Tuesday, March 16, 2010

«Հրաշափառի» և բարիգալստյան արարողություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Panorama.am. 16-3-2010- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Տրդատի կամարի մոտ, դիմավորել են Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգևորականներից և ճեմարանականներից կազմված խաչվառազարդ թափորը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, խունկի օրհնությունից հետո, երկու հովվապետերը, օրհնելով ժողովրդին, «Հրաշափառ» շարականի հանդիսավոր երգեցողությամբ առաջնորդվել են Մայր Տաճար: Հայաստան Կիրիլ Պատրիարքի այցի առիթով Մայր Տաճար էր բերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի շնորհաբաշխ Աջը: «Լերինք ամենայն այսօր ցնծացեք» շարականի երգեցողության ներքո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տաճարի ավանդատնից բերել է Ս. Աջը, որը Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը տեղադրել է հատուկ պատվանդանի վրա` ի խոնարհումն երկու հովվապետերի, եկեղեցականաց դասի և հավատացյալ ժողովրդի: Ս. Գրիգոր Ապա ներկաներին ողջունել են ու օրհնել Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը: Քրիստոսահիմն և լուսավորչահաստատ Մայր Տաճարում ողջունելով Կիրիլ Պատրիարքի ուրախառիթ այցը` Հայոց Հայրապետն ասաել է. «Ձեր այցելությունը Հայաստան սկսվում է աղոթքով միածնաէջ այս տաճարում: Միասնական մեր աղոթքը գրավականն է և վկայությունը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ միասնության, այն ոգին է քրիստոնեական եղբայրության, երբ մենք, որպես մեկ երկնավոր Հոր հարազատ զավակներ, միասնաբար դիմում ենք մեր Տեր Աստծուն: Ձեր այցելությունը մեկ անգամ ևս վկայությունն է մեկ ընդհանուր Աստծո, մեկ Ավետարանի և Եկեղեցու միասնականության` իբրև Քրիստոսի մեկ մարմին, ճշմարիտ և անփոփոխելի իրականության»: Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու դարավոր հարաբերությունները հատկանշող քրիստոնեական եղբայրության և գործակցության ոգուն Վեհափառն ասել է. «Ձերդ Սրբություն, այս օրերին մեր եկեղեցին և մեր ժողովուրդը պիտի վայելեն Ձեր սերն ու օրհնությունը, աղոթքն ու զորակցությունը` փոխադարձաբար մատուցելով Ձեզ և Ձեր անձի միջոցով հայ ժողովրդի անվերապահ սերը և երախտագիտության ջերմ զգացումները հանդեպ Ռուս Եկեղեցին, ռուս մեծ ժողովուրդը և Ռուսաստանի պետությունը, որ դարեր շարունակ սիրով և եղբայրաբար ընդունել և շարունակում են հյուրընկալել և եղբայրական հոգատարություն ցուցաբերել բազնահազար հայորդիների, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնության սահմաններում»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև նշել է, որ Աստված Պատրիարքի այցելության օրհնությամբ առավել ամրացնի և առավել զորացնի երկու Եկեղեցիների և երկու ժողովուրդների անեղծ եղբայրական սերն ու ջերմությունը: Անդրադառնալով քրիստոնեական հավատքի կաևորությանը հայ ժողովրդի կյանքում` Կ. Պատրիարքը հիշատակել է Հայ Եկեղեցու մեծագույն սրբերին` Սբ. Գրիգոր Լուսավորչին ու Հռիփսիմյանց կույսերին, որոնք հավատքի սերմեր են ցանել Հայաստանի օրհնյալ հողում: Արարողության ավարտից հետո եկեղեցական թափորն ուղորդվել է դեպի Վեհարան:

No comments: