News.am. 16-3-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր երկիրը Ադրբեջանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում խիստ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ։
Մարտի 15-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը չի անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում` տեղի տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, չնայած նման խիստ գնահատականներին, Հիլարի Քլինթոնն ընդգծել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե'ւ Ադրբեջանում, ե'ւ Հայաստանում»:
Հիշատակելով երկու ադրբեջանցի բլոգերներին, ովքեր ձերբակալվել են «սեփական տեսակետները արտահայտելու համար»` պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»,-ընդգծել է Հիլարի Քլինթոնը։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում խիստ քննադատություն է հնչել նաեւ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ:
Tuesday, March 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment