Saturday, March 13, 2010

Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ թեր եւ դեմ կարծիքներ հենց սահմանի վրա

News.am. 13-3-2010 - «Հայ-թուրքական սահմանը հենց բացվի, հայերից շատերը կգնան, կամուսնան թուրքերի հետ, էտի պապական արհեստա։ Թուրքերը 80 մլն են, մենք 1 մլն։ Նրանք մի քամի անեն, հայ ազգը կվերանա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Բագարան գյուղի բնակիչ 75-ամյա Վահրամ պապը։ Նա դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ կարծում է, որ միակ օգուտը կլինի Հայաստան ներկրվող ապրանքների գների իջեցումը։ »Հիմի մի փոր հացը տանք մի ֆուռ հացի՞ն"-հռետորական հարցադրմամբ նշում է Վահրամ պապը։ Գյուղի մեկ այլ բնակիչ Փիլոյան Սլավիկի՝ սահմանը փակ տեսնելու դրդապատճառներն էականորեն չեն տարբերվում Վահրամ պապիկի նշածից. «Չեմ ուզում սահմանը բացվի, որովհետեւ թուրքը հարեւան չէ, չեմ ուզում թուրքի երեսը տեսնել, թուրքը մնում է թուրք» ,-վրդովված ասաց նա։ 680 բնակիչ ունեցող Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանն այլ կարծիքի է, սակայն։ Նա կողմ է սահմանի բացմանը. «Շատ հնարավոր է, որ սահմանի բացման դեպքում մի անցակետ էլ մեր մոտից բացվի»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում թեեւ անմխիթար վիճակում, սակայն գետի վրա մի կամուրջ կա եւ այն վերականգնելու դեպքում հնարավոր է անցակետ դարձնել։ Գեւորգ Մարգարյանը չի բացառում, որ գյուղում ներդրումներ կկատարվեն։ Վերջինս ժխտեց այն փաստը, որ սահմանի բացմամբ պայմանավորված թանկացել են Բագարանի հողատարածքները եւ պատգամավորներն այնտեղ հողատարածքներ են գնում։ «Ինձ մոտ գրանցված որեւիցե մի պատգամավոր չկա, հիմնականում սփյուռքահայ հողատերեր են»,- ընդգծեց նա։ Գյուղապետը հույս ունի, որ սահմանը բացվելու դեպքում բիզնեսմեները կսկեն երթեւեկել իրենց գյուղով եւ կվերանորոգեն ճանապարհները։ Ինչ վերաբերվում է անվտանգության խնդիրներին, ապա Գեւորգ Մարգարյանի համոզմամբ, ոչ մի սպառնալիք չկա. «Ես որեւիցե արտառոց դեպք չեմ տեսել։ Գտնում եմ, որ թուրքերն են մեզանից վախենում»,-նշեց գյուղապետը՝ հավելելով, որ թուրքերի կողմից սահմանի խախտման ոչ մի դեպք չի եղել, սակայն հայկական կողմից դեպքերը բազմաթիվ են։ Բագարանի հարեւանությամբ գտնվում է Երվանդաշատ գյուղը։ Այն Թուրքիայի սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է։ Երվանդաշատում արդեն 40 տարի բնակվող Տիգրան Պետրոսյանը կողմ է սահմանի բացմանը։ Նրա կարծիքով սահմանի բացման դեպքում ամեն ինչ լավ կլինի։ «Եթե կառավարությունը գտնում է, որ պետք է սահմանը բացվի, երեւի թե պետք է բացվի»-իր հերթին էլ նշում է Տիգրանի կինը՝ Կարինե Բաղդասարյանը։ Բաց սահմանների կողմնակից է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը. «Հայ- թուրքական սահմանի բացման դեպքում միանշանակորեն համոզված եմ, որ մեր ազգաբնակչության կողմից արտադրվող գյուղմթերքների պահանջարկն ավելի կշատանա», -վստահորեն նշեց նա։ Մարզպետը հավատացած է, որ սահմանի բացման դեպքում էականորեն կէժանանան Թուրքիայից ներկրվող ապրանքների գները, սակայն Ղահրամանյանը պատասխան չունի այն հարցին, թե այդ դեպքում տեղի գյուղմթերք արտադրողներն ինչպե՞ս են մրցակցելու Թուրքիայից ներկրվող մթերքների հետ։

No comments: