Wednesday, March 17, 2010

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԲԱՔՈՒՆ ՖԱՍԻԵԻՑ

«Լրագիր» 17-3-2010 - Երեւանում մասնակցելով ՆԱՏՕ Ռոուզ Ռութ սեմինարին, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել էր, թե եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կպարտվի, որովհետեւ ինքը տեղյակ է հայ զինվորների քաջությանը: Նա ասել էր նաեւ, թե պատերազմը էական հարված կհասցնի Ադրբեջանի ֆինանսական հետաքրքրություններին, նավթի առեւտրին: Համանախագահը նշել էր, որ միջազգային ներդրողները չեն ցանկանա , որ իրենց փողերը ենթարկվեն վտանգի, եւ կդադարեցնեն ներդրումներն Ադրբեջանում: Ֆասիեի հայտարարությունները բնականաբար դժգոհություն են առաջացրել Բաքվում: Ֆասիեն, փաստորեն, այդ հայտարարություններով սառեցրել է Բաքվի ռազմատենչությունը, հասկացնելով, որ Ադրբեջանը չի կարող պատերազմի դեպքում հույս ունենալ միջազգային աջակցության վրա: Մյուս կողմից, Ֆասիեի այդ հայտարարությունները ջուրն են լցնում Ադրբեջանի պնդումները սեփական բանակի պատրաստվածության եւ հագեցվածության մասին: Իր հերթին, խոսելով հայ զինվորների քաջության մասին, Ֆասիեն միայն վերոհիշյալ նկատառումները չի ունեցել: Երբ սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը, Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի ու Ռուսաստանի անվերապահ աջակցությունն ու օգնությունը թե զենքի, թե մարդուժի տեսակետից: Չհաշված աֆղան մոջահեդներին ու Շամիլ Բասաեւի ջոկատներին, որոնք ծանր պարտություն կրեցին ու ճողոպրեցին մարտի դաշտից: Ադրբեջանի բոլոր հաջողություններն այդ պատերազմում կերտել են Ռուսաստանի ստորաբաժանումները, հայաթափելով Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը, Ղարաբաղի այլ տարածքներ: Ադրբեջանի բանակը պատերազմի արդեն երկրորդ փուլում ամեն տեղ ծանր պարտություն է կրել: Դա այն փուլն էր, երբ բոլորն արդեն ձեռք էին քաշել Ադրբեջանից, քանի որ վերջինս չէր արդարացնում հույսերը: Այն լրագրողները, որոնց Բաքուն առատորեն վճարում էր մարտի դաշտում իր բանակի քաջությունների մասին ռեպորտաժներ պատրաստելու, թեւաթափ հեռանում էին, չտեսնելով նման օրինակներ, փոխարենը հիանալով հայկական փոքրաթիվ ջոկատների հերոսությամբ: Նրանց մեջ էր, օրինակ, հանրահայտ Ալեքսանդր Նեւզորովը: Այնպես որ, Ադրբեջանում պետք է շնորհակալ լինեն Ֆասիեից, ով հիշեցրել է ոչ վաղ անցյալը:

No comments: