News.am. 17-3-2010- «Ջավախահայերի իրավունքների պաշտպանությունը համակարգող խորհուրդը վերջերս է ստեղծվել, եւ նպատակ է հետապնդում պաշտպանել վիրահայերի՝ Վրաստանի իշխանությունների կողմից ոտնահարված իրավունքները»,- մարտի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Նշելով, որ նորաստեղծ խորհուրդն իր մեջ ընդգրկում է հինգ կազմակերպություններ՝ այդ թվում իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական միությունը, «Երկիր» միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, նա հավելեց, որ խորհրդի անդամներ են նաեւ 90-ականներին Վրաստանում ձեւավորված, սակայն մինչ օրս չգրանցված «Վիրք» կուսակցությունը եւ «Ջավախք» ժողովրդական շարժումը։ «Բոլոր այս ուժերի կողմից ստեղծված խորհրդի նպատակը ջավախահայության իրավունքների համար առավել համակարգված եւ արդյունավետ պայքար մղելն է»,- նկատեց Շ. Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ խորհրդին աջակցում են նաեւ «Ժողովրդական» եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունների առաջնորդներ Տիգրան Կարապետյանը եւ Վարդան Վարդապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ամփոփելով՝ ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ նորաստեղծ խորհուրդը գործունեության այլ, մինչ այժմ եղածներից տարբեր, ռազմավարություն է որդեգրել։ «Քանի որ վրացական իշխանությունների հետ երկխոսության գնալու մեր բոլոր փորձերը մինչ այժմ անարդյունք են եղել, մենք համարում ենք, որ նրանց հետ գործակցելն այսուհետ ուղղակի անիմաստ է։ Այդ պատճառով մեր հետագա պայքարը կուղղենք դեպի միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը, ԵԽ-ն եւ այլն»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ դրա համար իրենք նախապատրաստական բավականին լուրջ աշխատանքներ են տարել. «Մենք աշխատելու ենք նաեւ Սփյուռքի հետ, որպեսզի Հայոց ցեղասպանության եւ հայությանը հուզող այլ հարցերի լոբբինգին զուգահեռ՝ նրանք լոբբինգ անեն նաեւ Ջավախքի ու ջավախահայության իրավունքների պաշտպանության հարցը»։
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment