Saturday, March 13, 2010

ԼՂՀ նախագահ. Մոտ ապագայում չարժե սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման

News.am. 13-3-2010- ԼՂՀ կողջունի հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացը միայն այն դեպքում, եթե Թուրքիան իրեն պահի համամարդկային արժեքների համապատասխան, եւ երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները լուծվեն՝ համապատասխան իրենց անցյալի։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ Արցախի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը։ Սահակյանը համոզմամբ, Թուրքիան շարունակում է կեղծավոր քաղաքականություն վարել։ Նրա խոսքով, Անկարան համարժեք չպատասխանեց Հայաստանի կողմից դրսեւորած բարի կամքին։ Նախագահի կարծիքով, մոտ ապագայում պետք չէ սպասել հայ-թուրքական հարաբերություններ կարգավորմանը։ Իսկ որ հարաբերությունները չեն կարգավորվի, ապացույցը Թուրքիայի իշխանությունների արձագանքն էր Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ի վիճակի չէ ձերբազատվել սեփական կոմպլեքսավորվածությունից»,-նշեց Սահակյանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիայում կան նաեւ պրոգրեսիվ ուժեր, ովքեր վաղուց հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն իսկությունն այն է, որ Հայաստանի նախաձեռնությունն առանց որեւէ նախապայմանների էր։ «Թուրքիան առաջին իսկ օրերից հայտարարեց, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստավեն միայն այն դեպքում, եթե հայկական կողմը զիջումներ կատարի ղարաբաղյան հակամարտության խնդրում եւ այլն։ Այս պայմաններով մոտ ապագայում անհնար է սպասել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման»,- ամփոփելով նշեց ԼՂՀ նախագահը։

No comments: