/PanARMENIAN.Net/ 16.03.2010 - Երեւանում լույս է տեսել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացումը. գործընթաց եւ հետեւանքներ» գիրքը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը, գրքի ստեղծման համար հիմք են հանդիսացել հեղինակի 4-5 հետազոտական աշխատանքները, որոնք նա իրականացրել է ժամանակակից Թուրքիայի տարբեր գավառներում: Բացի դրանից, թուրքագետի համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել նաեւ թուրքական արխիվները: «Վերջին տարիներին հրատարկվել են թուրքական արխիվների որոշ նյութեր: Բայց դրանց հետ աշխատելու ժամանակ մեր առաջ կանգնում է թուրքական աղբյուրների զտման եւ դրանք հայկական աղբյուրների հետ համեմատելու խնդիրը»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը:
Հեղինակի խոսքերով, չնայած նրան, որ գիրքն իրենից գիտական աշխատանք է ներկայացնում, այն գրված է ընթերցողին հասանելի լեզվով:
Անդրադառնալով Թուրքիայի ձուլված հայկական բնակչության խնդրին, փորձագետը նշեց, որ այն կարելի է պայմանականորեն բաժանել 2 խմբի` հայեր, որոնք թաքուն շարունակում են մնալ քրիստոնյաներ եւ հայեր, որոնք բռնի կերպով իսլամացվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: «Համաձայն Ազգերի լիգայի եւ ամերիկյան արխիվների տվյալների, Ցեղասպանության ժամանակ իսլամացվել է շուրջ 200 հազար հայ, որոնցից 90 հազարը կարողացել են վերադառնալ քրիստոնեական հավատին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանի աջակցությամբ»,- հաղորդել է Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ իսլամացված հայերը ստիպված են եղել ընդունել իսլամ, եւ կոչ արեց մասնագետներին եւ հասարակությանն ըմբռնումով վերաբերվել այդ հայերին: «Ինձ համար նրանք շարունակում են հայ մնալ, չնայած նրան, որ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ չեն: Թուրքիան, որպես ԵՄ մտնել ցանկացող երկիր, պետք է հանդուրժողաբար մոտենա իր երկրում բնակվող էթնիկակն եւ կրոնական փոքրամասնությանը, իսկ Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի այդ խնդրին եւ փորձի իսլամացած հայերին վերադարձնել քրիստոնեական կրոնին»,- հայտարարել է թուրքագետը:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment