
Tert.am. 24-3-2010- ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով արաբական Al Watan թերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, ասաց. «Բացի բովանդակությունից, շատ մտահոգիչ է այն, թե որ ժամանակահատվածում է արվում այդ հայտարարությունը:
Այն պարագայում, երբ Թուրքիան սպառնում է և պահանջում ԼՂ հարցի կարգավորում, մենք տեղի ենք տալիս: Վերջին 10 տարիներին ոչ մի գործիչ նման հայտարարություն չէր արել»:
Ըստ Կարապետյանի` նույն սպառնալից հայտարարություններն է անում նաև Ադրբեջանը` մշտապես սուր ճոճելով և սպառնալով ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծել: «Ստացվում է, որ մենք չենք դիմանում ճնշումներին և դրանց ազդեցության տակ զիջումների ենք գնում»,- ասաց Կարապետյանը:
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով` նման հայտարարություն անելով` Սերժ Սարգսյանը, ըստ էության, պաշտոնապես հրաժարվում է իր նախընտրական ծրագրից: «Երեք սկզբունքներից մեկը Հայաստանի և Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանն է, միջանցք հասկացություն այնտեղ չկա: Այսօր նա խոսում է միջանցքի մասին, ինչը շատ մտահոգիչ է, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու Ղարաբաղն ընդհանուր սահմաններ չպետք է ունենան»,- ասաց նա` ընդգծելով, որ դա անսկզբունքային կեցվածք է:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսայանն Al Watan-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Հակառակ Ադրբեջանի պնդումներին` Ղարաբաղի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեր կողմից ոչ բնակեցվում, և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդն ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:
No comments:
Post a Comment