Thursday, April 8, 2010

ՍՊԻՏԱԿ ԴՐՈՇՆԵՐՈՎ 100 ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ

«ԱԶԳ», 08-04-2010- Ադրբեջանական «Ազադլիգ»-ի տեղեկացմամբ, Աղդամի` ադրբեջանական Դորդ յոլ շրջանում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ ապրիլի մեկին` սպիտակ դրոշներով, ցանկացել են մտնել հայկական տարածք: «Եթե սեփական պետությունը տեր չի կանգնում մեզ, ապա մենք օգնության կդիմենք հայերին», հայտարարել են ադրբեջանցիները: Բանն այն է, որ տվյալ շրջանի բնակիչների տները աղետալի վիճակում են: Անձրեւաջրերից վերջնականապես քայքայված տները փլուզվել են, եւ բնակիչները, բազում անպատասխան դիմում-խնդրանքներ ուղարկելով իշխանություններին, մնացել են անօթեւան: «Սպիտակ դրոշները ձեռքերին 100 ադրբեջանցի փորձել են հանձնվել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, անգամ ոստիկանությունը չի կարողացել կանգնեցնել երթի զայրացած մասնակիցներին: Միայն Բարդայում տեղակայված ներքին զորքերի ստորաբաժանումների օգնությամբ է հնարավոր եղել կասեցնել Ղարաբաղ շտապող ադրբեջանցիներին: Դեպքի առիթով շրջան է ժամանել Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակեցողների գործերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը », տեղեկացնում է «Ազադլիգը»: Գաղտիք չէ, որ յուրաքանչյուր պատերազմում կարեւորագույն դեր են խաղացել սահմանամերձ շրջանների բնակիչները: Նույն ղարաբաղյան պատերազմում հաղթանակը կերտվել է նաեւ սահմանային գյուղերի բնակիչների օգնությամբ. նրանք անմիջականորեն իրենց տներն են պաշտպանել: Եվ որ ԼՂՀ սահմանին գտնվող ադրբեջանական բնակավայրի բնակիչները գերադասում են ապրել հավանական թշնամու երկրում, եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմելու, քանի որ զենքի բազմազանությունն ու շատ լինելը չէ, որ հաղթում են պատերազմում, այլ մարդը, որը սիրում է իր երկիրը, որը «100»-ներով չի լքում այն` մեկնելով թշնամի ներկայացված երկիր, որքան էլ պայմանները աղետալի լինեն: Մեր սահմանամերձ գյուղերում անձրեւաջրերից տներ չե՞ն փլուզվում, կամ բնակիչները անպատասխան նամակներ չե՞ն գրում իշխանություններին...

No comments: