Wednesday, March 17, 2010

ԽՈՐՀՈւՐԴ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ. ՇԱՐՈւՆԱԿԵՔ ԺԽՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ

Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների սպասվող տարափին, որը միջազգային հանրությանը մեկ անգամ ևս կհիշեցնի օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրագործած անմարդկային ոճրագործության մասին: Առաջին անսպասելի հարվածը Թուրքիային հասցվեց փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար կառավարության խորհրդարանի կողմից, որը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անհապաղ կապվեց Իսպանիայի իր գործընկերոջ և Կատալոնիայի իշխանությունների հետ` արտահայտելով իր զայրույթն ու բացատրություն պահանջելով նրանցից: Երկու օր անց, ամերիկյան հայտնի CBS հեռուստաընկերությունն իր «60 րոպե» հաղորդմամբ Հայոց ցեղասպանությունը բացահայտող ֆիլմ հեռարձակեց, ցուցադրելով հայ նահատակների ոսկորները, որոնք մեկ դար անց դեռ հանվում են Սիրիայի անապատների ավազներից: Թուրքերը սաստիկ կատաղել էին` մեղադրելով հայերին CBS հեռուստաընկերության վրա ճնշում գործադրելու համար, և ինչպես միշտ, կասկածի տակ առնելով ոսկորների և ավազի իսկությունը: Չորս օր անց, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունեց: Թուրքիան պարտվեց, չնայած. - Օբամայի վարչակազմի` բանաձևի խոչընդոտմանը ուղղված ճնշումներին, - Բազմամիլիոն դոլարներով լոբբիստական ընկերությունների վարձմանը, - Թուրք խորհրդարանականների խմբերի՝ Վաշինգտոն գործուղմանը, - Թուրք և ադրբեջանցի ամերիկացիների էլեկտրոնային նամակներով քարոզարշավներին, և - ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի կապալառուներին բոյկոտելու սպառնալիքներին, եթե վերջիններս չխոչընդոտեն բանաձևի ընդունմանը: Այդ քվեարկությունում պարտություն կրելուց հետո, Թուրքիան անմիջապես ետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից` մատնանշելով, որ նա, հնարավոր է մնա Անկարայում մինչև Ապրիլի 24-ի վերջը: Պետնախարար Զաֆեր Չաղլայանը հետաձգեց տնտեսական կապերի զարգացմանը նպատակաուղղված իր այցը Միացյալ Նահանգներ՝ «մինչև ԱՄՆ-ը կուղղի իր սխալը»: Թուրքիայի Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր խորհուրդը նույնպես չեղյալ հայտարարեց նախօրոք ծրագրված այցը Վաշինգտոն մարտի 16-17-ին, իսկ թուրքական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր տեղի ունեցան: Դեռ ավելին, վարչապետ Էրդողանը նշեց, որ կարող է չեղյալ համարել իր պլանավորված մասնակցությունը հաջորդ ամիս Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Մինչ թուրքական կրքերը կհանդարտվեին, Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին երկրորդ ջախջախիչ հարվածը հասցրեց Անկարային` վերահաստատելով հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը: Մեկ անգամ ևս Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետ Էրդողանը չեղյալ հայտարարեց իր առաջիկա այցը Ստոկհոլմ, որն ուղեկցվելու էր առևտրային մեծ պատվիարկությամբ: Եվ, հակաշվեդական ցույցեր տեղի ունեցան թուրքական մի շարք քաղաքներում: Այս չափազանց լարված հակազդեցությունը ստիպեց թուրք և օտար մեկնաբաններին ենթադրել, որ կգա մի օր, երբ ավելի ու ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան այլևս դեսպաններ չի ունենա ոչ մի տեղ, ու թուրք պաշտոնյաները չեն այցելի այլ երկրներ՝ չեղյալ հայտարարելով իրենց բոլոր արտասահմանյան ուղևորությունները: Բացի այդ, Թուրքիան վերացնելով դրսի բոլոր գնումները, կմնա առանց ներմուծվող ապրանքների և թուլացած զինուժով: Թուրքիայի մեկուսացումը նրա արժանի պատիժն է իր ժխտողական քաղաքականության համար: Ձգտելով պատժել մյուսներին, Թուրքիան պարզապես ինքն իրեն է պատժում: Օհայոյի նահանգի Սինսինատի քաղաքից Վահե Մագարյանն անցյալ շաբաթ մի շատ դիպուկ նամակ էր հղել «New York Times» թերթին` առաջարկելով, որ Թուրքիայի ետ կանչված դեսպանները «տուն թռչելու փոխարեն ոտքով վերադառնան այնտեղ, քանզի Օսմանյան կայսրության անկման վերջին օրերի ընթացքում բռնի երթերը տեղաշարժերի թուրքական նախընտրելի միջոցն էին»: Հայտնի թուրք մեկնաբան Ջան Դունդարը «Haber1»-ում մի հոդված էր հրապարակել` «Արդյոք մենք պատրաստվում ենք ետ կանչել մեր բոլոր դեսպաններին» վերտառությամբ: Նա նշել էր, որ այս պայմաններում, արդեն 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը, աշխարհում ոչ մի երկիր չի մնա, որը Թուրքիային մեղադրած չլինի ցեղասպանության համար: Արդյոք ժամանակը չէ, որ մենք էլ պարզենք, թե ի՞նչ զազրելի գործեր են կատարել մեր հայրերը 95 տարի առաջ: Չպետք է արդյոք իրազեկվել, թե ինչ սխալներ ենք գործել, հարցնում է Դունդարը: Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է որևէ երկրի կողմից, սարսափը պատում է թուրքական իշխանությանը. դրա գլխավոր պատճառն այն վախն է, որ նրանց պահանջ կներկայացվի հայկական կորուստները փոխհատուցելու և բռնազավթած հողերը ետ վերադարձնելու համար: Վարչապետ Էրդողանը և նրա գործընկերները չեն հասկանում, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնին չի հանգեցնում իրավական պահանջի: Քանի թիզ հող է հաջողվել հայերին ազատագրել Թուրքիայից` ավելի քան քսան երկրների կողմից այդպիսի ճանաչման արդյունքում: Եթե թուրք ղեկավարները հասկանան, որ խորհրդարանական բանաձևերը իրավական հետևանքների ուժ չունեն, գուցե և այդքան չհուզվեն դրանցից: Այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ հայերը դեռ պահանջելու են իրենց նախնիներին պատկանող Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձը: Այսպիսի պահանջները պետք է հետապնդվեն տարբեր դատական ատյաններում, եթե, իհարկե մինչ այդ անսպասելի աղետալի իրադարձություններ ի հայտ չգան` պատճառ դառնալով թուրքական պետության փլուզմանը կամ մասնատմանը: Միաժամանակ, խորհուրդ կտայինք պարոն Էրդողանին, ամեն առիթով շարունակել ժխտել Ցեղասպանությունը` այսպիսով խրախուսելով հայերին ավելի համառորեն բացահայտել Անկարայի կեղծիքները: Եթե չլինեին թուրք պաշտոնյաների կատաղի ժխտումները, աշխարհով մեկ բողոքի այսպիսի հուժկու ալիք չէր բարձրանա Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու համար` հեռուստատեսային փաստագրական ֆիլմեր ցուցադրելով և ցեղասպանության բանաձևեր ընդունելով: Պարոն Էրդողան, խնդրում ենք, շարունակեք ձեր «լավ» աշխատանքը: Հայերը ձեր «աջակցության» կարիքն ունեն` հետապնդելու իրենց Դատը, մինչև արդարության հաղթանակը: ՀԱՐՈւԹ ՍԱՍՈւՆՅԱՆ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ. Ռ.Ավագյանի

No comments: