News.am. 15-3-2010- «Ադրբեջանը պաշտպանում է ԼՂ խնդրի լուծման փուլային գործընթացը, քանի որ հասկանում է, որ մեկ օրում բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել»,- այսօր` մարտի 15-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու հավելել, որ 2009-ի դեկտեմբերին Աթենքում ներկայացված մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը հնարավորություն է տալիս ապագայում ընդունել ավելի համապարփակ փաստաթուղթ: Նա նշել է, որ Ադրբեջանն ընտրել է դիվանագիտական ճանապարհը եւ գնում է դրանով, մոռանալով, որ ամեն առիթով իր երկրի ղեկավարը հայտարարում է, թե պատերազմով են լուծելու հակամարտությունը:
Մամեդյարովի ներկայացմամբ, Փարիզյան գործընթացը փուլային էր: «Մադրիդյան փաստաթղթում այդ փուլերը գտան իրենց արտահայտությունը: Առաջին փուլում հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն 5 շրջաններից (ներառյալ Քելբաջարի 13 գյուղերից): Դրանից հետո հայկական կողմը պետք է վերականգնի բոլոր հաղորդակցությունները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարն ու հավելել, որ այդ ամենից հետո, երբ հայկական ուժերը դուրս կբերբեն նաեւ Լաչինից եւ Քելբաջարից, բոլոր ճանապարհները պետք է բացվեն:
«Այն բանից հետո, երբ ադրբեջանցի փախստականները կվերադառնան Ղարաբաղ, պետք է քննարկվի ԼՂ կարգավիճակը: Դա ադրբեջանական հող է եւ ճիշտ չէ, որպեսզի որեւէ ադրբեջանական տարածք դուրս գա ադմինիստարտիվ վերահսկողությունից: Ամեն ինչ պետք է ընթանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշել է նա:
«Ոչ ոք չի կարող վերցնել իր հողն ու փախչել: Ուզես-չուզես հարեւանների հետ պետք է հաստատել ճիշտ քաղաքականություն: Բացի այդ, փուլային գործընթացը ամենալավ տարբերակն է, որովհետեւ մենք պետք է բանակցային սեղանից հեռացնենք պատերազմի հետեւանքների, ադրբեջանական տարածքների գրավման եւ բռնի տեղահանվածների հարցը: Որքան արագ դա տեղի ունենա, այնքան` լավ»,- ամփոփել է Մամեդյարովը, նշելով, որ եթե հայկական զորքերը դուրս բերվեն «գրավյալ» տարածքներից, դա մեծ հնարավորություններ կբացի տարածաշրջանում, ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առումներով եւ կբարելավի հասարակ բնակչության կենսապայմանները:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment