Thursday, March 25, 2010

Ճ՞ԻՇՏ Է, ՈՐ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է ԾԱՎԱԼԵԼ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

«ԱԶԳ», 25-03-2010- Ամեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրված լինում համացանցում, բայց դրանցից մի քանիսն են միայն մեզ մեծապես ցնցում: Անցյալ շաբաթ ես նման մի ցնցող նյութի հանդիպեցի, որը տեղադրված էր թուրքական լրատվության ամենամեծՙ «Թրքիշ ֆորումի» ցանցում: Հոդվածը վերնագրված էր «Մոռացված դեսպանը Սիեռա Լեոնեում հայկական ցեղասպանությունն է շահարկումՙ լուծելու իր խնդիրները»: Ստորեւ համառոտ թարգմանությունը այդ անհավատալի հոդվածի: «Վերջին տարիներին մի քանի երկրների խորհրդարաններն ընդունեցին որոշումներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առնչությամբ: Թուրքիան, հակադարձ քայլով հետ կանչեց իր դեսպաններին այդ երկրներից: Պարզվում է, որ որոշ պատեհապաշտ դեսպաններ չարաշահել են այս կացությունը եւ իրենց դիրքը: Համաձայն այս առավոտ տարածված արտգործնախարարության մի հայտարարությանՙ Սիեռա Լեոնեում արդեն 12 տարի Թուրքիայի դեսպան նշանակված Օրհան Էմին Թյուրքոնեն ազատվել է աշխատանքից այդ երկրի խորհրդարանում հայկական ցեղասպանության բանաձեւի անցկացմանն ի նպաստ քարոզչություն կատարած լինելու համար: Այս առավոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխարտգործնախարար Էրսին Օզբուքեյը բացատրեց. «Վերջերս մեր ուշադրությունը գրավեց մի փաստ, որ իբր հայկական ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկված է Չադի, Էրիտրեայի եւ Ջիբուտիի խորհրդարաններում: Բայց երբ տեսանք, որ նման մի բանաձեւ միաձայն ընդունվել է Սիեռա Լեոնեի խորհրդարանում, սկսեցինք կասկածել, որ ինչ-որ բան սարսափելիորեն այնպես չէ: Հետաքննական մի հանձնաժողով կազմեցինք, որն էլ բացահայտեց չափազանց հետաքրքրական, բայց միաժամանակ անհանգստացնող տեղեկություններ: Մենք հաստատեցինք, որ դեսպան Թյուրքոնեն քարոզչություն էր ծավալել ի նպաստ հայկական ցեղասպանության բանաձեւի»: Սա, իհարկե, ներելի չէ, բայց նախարարությունը եւս ունի իր մեղքի բաժինը այս գործում: Այդ մարդը լքված ու մոռացված էր այդ հեռավոր երկրում: Նման գաղափար նա մտահղացել էր այն բանից հետո, երբ այլ երկրներից դեսպաններ հետ կանչվեցին ցեղասպանության բանաձեւերի ընդունումից հետո: «Տասներկու տարին իրոք շատ երկար ժամանակաշրջան է», ընդունեց Օզբուքեյը, հետո նա ներկայացրեց դեսպան Թյուրքոնեյի «անհավանական գործողությունները» Սիեռա Լեոնեում: Օզբուքեյի ասելով, ամեն անգամ մի գարեջրատուն (բար) մտնելիս, դեսպանը ֆեյսբուքում «մենք հայերին կոտորեցինք նողկալի ձեւով» մակագրությունն է թողել, բարմեններին ասել է «Միայն իմ պապը սպանել է 100-150 հայերի, որոնց ոսկորներն այժմ գտնվում են մեր տան նկուղում»: Դեսպանը նման ստեր է հորինել եւ հիմնականում ասել այն, ինչ այդ րոպեին մտածել է: Սիեռա Լեոնեն փոքր տարածք է, լուրերը շուտ են տարածվում: Ոչ ոք Հայաստանի կամ Թուրքիայի մասին չէր լսել այնտեղ: Բայց մեկ ամիս անց արդեն բոլորն էին հետաքրքրվում այդ հարցով: Մարդիկ փողոցներում պարում էինՙ լսելով, որ ցեղասպանության բանաձեւը ընդունվել է: Դա չպետք է տեղի ունենար, բայց դժբախտաբար տեղի ունեցավ: Օզբուքեյը բացատրեց, որ նման բացահայտումից հետո Թուրքիան սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել տարբեր երկրների խորհրդարանների օրակարգերին հետագայում նման բան կանխելու նպատակով: «Այժմ մենք մտածում ենք այդ երկրի հետ մեր տնտեսական հարաբերությունները ջնջելու մասին, մինչեւ խորհրդարանի օրակարգից հանվի այդ որոշումը», նշեց Օզբուքեյը»: Չնայած այս հոդվածը չափազանց լավն է իրական լինելու համար, դրանում ընդգրկված մանրամասնությունների քանակն ու որոշակի անձանց անունները հիմք են ծառայել, որ թուրքական տասնյակ կայքեր տեղադրեն այն, առանց մտածելու, որ այդ ամենը խաբկանք է: Տեղեկանալուց հետո, որ Թուրքիան Սիեռա Լեոնեում դեսպանություն ընդհանրապես չունի, «Թրքիշ ֆորումը» հանեց իր կայքից այդ լրատվությունը: Ճիշտ չէր նաեւ այն լուրը, որ վերջին ամիսներին հայկական ցեղասպանության ճանաչման բանաձեւեր քննարկվում էին Չադի, Էրիտրեայի եւ Ջիբուտիի խորհրդարաններում: Հայտնի չէ, թե ում մտավարժանքի արդյունքն էր այդ բոլորը: Հաշվի առնելով վերջին շաբաթների բազմաթիվ քննադատություններըՙ ուղղված վարչապետ Էրդողանի դեմ, բացառված չէ, որ դրա հեղինակը լինի ինչ-որ զայրացած մի թուրք, որն իր հումորի զգացումով որոշել է ձեռք առնել իր դոնկիխոտյան առաջնորդին: Հոդվածին կցված էր իրական թվացող մի լուսանկար երեք աֆրիկացի պաշտոնյաների, որոնք մի ոչ աֆրիկացի անձնավորության հետ ինչ-որ փաստաթուղթ էին ստորագրում: Լուսանկարն այն կեղծ տպավորությունն էր ստեղծում, թե այդ անձնավորությունը Սիեռա Լեոնեում թուրք դեսպանն է: Զարմանալի չէ, որ թուրքական որոշ կայքեր կուլ տվեցին այս խորամանկ հնարքը, քանի որ թուրքական կառավարությունը կարծես սովորական է դարձրել դեսպանների հետ կանչելը բոլոր այն երկրներից, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր: Վաշինգտոնում նորանշանակ դեսպան Նամիք Թանը հետ կանչվեց մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո: Տեղեկություն է տարածված, որ նա Անկարայում պետք է մնա մինչեւ ապրիլի 24-ը: Սա հրաշալի լուր է, քանի որ ամերիկահայ ակտիվիստները կարող են անարգել քարոզչությունը ծավալել Կոնգրեսում ապրիլքսանչորսյան իրադարձութուններից առաջ, նախքան դեսպանը վերադառնա Վաշինգտոն եւ փորձի ոչ միայն խոչընդոտել որոշման անցկացումը պալատի լիագումար նիստում, այլեւ համոզել նախագահ Օբամային, որ իր տարեկան ուղերձում չնշի կամ չակնարկի հայերի ցեղասպանության մասին: Ինչքան մեզ հայտնի է, դեսպան Թանը քարոզչություն չէր ծավալել ի նպաստ հայերի ցեղասպանության ճանաչման, ինչպես արել էր Սիեռա Լեոնեի ենթադրյալ դեսպանը, այլՙ որպեսզի տուն վերադառնալով իր ընտանիքի եւ ընկերների հետ արժանանա երկարատեւ արձակուրդի: Այդուհանդերձ, դատելով վարչապետ Էրդողանի վերջին շրջանում կատարած ինքնապարտվողական հայտարարություններից, երբեմն իրականությունն իրոք ավելի տարօրինակ է, քան ֆիկցիան: ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր», Թարգմ. Հ. Ծ.

No comments: