«Լրագիր» 15-3-2010- Երբ լրագրողները ուշադրության են արժանացնում Ռոբերտ Քոչարյանի որեւէ հայտարարություն, նրա հետ կապված որեւէ տեղեկատվություն կամ նրա որեւէ այց, ապա իշխանական կամ մերձիշխանական գործիչներն այդ ուշադրության վրա զարմանում են ու հակադարձում, թե նախկին նախագահները սովորաբար ակտիվ լինում են ու պետք չէ զարմանալ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ երբեմն այցելում է ինչ որ տեղեր, ունենում է ինչ որ հանդիպումներ:
Օրինակ, օրերս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե երբ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ակտիվ է, դրանից որեւէ մեկը չի զարմանում, իսկ եթե Քոչարյանն է ակտիվ, լրագրողները չգիտես ինչու զարմանում են:
Վահան Հովհաննիսյանը հազիվ թե այդքան միամիտ լինի ու չգիտակցի, թե ինչու Քլինթոնի ակտիվության վրա որեւէ մեկը չի զարմանում կամ դրան որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում, իսկ Ռոբերտ Քոչարյաի ակտիվության պարագայում զարմանք եւ ուշադրություն լինում է: Նախ, բանն այն է, որ Քլինթոնը ամերիկացիների զարմանքի կամ ուշադրության գործն է, իսկ հայաստանցիների համար Հայաստանի նախկին նախագահները պետք է լինեն զարմանքի եւ ուշադրության առարկա:
Բայց, քանի որ Քլինթոնի հետ համեմատություն ոչ միայն Վահան Հովհաննիսյանը, այլ նաեւ իշխանական ու մերձիշխանական այլ գործիչներ էլ են անցկացնում, թերեւս արժե այդ համեմատությանն անդրադառնալը: Բանն այն է, որ այն երկրում, որտեղ նախագահ է եղել եւ հիմա էլ պաշտոնաթող նախագահ է “եղում” Բիլ Քլինթոնը, քաղաքականությունն իրականացվում է բաց, հրապարակային կերպով, գործում է քաղաքական եւ պետական գործիչների ու հասարակության հետ կապի ինստիտուցիոնալացված համակարգ, որի մեջ առանցքային տեղ է գրավում ընտրական մեխազնիզմը, որով էլ ձեւավորվում է կառավարման համակարգը:
Հայաստանի իրավիճակը, մեղմ ասած, մի քիչ տարբերվում է ամերիկյանից: Այստեղ կառավարման համակարգի ձեւավորման մեխանիզմը ընտրությունը չէ: Այսինքն ընտրությունն է, բայց ոչ թե դրա արդյունքը հաշվի առնելու, այլ կեղծելու մեխանիզմը: Իսկ դա էլ քաղաքական ու պետական գործիչների եւ հասարակության հետ կապի համակարգը խզում է, այդ կապի միակ կամ առնվազն հիմնական միջոց դարձնելով ոստիկանական մահակը կամ ավտոմատը:
Համակարգային այդ տարբերությունից էլ ճյուղավորվում են բոլոր մնացյալ տարբերությունները, ընդհուպ պաշտոնաթող նախագահների վարքուբարքը, դերն ու նշանակությունը, կյանքն ու գործունեությունը: Թերեւս հենց դա է պատճառը, որ Քլինթոնի այցերը, ակտիվությունը հասարակությանը հայտնի են լինում նախապես, նախապես հայտարարվում է, որ Քլինթոնը այսինչ նպատակով այցելելու է այսինչ երկիր, հանդիպելու է այսինչ անձնավորությանը, որ քննարկի եւ լուծի այսինչ հարցը:
Ռոբերտ Քոչարյանի դեպքում այցերի ու հանդիպումների մասին հայտնի է դառնում “պոստֆակտում” ռեժիմով, ընդ որում, առաջինը ոչ թե երկրորդ նախագահի գրասենյակից, այլ զանազան այլ աղբյուրներից, ու նոր միայն երկրորդ նախագահի գրասենյակը ստիպված է լինում հաստատել այս կամ այն այցի ու հանդիպման փաստը, ընդ որում հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակն այդպես էլ թողնելով գաղտնի:
Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ժակ Շիրակին: Ի՞նչ են քննարկել նրանք: Այդ հանդիպմանը քննարկվել են զուտ երկու մարդկանց անձնական հարցե՞ր, երկու անձանց բիզնես հարցե՞ր, թե քննարկումների շրջանակը ներառել է նաեւ միջպետական կարեւորության եւ քաղաքական նշանակության խնդիրներ: Երբ այդ մասին չի տրվում պաշտոնական մեկնաբանություն, ապա բնական է, որ առաջանում է բազմաթիվ ենթադրությունների տեղիք, իսկ ուշադրությունն ու զարմանքը ինքնաբերաբար մեծանում են: Գուցե պաշտոնական հաղորդագրությունների բացակայության կամ ուշացած լինելու նպատակը հենց այդ ուշադրությունը մեծացնելն է: Բայց առավել եւս, զարմանքն ու ուշադրությունն այդ դեպքում պետք է ամենեւին էլ չթվան տարօրինակ կամ անտեղի:
Այնպես որ, Քլինթոնի հետ համեմատությունը թերեւս բացարձակապես տեղին չէ, որովհետեւ գործ ունենք հրապարակային եւ ոչ հրապարակային գործունեության տեսակների հետ: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր մասնավոր կյանքով է ապրում եւ հանդիպումներ ունենում Իրանում, Ֆրանսիայում, թե Աֆրիկայում, ապա թերեւս պետք է բաց ու հրապարակային հայտարարել այդ մասին, իսկ եթե նա իր հետպաշտոնական կյանքը ծառայեցնում է պետության խնդիրների լուծմանը, ապա այդ մասին էլ պետք է հայտարարվի բաց եւ հստակ, ոչ թե ենթադրությունների մակարդակով: Առավել եւս, որ կարծես թե որեւէ ամաչելու բան չպիտի լինի, եթե որեւէ նախկին նախագահ փորձում է օժանդակել պետության խնդիրների լուծմանը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment