Ներկայացնում ենք Ժառանգություն խմբակցության պատգամավորների հայտարարությունները ԱԺ մարտի 16-ի նիստում
Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը
Այս օրերին մենք բոլորս ականատես ենք դառնում գների սահուն աճի հերթական գործընթացին: Իշխանությունները մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում փորձում են բարձրացնել ապրանքների գները` ապրիլյան կանխատեսվող թանկացումների թռիչքաձեւ ընթացքը համաչափ դարձնելու ցանկությամբ: Դրան զուգահեռ` իշխող կոալիցիայի կուսակցություններն ամեն հարմար եւ անհարմար առիթը բաց չեն թողնում օգտագործելու եւ հավաստելու, թե իբրեւ իրենք ՙշատ են մտահոգ ժողովրդի սոցիալական վիճակի ապահովման խնդրով՚: Իհարկե այդպես կարելի էր մտածել, եթե խոսքը վերաբերեր ոչ այս իշխանություններին:
Բայց խոսքը վերաբերում է այն իշխանությանը, որը տնտեսական դաշտում կատարեց այնպիսի քայլեր, որի արդյունքում վերացվեց պարզեցված հարկը, մանր ու միջին բիզնեսին պարտադրեցին կիրառել ՀԴՄ-ներ, սահմափակեցին անհատ տաքսի վարողների գործունեությունը եւ նմանատիպ բազում քայլեր: Եվ այս ամենը այն դեպքում, երբ օլիգարխիկ կառույցները հնարավորինս դուրս են մնում եւ հարկային դաշտից, եւ արտաքին պարտքը մեծացնելու հաշվին ֆինանսական աջակցություն են ստանում այն դեպքում, երբ այդ պարտքը մենք` հասարակ քաղաքացիներս ենք մարելու եւ սուբսիդիաներ են ստանում ի հաշիվ գազի առավել էժան գնի: Դա բավարար չէ, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում միայն պաշտոնապես ներմուծումը արտահանումից գրեթե 4 անգամ ավելի է, իսկ իրականում քանի անգամ է մեծ, կարելի է միայն կռահել: Իրական արդյունաբերությունը, բացառությամբ նաեւ մեր ապագա սերունդներին պատկանող հանքերի հարստահարմամբ իրականացվող հանքաարդյունաբերությանը` գրեթե զրոյացվել է:
Էլ չեմ խոսում գյուղատնտեսության մասին: Գյուղացին ինչպես անօգնական եղել է, այնպես էլ մնում է: Ֆինանսական միջոցները մնում են անհասանելի, ոռոգման յուրաքանչյուր սեզոնի հետ ջրի խնդիրը դառնում է հրատապ, գյուղտեխնիկան` շքեղություն, իսկ արտադրված գյուղմթերքն այնպես են անում, որ կոպեկներով վաճառի մի քանի հոգու, հակառակ դեպքում` կփչանա: Վկան` գյուղացիների անթիվ ահազանգերը կարտոֆիլի բերքի վերաբերյալ: Որպես իրականացվող քաղաքականության արդյունք` ունենում ենք մի կողմից արտագաղթ գյուղերից, մյուս կողմից` էժան հողերի գնում խոշոր տնտեսվարողների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Թվում է` այս ամենը կապ ունի բացառապես տնտեսական վարվող քաղաքականության հետ: Բայց ես համոզված եմ` դուք բոլորդ հասկանում եք, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը ածանցվում է կառավարման քաղաքականությունից: Եվ որ իշխանությունները, օգտագործելով թե° օրենսդիր եւ թե° գործադիր լծակները, ստեղծում են այնպիսի անհավասար եւ անարդար պայմաններ, որ խոշորներն էլ ավելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը գրեթե վերանում է: Եվ պատահական չէ, որ նման իշխանությունը պահելու համար եւ ընտրություններ են կեղծվում, եւ մարտի 1 է իրականացվում: Արդյունքում` եկամուտների կենտրոնացում մի քանի տասնյակ կլանների ձեռքում, համատարած աղքատացում եւ արտագաղթ:
Մենք բոլորս մարդավայել կենսամակարդակ չենք ունենալու եւ պաշտպանված չենք լինելու, քանի դեռ ինքներս չենք ձեւավորում իշխանությունը եւ նրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանում:
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Օրերս հրապարակվեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը 2008թ. ապրիլից մինչեւ 2009թ. հուլիս տեղի ունեցած դատավարությունների դիտազննման մասին: Հայաստանի դատական համակարգին միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների տված կոշտ գնահատականներն ամենեւին էլ նորություն չեն: Սակայն 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ գնահատականները նոր սրությամբ վերաամրագրվեցին ԵԽԽՎ բանաձեւերում` որպես համակարգը հիմնովին բարեփոխելու պարտավորություն: Մինչդեռ հաջորդած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին այդ ուղղությամբ: Պատճառները միանգամայն հասկանալի են: Բարձրագույն իշխանության համար դատական համակարգը շարունակվում է մնալ հարստանալու աղբյուրներից մեկը` ի հաշիվ վերեւից ներքեւներին պարտադրվող ՙմուծվելու պարտականության՚, ինչն առկա է պետական համակարգի այն բոլոր օղակներում, որոնք շփվում կամ ՙսպասարկում՚ են քաղաքացիներին: Այն միջոց է` պարտակելու աղմկահարույց այն հանցագործությունները, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյանների ու նրանց հարազատների հետ: Եվ վերջապես` դատական իշխանությունը վեր է ածվել քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու գործիքի: Այս վերջինի ապացույցը հարյուրից ավելի քաղբանտարկյալներն ու քաղաքական դատավարություններն էին, որ ունենք մինչ օր:
Հիշյալ զեկույցը, որն անհասկանալի պատճառներով ուշացումով հրապարկվեց, կարելի է Հայաստանի դատական համակարգի արատների հանրագիտարան համարել, որն ընթերցելիս վերհիշում ես իմացած բյուրավոր դեպքերը, այն հազարավոր մարդկանց, ովքեր ՙԺառանգություն՚ խմբակցությանն են դիմում դատական իշխանությանը վերաբերող բողոքներով, եւ պատկերացնում այն հեռանկարը, որ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք այսպիսի դատական իշխանության պայմաններում: Գոնե ՙԺառանգություն՚ կուսակցության պարագայում չի մոռացվել, թե ինչպես չպատժվեցին օրը ցերեկով կուսակցության գրասենյակը կողպողներն ու նրանց պատվիրատուները, չբացահայտվեց հայկական Ուոթերգեյթը, երբ նույն կողպված գրասենյակի համակարգիչներից կողոպտվեց կուսակցության տեղեկատվությունը` սկսած ներքին օգտագործման փաստաթղթերից, վերջացրած անդամների տվյալներով ու հասցեներով, որի հիման վրա սկսվեցին անպատիժ մնացած հետապնդումները ՙԺառանգության՚ ակտիվիստների նկատմամբ:
Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, ովքեր տարիներ շարունակ ՙավետել՚ են Հայաստանի դատական իշխանության ՙանկախության՚ մասին, լայն հասարակությունը, ՙԺառանգություն՚ կուսակցությունը բարձրաձայնել են այդ համակարգի խեղվածության մասին, որի հետեւանքները ճակատագրական նշանակություն են ունեցել թե քաղաքացիների եւ թե մեր երկրի ու ժողովրդավարության համար: Դժվար չէ հասկանալ, որ մարդիկ Հայաստանը լքում են ոչ միայն սեփական երկրում աշխատանք ու բարեկեցություն չգտնելու, իրենց ու երեխաների համար ապագա չտեսնելու, այլ նաեւ անարդարությունից, հալածվելու պատճառով: Ըստ որում, Հայաստանից նաեւ հեռանում կամ հարկադրված փախուստի են դիմում մարդիկ, ովքեր կարող են նպաստել էական փոփոխությունների: Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ում նորօրյա հանրապետականները դժվար թե ճանաչեն, վտարանդի գրող Վահե Ավետյանն այսօր իր դեմ հյուսված քրեական գործի պատճառով տարագրության մեջ է եւ չի կարողանում վերադառնալ հայրենիք: Նման գործերը վերանայելու պահն է: Պահն է ապացուցելու, որ ՙԱրի տուն՚ կոչը վերաբերում է նաեւ այս մարդկանց:
Եւ վերջապես` ՙԺառանգությունը՚ գտնում է, որ ԱԺ-ում մոնիթորինգի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հրամայական է, որպեսզի մենք դիտազննենք ամրագրված պարտավորությունների կատարումը եւ ոչ թե միջազգային կառույցները, ինքնե¢րս կամովին կատարենք մեր պարտավորությունները, վերացնենք այս հեղինակավոր զեկույցներում ամրագրված արատներն ու թերությունները եւ ոչ թե մեզ ստիպեն դա անել: Սա է ժողովրդավարցման, ներքին արդարության ու համախմբվածության վերականգնման ամենակարճ ճանապարհը:
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
Շուրջ մեկ ամսից լրանում է Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 95-ամյա տարելիցը: Հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը աշխարհի շուրջ 200 երկրից պաշտոնապես ճանաչել և դատապարտել են ընդամենը երկու տասնյակը, իհարկե այս դատապարտումները առաջին հերթին տվյալ պետությունների խնդիրն է, բայց մեզ պետք է լրջորեն մտահոգի օրվա իշխանության վարքագիծը իր ոչ հետևողական և միանշանակ մակերեսային դրսևորումներով, ինչը վկայում է ազգային-պետական գերակա շահերով առաջնորդվելու նրանց անընդունակության մասին:
Ավելին, երբ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտահայաստանը օկուպացրած Թուրքիայում բարձրաձայնեց Ցեղասպանության և Հայրենազրկման մասին, իշխանությունը դա չհանդուրժեց… Նորանկախ Հայաստանի իշխանությունները այդպես էլ չյուրացրեցին բովանդակ հայության միասնության և ընդհանուր հզոր հայրենիք ունենալու կենսունակ գաղափարը:
Փոխարենը ոտնահարելով մեր ազգային արժանապատվությունը ու շահերը, խղճուկ ու անդեմ խմբակաշահ քաղաքականություն վարելով վերածվել են Եվրոպաներից և Ամերիկաներից մշտապես փող և հովանավորություն աղերսող մուրացիկների:
Հարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող հայ ժողովուրդը համահայկական զարթոնքի և ազատամարտի շնորհիվ նվաճեց իր անկախությունն ու ազատագրեց իր պատմական հայրենիքի մի մասը: Եվ հաղթամարտը վտանգող յուրաքանչյուր սկզբունք` կկոչվի մադրիդյան, կրակովյան թե լրամշակված, պարտավոր ենք ազգովի մերժել:
Ըստ էության նպաստելով Արցախի Հանրապետության ղեկավարությանը բանակցային գործընթացից չեզոքացնելուն` Հայաստանի Հանրապետության իշխանությունները մասնակցում են Արցախի սահմանադրա պատկան տարածքները ադրբեջանական փոքր կայսրությանը հանձնելու ինչ-որ տարբերակների քննարկմանը: Այնինչ Հայաստանի իշխանությունները պարտավոր են օր առաջ.
- ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը,
- հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչման գործընթացը` իրավական, քաղաքական և պատմական ավելի քան բավարար հիմքերով ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ,
- հնարավորինս արագ մշակել և իրականացնել Արցախի Հանրապետության համեմատաբար նոսր բնակեցված շրջաններում վերաբնակեցման պետական լայնածավալ ծրագիր:
Հարգելի գործընկերներ, Ամանորի կապակցությամբ Ձեզ ուղարկված` Արևմտահայաստանի հողը Ձեզ թող կամք ու հնարավորություն տա` իր ուժով ու կանչով հաղթահարելու արտաքին մարտահրավերները:
Սիրելի հայ ժողովուրդ, ի հեճուկս ազգադավ արձանագրություններին և մադրիդյան սկզբունքներին տուրք տված օրվա իշխանության` ազգովի դիմադարձ կանգնենք հակահայկական արձանագրություններին և սկզբունքներին` հանուն ուժեղ եւ ինքնիշխան միասնական Հայրենիքի, հանուն հայության տեսլականի կյանքի կոչման:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment