Wednesday, March 17, 2010

Էրդողանը կողմ է, Դավութօղլուն` դեմ` Թուրքիայիում ապօրինի բնակվող հայերի արտաքսմանը

Panorama.am. 17-3-2010- Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հարցազրույց տալով «BBC» լրատվական ծառայությանը, նախազգուշացրել է, որ Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերը կարող են վտարվել այդ երկրից: Էրդողանը հիշյալ հայերի թիվը հասցրել է 100 հազարի: Ըստ «Zaman»-ի` Էրդողանը ընդգծել է նաև, որ Հայաստանին բարեկամ երկրները պետք է օգնեն հայ-թուրքական կարգավորման գործընթացին: «Եթե Հայաստանին սիրող երկրներ կան, գլխավորապես Ամերիկան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ուրեմն հարկ է, որ Հայաստանին ազատեն Սփյուռքի գրավը լինելուց»,- ասել է Էրդողանը: Վերջինս շոու է որակել այլ երկրների խորհրդարաններում Ցեղասպանության բանաձևերի ընդունումը, ինչը, ըստ նրա, վնաս է հասցնում նաև հայ ժողովրդին: «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ էլ` Էրդողանը Ցեղասպանության բանաձևի ընդունման առնչությամբ ասել է հետևյալը. «Հայաստանին առնչվող զարգացումներում առկա դժվարությունները մեզնից չեն, դրանք մեծ հաշվով Հայաստանի հետ են կապված: Հայաստանին անհրաժեշտ է մի շատ կարևոր որոշում կայացնել»: Թուրքիայի վարչապետի հավաստամամբ` Անկարան հետամուտ է «զրո խնդիր» հարևանների հետ արտաքին քաղաքական մարտավարությանը: «Մենք, իհարկե, վճռականորեն շարունակում և շարունակելու ենք «զրո խնդիր հարևանների հետ» մեր արտաքին քաղաքականությունը: Բայց եթե մեր մեկնած ձեռքը հանդիպի բռնունցքի, ապա ոչինչ էլ չենք կարող անել»: «Տեսեք, իմ երկրում 170 հազար հայ կա: Նրանցից 70 հազարը իմ քաղաքացիներն են: Բայց մնացյալ հարյուր հազարին մեր երկրում տեղ ենք տալիս: Ի՞նչ եմ անելու ես վաղը: Եթե հարկ լինի, այդ հարյուր հազարին կասեմ` «Դե, դուք էլ ձեր երկիր գնացեք»: Դա կանեմ: Ինչո՞ւ: Քանի որ նրանք իմ համերկրացիները չեն: Այսինքն ներկայիս մեր այդ անկեղծ մոտեցումների վրա նրանք իրենց այդօրինակ պահվածքով, ցավոք, բացասաբար են ազդում և դա չեն գիտակցում»: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի մեջլիսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ խորհրդակցությանը մասնակցած Դավութօղլուին ընդդիմադիր գործիչներն առաջարկել են արտաքսել Թուրքիայում անօրինականորեն բնակվող ու աշխատող շուրջ 70.000 հայերի: Արտգործնախարարն ընդդիմացել է այդ առաջարկին` ասելով. «Նման բան անելը հաղթաթուղթ կլինի այդ հարցում մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բոլոր երկրների լրագրողները կսկսեն նյութեր հրապարակել արտաքսված հայերի մասին, ու ռասիզմի տպավորություն կձևավորի: Թուրքիան առավել դժվարին կացության մեջ կընկնի»: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մեծ Բրիտանիա էր մեկնել նախօրեին` այդ երկրի վարչապետի հրավերով: Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պետնախարար Զաֆեր Չաղլայանը և Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը:

No comments: