Tuesday, March 16, 2010

Հայոց ցեղասպանության ճանաչումը` Օբամայի պատվի հա՞րց

Panorama.am. 16-3-2010- Այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի, թե չի արտասանի «Ցեղասպանություն» բառը, շատ բան կախված է Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովից, որին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նախագահները: Ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Միաժամանակ կարծիք հայտնեց, որ եթե Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները մինչ ապրիլի 24-ը, հավանականությունը մեծ է, որ Օբաման արտասանի այդ բառը: «Դա Օբամայի պատվի հարցն է: Նրա քաղաքականությունը բոլոր ուղղություններով գնում է տապալման»,- ասաց քաղաքագետը: Ս. Գրիգորյանը նշեց, որ եթե Թուրքիան շարունակի սպառնալիքների լեզվով խոսել ԱՄՆ կոնգրեսականների հետ, անցանկալի հետևանքներ կունենան: Նա մտավախություն ունի, որ եթե ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հնարավոր է ստեղծվի ռուս-թուրքական ալյանս, որը, ինչպես միշտ, բացասական կազդի Հայաստանի վրա: «Տարածաշրջանում խաղացողները պետք է շատ լինեն, որպեսզի կարողանանք մանևրել: Եթե մեկ ալյանս լինի, Ղարաբաղի հարցը մի քանի ժամվա ընթացքում կլուծվի ոչ մեր օգտին. Ադրբեջանը ավելի մեծ պետություն է, ավելի մեծ հետաքրքություններ կարող է առաջացնել»,- ասաց քաղաքագետ Ս. Գրիգորյանը:

No comments: