Monday, March 15, 2010

Սերգեյ Կապինոս. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարեւոր փուլ է սկսվել

News.am. 15-3-2010- «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն այն մարմինը չէ, որ զբաղվում է ղարաբաղյան հակամարտությամբ. այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան կողմը չպետք է մասնակցի բանակցային գործընթացին: Նրա խոսքով, թեպետ այժմ բանակցային գործընթացը երկկողմ ձեւաչափ է կրում եւ ղարաբաղյան կողմը դրանում ներգրաված չէ, սսակայն տարածաշրջան այցելելիս Մինսկի խմբի համանախագահները լինում են նաեւ Լեռնային Ղարաբաղում, խորհրդակցություններ անցկացնում այնտեղ եւ իրենց գործունեության մեջ հաշվի առնում նաեւ ԼՂ կարծիքը. «Անկասկած է, որ որեւէ հարկամարտության լուծման շուրջ պայմանավորվածություն առանց Ղարաբաղի համաձայնության չի կարող կայացվել. ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի փոխարեն որոշումներ կայացնել»,- համոզմունք հայտնեց Սերգեյ Կապինոսը։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ԵԱՀԿ-ում նախագահող երկիր Ղազախստանը կարող է էական դերակատարում ունենալ ԼՂ խնդրի լուծման հարցում, եվրոպացի պաշտոնյան նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լրիվ բավական է հակամարտության խնդիրներով զբաղվելու համար։ «Անցած տարի հարցի լուծումը շատ մոտ էր թվում, սակայն դա այդպես էլ կողմերին չհաջողվեց. հակամարտության կարգավորման գործընթացում, ի դեմս Մադրիդյան նորացված սկզբունքների, այժմ կարեւոր փուլ է սկսվել»,- համոզմունք հայտնեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, «Ղարաբաղյան հարցը այսքան երկար է ձգվում հակամարտող կողմերում առկա բազմաթիվ չհամաձայնեցված հարցերի պատճառով»: Նշենք, որ օրերս ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը բացառել էր բանակցային գործընթացին ԼՂ մասնակցությունը՝ հայտարարելով, թե «պետք է պահել ղարաբաղյան կարգավորման ներկայիս ձեւաչափը, հակառակ դեպքում ստիպված կլինենք խոսել գործընթացի՝ մի քանի տարով ձգձգվելու մասին»:

No comments: