«ԱԶԳ», 24-04-2010- Այլապես արձանագրությունների կասեցման ՀՀ նախագահի որոշումը ոչ թե հավանության կարժանանար, այլ կբախվեր հակազդեցության
Ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարող կոալիցիայի անդամ կուսակցություննեը հանդես եկան հայ-թուրքական արձանագրությունների վարվերացման ընթացակարգը կասեցնելու հայտարարությամբ: Նույն օրը դրան հետեւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը:
«Ազգի» նախորդ համարում մեր աշխատակից Աղավնի Հարությունյանն անդրադարձել է ուղերձի բովանդակությանը: Պարզապես ուղերձում նախագահ Սարգսյանն ասում էր, որ ինքն արձանագրությունների շուրջը քննարկումներ է ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հետ, վերջինները հորդորել են շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը, հարգելով նրանց, հարցը Անվտանգության խորհրդում քննարկելուց հետո, վճռել են կասեցնել արձանագրությունների վավերացումը, այլ ոչ թե դուրս գալ գործընթացից:
Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու որոշումը նախապես կառավարող կուսակցությունների հետ եւ Անվտանգության խորհրդում քննարկելու պարագան ցույց է տալիս, որ վերոհիշյալ հայտարարությունն ու ուղերձը որքան էլ անակնկալ թվան, եղել են նախօրոք մշակված դիրքորոշման դրսեւորում: Էլ չենք խոսում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հետ Սերժ Սարգսյանի քննարկումների մասին, որոնք իրականացվել են հանդիպումներում:
Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին հանդիպելուց հետո, նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Վերադարձինՙ Փարիզում, հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ապա նաեւ Մոսկվայումՙ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Չի բացառվում, որ նրա այս հանդիպումները պայմանավորած լինեն կառավարող կուսակցությունների Արձանագրությունների առնչությամբ արած հայտարարությունն ու ՀՀ նախագահի հեռուստաուղերձը, որը թերեւս հայտարարության հիմնավորումն էր:
Այլ կերպ, որքան էլ չիմանանք ՀՀ նախագահի հանդիպումների բովանդակությունը, ամենայն հավանականությամբ դրանք պետք է նպաստեին արձանագրությունների վավերացումը կասեցնելու հայկական կողմի որոշմանը: Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ միջազգային լայն արձագանք գտած այդ որոշումը տարբեր երկրներում տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Թուրքիայում որոշ շրջանակներ, ի դեմս նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմին, դա մեկնաբանել են Ապրիլի 24-ի ուղերձից առաջ նախագահ Օբամային ուղղորդելու եւ թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու դրսեւորում, կամ ներքաղաքական հաշվարկներով պայմանավորված նկատառում:
Ի դեպ, այս կարծիքները հնչեցին թուրքական հանրայինի TRT-Turk հեռուստաալիքի ուղիղ եթերով հեռարձակված հաղորդմանը, որին հեռախոսով Լյութեմի հետ մասնակցեց նաեւ տողերիս հեղինակը, բացառելով արձանագրությունների ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշման առնչությունը ներքաղաքական նպատակներին:
Պարզապես հաղորդավարի ուշադրությունը հրավիրեցինք նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հետ ՀՀ նախագահի որոշմանը նախորդող հանդիպումների վրա, ընդգծելով, որ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն են, նրանց է պատկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, այս երկրները կտրականապես մերժում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ նախապայմանի առաջադրումը հայկական կողմին եւ անընդունելի են համարում հայ-թուրքական նորմալացման գործընթացի շաղկապումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, եւ այդ մասին Վաշինգտոնումՙ նախագահ Օբաման, իսկ Մոսկվայումՙ վարչապետ Պուտինն ու նախագահ Մեդվեդեւը պարզորոշ ասել են վարչապետ Էրդողանին:
Այնուհետեւ ավելացրել ենք. «Հետեւաբար արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշումը ոչ թե պիտի համարվի Ապրիլի 24-ի նախօրյակին ԱՄՆ նախագահի վրա ազդելու դրսեւորում, որովհետեւ Հայաստանը չունի դրա կարողությունը, այլ արձանագրությունների վավերացման համար Հայաստանին համառորեն առաջադրվող թուրքական նախապայմանների հակազդեցությունը, որոնք հակասում են կողմերի ստանձնած պարտավորություններին»:
Միաժամանակ ընդգծել ենք, որ անկախ արված հայտարարություններից, չգիտենք ինչպես Սարգսյան-Էրդողան, այնպես էլ նախագահ Օբամայի հետ նրանց հանդիպումների բովանդակությունը, ուստի դեռ վաղ է արձանագրությունների մասին հայկական կողմի որոշումը մեկնաբանելու համար, թերեւս մեկնաբանության առումով որոշակի պատկերացում կտա Վաշինգտոնի հայտարարությունը, որն այդ պահին արված չէր:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին արեց այդ հայտարարությունը, ասելով, որ Հայաստանի նախագահի ուղերձն իրենց չի զարմացրել, իրենք նախապես գիտեին արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցման մասին, եւ ողջունեց Սերժ Սարգսյանինՙ գործընթացից դուրս չգալու համար:
Նա միաժամանակ բացառեց արձանագրությունների վավերացումը կասեցնելու ՀՀ նախագահի որոշման առնչությունը դրանից երկու օր առաջ տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման հետ: Մոտավորապես նույն կերպ արտահայտվեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետամուտ են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը, շարունակում են թուրքական նախապայմանները համարել նորմալացման ճանապարհի ամենամեծ խոչընդոտը, նորմալացման գործընթացի շաղկապումը ղարաբաղյան հակամարտության հետ դիտարկում են իբրեւ ոտնձգություն կարգավորման Մինսկի խմբի նախաձեռնությանը եւ զգում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացին նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Այլապես ՀՀ նախագահի որոշումը ոչ թե հավանության կարժանանար, այլ կբախվեր միջազգային այս ուժերի հակազդեցությանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment