Thursday, March 25, 2010

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Լրագիր» 24-3-2010- Երբեմն Հայաստանի քաղաքական գործիչներից կամ ուժերից շատերն այնքան շատ են ցանկանում հայրենասեր, անձնվեր եւ խելացի երեւալ, որ արտահայտում են մոտեցումներ, որոնք իրականում կամ նրանց անդառնալի միամտությունն է ի ցույց դնում, կամ էլ պարզապես քաղաքական անհամարժեքությունը: Օրինակ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը մարտի 24-ին անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածին, ուր նա խոսում է ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին, հայտարարել է հետեւյալը. «Անգամ 1 մմ զիջման խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի ճանապարհով, քանի որ այս հարցի տերը համայն հայ ժողովուրդն է»։ Կարծում եմ, Արտյուշա Շահբազյանը պետք է որ լավ գիտենա, թե ինչ է նշանակում Հայաստանում հանրաքվե կամ ընտրություն: Համենայն դեպս, Դաշնակցությունն ունի Հայաստանում թե հանրաքվեի, թե ընտրության մասնակցելու փորձ: Օրինակ, ՀՅԴ-ն 2005 թվականին իշխանության հետ միասին նույն կոալիցիայի կազմում “այո” էր ասում Սահմանադրության փոփոխությանը: Չնայած հասարակությունը գրեթե ոչ մի բան չէր ասում, ու չնայած որ ընտրատարածքները դատարկ էին, այդուհանդերձ պարզվեց, որ քաղաքացիներն էլ “այո” էին ասել Սահմանադրության փոփոխությանը, ու թեեւ ընտրատարածքները դատարկ էին, սակայն մեր կյանքը լցվեց գրեթե նոր Սահմանադրությամբ: Թե ինչպես են ընտրություններն անցնում, դա թերեւս Դաշնակցությունն ամենից ավելի լավ գիտե: Դրանք անցնում են խախտումներով, հետո Դաշնակցությունը հայտարարում է, որ տեղի են ունեցել խախտումներ, հետո հայտարարում է, որ իր համար ներքին կայունությունն ամենից թանկն է, ու գնում եւ հանուն այդ ներքին կայունության կոալիցիա է կազմում ընտրությունը կեղծող ուժերի հետ: Հիմա պատկերացնենք, որ հանրաքվեի է դրվում ազատագրված տարածքների հարցը: Մի պահ մոռանանք, որ դրանք Ղարաբաղի Հանրապետության տարածքներն են, որոնք ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ: Պարզապես դիտարկենք, որ հարցը դրվում է հանրաքվեի: Բնականաբար, քաղաքական ուժերը պետք է համոզեն հասարակությանը. մեկը կասի, որ տարածք տալ է պետք, որ կարգավիճակ ստանանք ու խաղաղ ապրենք ու զարգանանք, մյուսը կասի, որ տարածք տալ պետք չէ, որովհետեւ դա մեր պապական հողն է, դա մեր զինվորների արյամբ նվաճված հաղթանակն է, մեր անվտանգությունն է, որը ոչնչով չի կարող փոխարինվել: Չքննարկենք այժմ, թե որ տարբերակն է ավելի նախընտրելի: Քննարկենք, թե որ տարբերակն է նախընտրում իշխանությունը: Դատելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից, իշխանությունը նախընտրում է առաջին տարբերակը: Իսկ դա նշանակում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքով Հայաստանի ժողովուրդը “այո” է “ասելու” տարածքների վերադարձին, ինչպես որ մինչեւ հիմա կայացած քվեարկությունների պաշտոնական արդյունքով “այո” է “ասել” օրվա իշխանությունների սցենարներին, սկսած 1995 թվականից մինչեւ 2010 թվականի թիվ 10 ընտրատարածք: Իսկ եթե կա որեւէ քաղաքական ուժ, որը կարող է դիմադրել այդօրինակ սցենարին, կարող է կանխել որեւէ արդյունքի խեղաթյուրում, ապա բնականաբար հարց է առաջանում, թե ինչու մինչեւ հիմա չի եղել այդպիսի բան, թե ուր էր այդ ուժը մինչեւ հիմա: Եթե որեւէ մեկին թվում է, թե մինչեւ հիմա կեղծված բոլոր ընտրություններն ու հանրաքվեները հասարակության եւ պետության անվտանգության տեսանկյունից պակաս կարեւոր են եղել, քան լինելու է ազատագրված տարածքների հարցի հանրաքվեն, ապա տվյալ քաղաքական ուժն այդ առումով էլ գտնվում է խորը մոլորության մեջ: Հայաստանը ազատագրված տարածքները նոր չէ, որ սկսել է հանձնել: Ազատագրված տարածքների հանձնումը սկսել է առնվազն 1995 թվականից, երբ Հայաստանում սկսեցին տոտալ կերպով կեղծվել ընտրություններն, ու իշխանությունը սկսեց ձեւավորվել մի քանի անձանց քմահաճույքով կամ պատկերացումով: Դրանից հետո ամեն մի հերթական կամ արտահերթ ընտրություն հանդիսացել է եւս մի շրջանի հանձնման “ակտ”: Այնպես որ, եթե որեւէ մեկը ցանկանում է տարածք հանձնել, ապա հանրաքվեն նրա համար չի կարող լինել խոչընդոտ, իսկ եթե որեւէ մեկը պատրաստ է պահել տարածքները եւ թույլ չտալ դրանց հանձնումը, ապա դրա համար ամենեւին էլ հանրաքվեի կարիք չկա: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: