Wednesday, March 17, 2010

News.am. 17-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ այցով գտնվում է Լոնդոնում, հարցազրույց է տվել բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը՝ զգուշացնելով երկրից, իր ասելով, 100 հազար հայ ներգաղթյալներին վտարելու մասին: Թուրքիայի վարչապետը այդ կերպ է պատասխանել մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի ընդունմանը Անկարայի արձագանքի մասին հարցին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանի կարծիքով, ճգնաժամը, որ առաջացել է բանաձեւերի ընդունմամբ, առաջին հերթին վնաս կհասցնի Հայաստանին: «Հայաստանը պետք է շատ կարեւոր որոշում ընդունի: Հայաստանը պետք է հրաժարվի Սփյուռքի հիփոթեքից: Եթե կան երկրներ, որոնք համակրում են Հայաստանին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, նրանք պետք է Հայաստանին ազատեն դրանից»,- Էրդողանի խոսքերն են մեջբերում տեղական ալիքները: «Իմ երկրում 170 հազար հայ է ապրում, որոնցից միայն 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի»,- շարունակել է թուրք վարչապետը. «Վաղը, եթե պետք լինի, ես կասեմ այդ 100 հազարին, որ լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»: Նշենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերոթյունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Մարտի 11-ին նման բանաձեւ ընդունել է նաեւ Շվեդիայի խորհրդարանը:

No comments: