Saturday, April 3, 2010

Առանց Ղարաբաղի մասնակցության արդյունավետ կարգավորումը դժվար է. Կարեն Բեքարյան

Tert.am. 2-4-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն աստիճանաբար գիտակցում են, որ ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորումը դժվար կամ անհնարին կլինի, եթե բանակցային գործընթացը շարունակվի ներկայիս ձևաչափով: Այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։ Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում տարբեր հարթակներում ակտիվ քննարկվում է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության հարցը։ Ինչպես նշեց Բեքարյանը, եթե ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին և ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրում, ստացվում է, որ չի կրում նաև որևէ պարտավորություն։ Ըստ նրա` Ղարաբաղը պարզապես պասիվ հետևում է գործընթացին՝ ժամանակ առ ժամանակ հայտնելով իր դժգոհությունը։ Այսպիսով, եթե պարտավորություններ չկան, ղարաբաղյան կողմը չի կարող կատարել կամ չկատարել դրանք։ Ըստ Բեքարյանի՝ որևէ պարտավորության կատարման հարցում Հայաստանը երբեք ճնշում չի գործադրի Ղարաբաղի նկատմամբ: Իսկ եթե միջազգային հանրությունը կամ Ադրբեջանը ճնշումներ գործադրեն Ստեփանակերտի նկատմամբ՝ գոյություն չունեցող պարտավորությունների իրականացման համար, ապա Հայաստանը, ըստ Բեքարյանի, իհարկե, կպաշտպանի Ղարաբաղի դիրքորոշումը։

No comments: