Saturday, April 3, 2010

Ա1+»-ը հաղթել է

A1+. 2-4-2010- 8 տարի առաջ' ապրիլի 2-ին, էկրանից անհետացավ «Ա1+» -ը: Բայց նա փորձեց այս տարիների ընթացքում իր հեռուստադիտողին ինֆորմացիոն հոսքով ապահովել այլ մեթոդներով' թերթով, էլեկտրոնային կայքով, բլոգով, youtub-ով, մոբայլ նորություններով: Իսկ ինչո՞ւ փակվեց «Ա1+»-ը: Այս եւ այլ հարցերի մասին է զրույցը «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ: -Պարոն Մովսեսյան, ձեր կարծիքով ինչո՞ւ փակվեց «Ա1+»-ը: - Փակվեց, որովհետեւ «խանգարում էր» Ռոբերտ Քոչարյանին: Լինելով այլմոլորակային եւ տեսնելով, որ հնարավոր է Հայաստանում իշխանությունը զավթել եւ պահել միայն այն դեպքում, երբ մամուլը ենթարկվում է քեզ, առաջնորդվելով «Դու աշխատում ես մամուլի հետ, մամուլը աշխատում է քեզ համար» կարգախոսով' Քոչարյանն առաջինը «անդրադարձավ» «Ա1+»-ին, որը մեծ վտանգ էր ներկայացնում նրա համար: Հենց «Ա1+»-ի օրինակով նա ցույց տվեց, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր չեն խոնարհվում իր առջեւ, անկախ կեցվածք ունեն, խանգարող հանգամանք են հանդիսանում իր զավթած իշխանությունը օրինականացնելու հարցում: -Այսինքն, կարելի՞ է ասել, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ հիմք դրվեց լրագրողների նկատմամբ բռնություններին: -Ոչ միայն բռնություններին: «Ա1+»-ի եթերազրկումից հետո ԶԼՄ-ների 80 տոկոսից ավելին խոնարհվեց ինքնահռչակ նախագահի առջեւ: Քոչարյանը դրանից հաճույք էր ստանում: Ապա սկսվեց Քոչարյանի' սեփական անձի մեծարման ժամանակաշրջանը: Լինելով ոչինչ' նա հնարավորություն ստացավ դառնալ ամեն ինչ եւ սա դարձրեց իր համար նոր կարգախոս, որը խիստ տարբերվում էր Հոկտեմբերյան հեղափոխության նմանատիպ կարգախոսից' «Ով ոչինչ էր, հիմա ամեն ինչ է»: Այնտեղ հեղափոխությունն էր բերել այդ կարգախոսին, այստեղ անձը ստիպողաբար կյանք մտցրեց իր կարգախոսը: -Ուզում եք ասել, եթե «Ա1+»-ը եթերում լիներ, Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր լինի այն, ինչ կա: -Ես համոզված եմ, որ եթե «Ա1+»-ը եթերում լիներ, միանշանակ չէր լինի 2003 թ նրա վերընտրությունը, 2004 թ-ի ապրիլի 12-ի դեպքերը: Ոչ թե «Ա1+»-ը տանկերով կպաշտպաներ, այլ իր կեցվածքով եւ աշխատանքով կստիպեր Քոչարյանին եւ նրա վարչակազմին ենթարկվել միջազգային եւ տեղական օրենքներին' անընդհատ մատնացույց անելով օրենքների խախտման փաստերը: Դա, ի վերջո, պետք է բերեր նրա զգաստացմանը եւ ստիպեր հրաժարվել ստի քաղաքականությունից: Իսկ երբ չկար որեւէ խոչընդոտ, չկար որեւէ արգելք, կար բռի ուժ եւ բավականին մեծ ամբիցիա, եսասիրություն, Քոչարյանին հաջողվեց վերընտրվել, ինչն էլ, ես համարում եմ, դարձավ չարիք մեր երկրի համար: Քոչարյանն իսկապես չարիք էր, նա մեր երկիրը փոխեց, դարձրեց գավառական' սարերի մեջ կորած, կտրեց աշխարհից ու ստիպեց, բառիս բուն իմաստով, տանկերով եւ զորքով ստիպեց ենթարկվել իր գավառական օրենքներին, եւ այդ պայմաններում սկսեց կուտակել հարստություն: Իսկ այդ հարստությունը, պարզվում է, բավականին մեծ է: Ու հիմա էլ, ինչպես երեւում է, դա նրան չի բավարարում եւ նա փորձում է վերադառնալ: - Դուք իրատեսակա՞ն եք համարում նրա վերադարձի մասին խոսակցությունները: - Ես բացառում եմ, դա անհնար է, որովհետեւ Քոչարյանի անձը այժմ ծանոթ է բոլորին' սկսած մեր ժողովրդից'վերջացրած միջազգային կառույցներով: Եթե այդպիսի բան էլ տեղի ունենա, միայն տանկերի միջոցով կլինի, ինչը եւս բացառում եմ, որովհետեւ երբ մարտի 1-ին Քոչարյանը ստորագրեց կրակելու հրամանը, իրականում նա գրեց իր մահախոսականը: Ինքն էլ դա ինձնից լավ է հասկանում, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ: - Այսինքն, «Ա1+»-ը դարձավ Քոչարյանի անձնական թշնամին, եւ հակառակը' Քոչարյանը «Ա1+»-ի թշնամի՞ն: - Գիտեք, «Ա1+»-ը թշնամի չունի, ունի միայն բարեկամներ. նույն Քոչարյանն էլ «Ա1+»-ի մեծ բարեկամն է: Թող զարմանալի չթվա, որովհետեւ Քոչարյանը բարձրացրեց «Ա1+»-ի հեղինակությունը: Այն տեղական մի հեռուստաընկերություն էր, որն ուներ մեծ պոտենցիալ եւ ազնիվ ձգտումներ: «Ա1+»-ը դժվար տարիներին ճանապարհ էր հարթում երիտասարդ հեռուստաընկերությունների համար' մոռանալով սեփական շահը, ցույց տալով հեռուստաընկերության իրական իմաստը մեր երկրում: Ու այդ մտածողությունը դանդաղեցնում էր ընկերության բարգավաճումը: Քոչարյանն իրենից անկախ «Ա1+»-ի վարկանիշը բարձրացրեց, ընկերությանը բերեց միջազգային ճանաչում, հետո զղջաց, որ նման բան է արել: Դա էլ էր գալիս նրա անգիտությունից: Կոպիտ, բռի ուժը միշտ չի արդյունավետ գործում: Այսօր երբ դուրս եմ գալիս փողոց, ինձ թվում է' «Կապիկների մոլորակ» ֆիլմը մեզ մոտ է նկարահանվել: Թվում է' նույն այդ կապիկները, շիմպանզեները, գորիլաները, դեգրադացված մասսան է իշխում, որն իր առաքելությունը տեսնում է ուրիշի ունեցվածքը խլելու, սեփական գրպանը հարստացնելու մեջ. ուրիշ խնդիր կարծես նրանք չունեն: Իսկ Քոչարյանն այլմոլորակային էր այստեղ եւ այդպես էլ մնաց մինչ օրս: Հայաստանը չընդունեց այդ այլմոլորակայինին, որքան էլ նա փորձեց սկաֆանդրը քաշել դեմքին, որ չերեւա' ով է, բայց բոլորն էլ հասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում: - Բայց 10 տարի նա ապրեց Հայաստանում, աշխատեց, ղեկավարեց: - Ես դա չէի անվանի ապրել. նա 10 տարի պաշտպանվել է: Երբ մարդ 10 տարի անընդհատ պաշտպանվում է, նշանակում է, որ նա այս երկրում տեղ չունի, իսկ ուժով պաշտպանվելը թուլության նշան է:Ես չտեսա մի քայլ, որն արվի ժողովրդի համար: Բոլոր իր քայլերը առաջին օրվանից մինչեւ վերջին օրը' մարտի 1-ը, եղել են ժողովրդի դեմ, եւ այն սպանդը, որ տեսանք, այն ապոգեյն էր, որ հասունացել էր Քոչարյանի մեջ. նա արդեն փրփուրներից էր կախվում: - Անկախության ձեռքբերումներից մեկը հենց անկախ մամուլն էր. այսօր կարո՞ղ ենք ասել, որ ունենք անկախ մամուլ, անկախ հեռուստատեսություն: - Մենք չունենք անկախ մամուլ, անկախ հեռուստատեսություն: Չկա նաեւ միտում դեպի ազատ մամուլ, որովհետեւ փող վաստակելու այն վարակը, որ տարածեց Քոչարյանը, մթագնել է բոլորի մտքերը, եւ բոլորը զբաղված են փող աշխատելով: Հեռուստատեսությունն ու մամուլը վերածել են բիզնեսի, ու դրանից բացի այլ բան չեն պատկերացնում: Իսկ ես գտնում եմ, որ այս երկիրը այսպիսի վիճակում է այն պատճառով, որ չունի սեփական գաղափարախոսությունը, ինչը պետք է պաշտպաներ մամուլը եւ հեռուստատեսությունը: Այն, ինչ անում է այսօր հեռուստատեսությունը, դրա հետեւանքը տեսնելու ենք 10-20 տարի հետո: Այն դեգրադացիան, գավառական մտածելակերպը, որ ներարկում են ու եթե շարունակեն ներարկել հեռուստաընկերությունները, մեզ զրկելու է ղեկավարներ, գիտնականներ, մտավորականներ, արվեստագետներ ունենալուց: - Խոսքի ազատության ոտնահարումները, լրագրողների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնությունները կարելի է ասել, որ սկսվեցին «Ա1+»-ի եթերազրկումից: Կարո՞ղ ենք ասել, որ «Ա1+»-ի վերաբացումով դրանք կվերանան: - Դժվար է ասել, «Ա1+»-ը իր առջեւ մի խնդիր ունի: Նա պետք է ստանձնի խոսքի ազատության հարցում դրոշակակրի դերը, որովհետեւ պրակտիկան ցույց տվեց, որ մենք հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ կշարունակենք այդպես աշխատել: Եթերը մեզ համար ոչ միայն բիզնես է, այլեւ ծառայում է դաստիարակչական նպատակի, հայրենասիրության, եւ ընդհանրապես' պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե անձին: - Քանի որ «Ա1+»-ը դիտվում էր որպես Քոչարյանի թշնամի, բոլորը սպասում էին, որ Սերժ Սարգսյանը իշխանության գալով կբացի «Ա1+»-ը: Բայց արդեն 2 տարի նա իշխանության է, եւ չնայած ԵԽ պահանջներին, ՄԻԵԴ վճռին, չի բացվում հեռուստաընկերությունը: Ինչո՞ւ: - Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը դեռ զբաղված է մի խնդրով. մաքրում է Ռոբերտ Քոչարյանի կեղտերն ու հետքերը այս երկրում, ու երեւի դեռ մի քանի տարի էլ դրանք պետք է մաքրել: Չգիտեմ էլ' Սերժ Սարգսյանը կմաքրի, թե այլ մեկը, որ կփոխարինի նրան: Իսկ որ նրան փոխարինելու են,դրանում էլ եմ համոզված, որովհետեւ Սերժ Սարգսյանն էլ կհոգնի այդ կեղտը մաքրելուց: Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը ժամանակ չի ունեցել «Ա1+»-ին անդրադառնալու, հիմա լավ պատրվակ է մտածելու եւ որոշում կայացնելու, չնայած համոզված եմ, ինչ որոշում էլ կայացվի' «Ա1+»-ը միեւնույնն է հաղթելու է: Եթե արտոնագիր էլ չստանա, հաղթելու է, ինչպես միշտ: - Ի դեպ, այսօր չանդրադարձաք ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, ինչո՞ւ: - Դե, նա խեղճ ու կրակ, կատարածու զինվորիկ էր Քոչարյանի ձեռքին: Հիմա արդեն ժամանակն է' իրերն իրենց անուններով կոչելու. Ամալյանից ոչինչ կախված չէր: Որոշումը կայացվում էր առաջին դեմքի մակարդակով:

No comments: