Friday, April 2, 2010

Թուրքիային խորհուրդ են տալիս հետեւել սերբական խորհրդարանի օրինակին եւ ներողություն խնդրել հայերից Ցեղասպանության համար

/PanARMENIAN.Net/ 01.04.2010 - Թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչներ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիային կոչ են անում հետեւել սերբական խորհրդարանի օրինակին, որը վերջերս դատապարտեց 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների զանգվածային սպանությունները, եւ ներողություն խնդրել հայերից Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է HaberTurk-ը, նման առաջարկով հանդես են եկել Թուրքիայի Էգիթեփե համալսարանի դասախոս Մայա Արաքոնն ու միջազգային հարաբերությունների գծով փորձագետ Սոլի Օզելը: Մայա Արաքոնի կարծիքով, Սերբիան, որը նույնպես ձգտում է ԵՄ մտնել, փորձում է «մաքրագրել» իր անցյալը, եւ Թուրքիան նույնպես կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

No comments: