությունը: Այլապես, որքանով որ անկանխատեսելի է հեղափոխությունը, նույնքանով, եթե ոչ առավել, անկանխատեսելի է նոր ուժերի հաղթանակը: Եւ այստեղ մեր ազգային և քաղաքական գործիչները, կուսակցությունները պետք է վեր կանգնեն խմբակային շահերից: Իշխանությունը պետք է ստանձնեն բազմակողմանի ընտրություն անցած կարող անհատները, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Այլապես նոր իշխանությունը հնի վատորակ ժառանգությունը կդառնա: 29 հունվար 1993 թ.

No comments: