Wednesday, March 17, 2010

Ադրբեջանա-թրքական օյինբազություններ Իգդիրում

News.am. 17-3-2010- Թուրքիայի արեւելյան Իգդիրի նահանգը դարձել է ադրբեջանա-թրքական զավեշտների կենտրոնը: 1.5 միլիոն հայերի արյունը հեղած եւ նրանց պապենական հողերում հաստատվածներին դեռ հանգիստ չի տալիս այն,որ հայերը կարողացան ստեղծել իրենց փոքր, բայց անկախ պետությունը: Ինչպես ամբողջ Օսմանյան կայսրության պատմության ընթացքում, թուրքերը միշտ նախանձել են հայերի աշխատասիրությանը, հմտությանը եւ խելքին, եւ այժմ էլ այդ միտքը ներսից կեղեքում է թուրքերին: Պարզ է, որ Արարատի լանջերից շատ լավ երեւում է գիշերային լույսերի մեջ շողացող Երեւանը, որը շատ է նսեմացնում Իգդիրը, որը միջնադարյան քաղաք է հիշեցնում՝ ծուռումուռ փողոցներով ու անհասկանալի ճարտարապետությամբ: Բայց լկտիությունն էլ չափ ու սահման ունի, ինչը կարծես չի վերաբերում տվյալ պահին Իգդիրի նահանգի Թաշբուրուն գյուղի բնակիչներին: Ոչ ավել, ոչ պակաս՝ վերջիններս որոշել են, որ իրենք Երեւանում հողեր ունեն եւ պահանջում են դրանք, նույնիսկ իրենց իրավունքների համար դիմելու են Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան: Թուրքական Hurriyet-ը գրում է. "1930-ին Երեւանում ծնված Իբրահիմ Էղիջեն նշում է, թե իր ծնողները իրեն պատմել են, որ ինքը 2-3 տարեկան է եղել, երբ իրենք Իգդիր են եկել: «ռուսական բանակի հետ քաշվելուց հետո հայերը մեր վրա հարձակվեցին: Որոշ բարեկամ հայեր մեզ դաշնակցական խմբերից փրկեցին: Մեր տները, հողերը Երեւանում մնացին, դրանք ենք հիմա ուզում: Երեւանը թուրքական հող է»,-նշում է Իբրահիմը: Այստեղ պատմությունից եւ իրականության զգացումից զուրկ հալեւորի ասածին մեկնաբանություն անելու փոխարեն կարելի է մտածել, որ այդ ամենը գրած թուրքական հայտնի պարբերականի թղթակիցը զուրկ է պատմության վերաբերյալ ամենապրիմիտիվ տեղեկություններից: Hurriyet-ի թղթակիցը, եթե բացեր սովորական պատմության դասագիրքը, կտեսներ, որ 1930-ականներին Հայաստանը արդեն 10 տարի Խորհրդային Միության կազմում էր, եւ ռուսական զորքերի ետ քաշվելու նման բան չէր կարող լինել, իսկ Խորհրդային Միության ընթացքում միակ կուսակցությունը եղել է կոմունիստական կուսակցությունը: Իսկ այդ զառամյալի խեղկատակ պատմությունները նույնությամբ գրել եւ հաշվի չառնել պատմական իրական փաստերը, ստվերում են հայտնի պարբերականի հեղինակությունը: Hurriyet-ից ետ չի մնում թուրքական հայտնի Anadolu գործակալությունը, ով նույնպես ներկայացրել է այս խեղկատակությունը եւ ամենայն լրջությամբ հարցազրույց վերցրել «Ադրբեջան-Թուրքիա կազմակերպությունների ֆեդերացիայի» պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշից, ով նշել է, թե իրենք, որպես կազմակերպություն, աշխատանքներ են իրականացնում Երեւանում «ծնված» իգդիրցիների իրավունքները պաշտպանելու համար: Իգդիրում է գործում ադրբեջանա-թուրքական եւս մեկ զավեշտալի համատեղ նախագիծ` «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER): Հիշյալ միությունը պարբերաբար Հայաստանիդեմ ինչ-որ դատական հայցեր ներկայացնելու, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ բաների դեմ է հանդես գալիս: Այս կազմակերպության վրա հենց Իգդիրում են ծիծաղում: Օրինակ, ASIMDER-ը գնացել էր Կարս՝ ցույց կազմակերպելու ընդդեմ Հայաստանի հետ սահմանի բացման, որին մասնակցել էր ընդամենը 5 հոգի: Սակայն թուրքական մամուլը եւս այս կառույցի կողմից անցկացվող, թեկուզ մի քանի հոգու մասնակցությամբ, շոուները ջանասիրաբար լուսաբանում է: Իգդիրը ունի կարեւոր աշխարհագրական դիրք, սահմանակից է Հայաստանին, Նախիջեւանին եւ Իրանին: Իգդիրի բնակչության կեսը կազմում են Նախիջեւանից տարիների ընթացքում գաղթած ադրբեջանցիները, քիչ թվով թուրքեր, իսկ մյուս կեսը` քրդեր են: Իգդիրում ադրբեջանցիների եւ քրդերի միջեւ առկա են լուրջ հակասություններ: 2009-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Իգդիրում առաջին անգամ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ քաղաքապետ ընտրվեց ազգությամբ քուրդը: Պետության արձագանքը անմիջապես եղավ: Թուրքիայի պետնախարար Ջեմիլ Չիչեքը անհանգստությամբ հայտարարեց, որ քրդերը հաստատվեցին Հայաստանի սահմանին: Համապատասխան արձագանքը շատ չուշացավ: Արդեն 2010-ի սկզբին թուրքական ժանդարմերիան Իգդիրի քուրդ քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մեհմեդ Նուրի Գյունեշին ու եւս 8 հոգու ձերբակալեց: Քաղաքապետի ձերբակալությունից հետո Իգդիրում ավելի լարվեցին ադրբեջանցիների եւ քրդերի հարաբերությունները: Իսկ Իգդիրի ադրբեջանցիները հնարավորություն ստացան ավելի ազատ շունչ քաշելու եւ Հայաստանի դեմ նորանոր տարօրինակ պահանջներ առաջ քաշելու: Արթուր Հակոբյան

No comments: