Wednesday, March 17, 2010

Լոնդոնյան իր ելույթում Էրդողանը հույս է հայտնել, որ բրիտանացիները չեն ընդունի Ցեղասպանության բանաձևը

Panorama.am. 17-3-2010- Թուրքիայի վարչապետի լոնդոնյան այցից առաջ և հետո թուրքական մամուլում բարձրաձայնվում էր այն մասին, որ Էրդողանը փորձելու որոշակի ներգործությամբ կանխել ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում` Համայնքների պալատում սպասվող Ցեղասպանության բանաձևի քննարկում-ընդունումը: Եվ ահա, ելույթ ունենալով թուրք-անգլիական գործարար ֆորումում, Թուրքիայի վարչապետն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ բրիտանական օրենսդիր մարմնի քննարկումների օրակարգում հայտնված 1915-ի դեպքերը կարող են մեկնաբանվել ի վնաս Անկարայի: «1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ մենք միշտ մատնանշել ենք գիտական և արխիվային աղբյուրները: Մեր համոզմամբ` այդ հարցը գիտնականների ու պատմաբանների հետազոտության առարկան է»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, թե ինչպես է տարիներ առաջ` 2005 թվականին, այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ ուղարկել` երկուստեք արխիվները բացելու և ուսումնասիրելու կոչով: «Պատմությունը խորհրդարաններում չի գրվում, այլ արխիվներում: 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ ընդունված որոշումները քաղաքական շարժառիթներ ունեն, հեռու են գիտականությունից և պատմական իրողություններից: Մեր երկրների (Հայաստան, Թուրքիա) միջև սկսված կարգավորման գործընթացի և միջհանրութային մերձեցման վրա բացասաբար ազդող այդ բանաձևերի ընդունումը ապագային միտված հույսերը հօդս է ցնդեցնում: Հուսամ, որ Մեծ Բրիտանիան, որպես տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ երկիր, այդ հարցում չի զլանա զորակցել մեզ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

No comments: