Saturday, April 24, 2010

Ավելի քան 20 համաշխարհային լրատվամիջոցներ լուսաբանում են Ցեղասպանության 95-ամյակին վերաբերող իրադարձությունները

News.am. 24-4-2010- Հայոց ցեղասպանության 95-ամյակը եւ դրան վերաբերող իրադարձությունները գտնվում են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ ռեպորտաժներ են հրապարակվում համաշխարհային մասշտաբի մոտ 20 լրատվամիջոցների կողմից: Դրանց շարքում են ռուսական, ուկրաինական, թուրքական, ֆրանսիական ու արաբական բազմաթիվ գործակալություններ ու հեռուստաընկերություններ, որոնցից են «Ֆրանսպրես»-ը, BBC-ն, «Ալջազիրան», թուրքական NTV-ն եւ այլն: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մի խմբի, որոնց մեջ է եղել նաեւ թուրքական NTV հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Մեթե Չուբուքչուն: Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ի երեկոյան, Երեւանում տեղի է ունեցել ջահերով երթ դեպի Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ արդեն այսօր առավոտվանից չի դադարում մարդկանց հոծ բազմության հոսքը, ովքեր այցելում են Ծիծեռնակաբերդ, իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակը նշվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նշանակալի իրադարձությունների ֆոնին: Ուղիղ մեկ տարի առաջ Երեւանն ու Անկարան հայտարարեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին: Սակայն մեկ տարի անց հայկական կողմը ստիպված էր հայտարարել արձանագրությունների վավերացման կասեցման մասին՝ դա պատճառաբանելով Թուրքիայի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշմամբ:

No comments: