Friday, April 2, 2010

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՙ ԹՌԻՉՔԸ ՔԱՐԱՑՐԱԾ ԱՂԱՎՆԻՆ

Քաղաքական ծանրակշիռ թեմաներով Բեռլին-Անկարա տարակարծությունները մնում են
«ԱԶԳ», 02-04-2010- Թեպետ Էրդողանը գնահատել է Մերկելի հետ իր բանակցությունները «անհավատալի հաջողակ», բայց գերմանական մամուլի «Ժպիտՙ առանց ցանկության» վերնագիրը մատնում էՙ Մերկելի դիվանագիտական քաղաքավարի կեցվածքը նույնքան անզիջում եղավ, երբ հարցը Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցությանն առնչվեց: Իսկ ընդհանրապես, դատելով գերմանական մամուլի հրապարակումներից, երկօրյա այցին երկու երկրների կառավարությանՙ իրար մոտ կանգնած ղեկավարներն այդպես էլ տարածությունը չկրճատեցինՙ միգուցե Անկարա-Բեռլին տարբերություններն առավել հստակ ընդգծվեցին: Էրդողանը շաբաթավերջին Լիբիա այցի ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողներին հարցրել էրՙ «Որտեղի՞ց այդքան ատելություն Թուրքիայի հանդեպ: Չեմ հասկանում: Գերմանիայի կանցլերից չէի սպասում»: Իսկ թուրք ընդդիմադիր Դենիս Բայքալը մերժեց ի թիվս այլ ընդդիմադիրների Մերկելի հետ Գերմանիայի դեսպանատանը այցի առիթով կազմակերպված ընդունելությանը մասնակցելու հրավերը: Թուրք-գերմանական հարաբերություների համար լավագույն ժամանակները չեն, այսպես մեկնաբանեցին նաեւ հեռուստաընկերություներըՙ ընդգծելով ԵՄ անդամակցության եւ ինտեգրացման խնդիրների վերաբերյալ, Իրանի հարցում պատժամիջոցներ սահմանելու, Կիպրոսի խնդրում երկու երկրների տարակարծությունները: Նրբանկատ մի շեշտ էլ ուրվագծվեցՙ համատեղ էներգետիկ, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ծրագրերը (գազը Թուրքիայի տարածքով դեպի Կենտրոնական Եվրոպա հասցնելը) սերտացնում են երկու երկրների հարաբերությունները: Այս առումով միայն Մերկելի պաշտոնական այցը մի քիչ թուլացրեց առկա լարվածությունը: Քաղաքական վերլուծաբաններն ընդգծում են այն, ինչ առանց մասնագիտական ակնոցի էլ ակնհայտ էՙ Մերկելն ու Էրդողանը իրենց բնույթով եւ ոճով տարբեր գործիչներ են, երկօրյա այցի բազմաթիվ հանդիպումների ժամանակ էլ ոչ մեկը մյուսի լեզվով չխոսեց, բայց դիվանագիտական ձեւաչափը անձնական լավ հարաբերություններ երեւակեց: Նույն լեզվով չեն խոսում, ջերմ բնույթ չեն կրում նաեւ երկու հասարակություններիՙ կամ, ավելի ճիշտ, Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերի եւ գերմանացիների միջեւ կապերը: Որքան էլ գերմանացիները դժգոհում են, թե թուրքերի մեծ մասը գերմաներեն չի հասկանում, չի խոսում, եւ օրինակՙ Բեռլինում դպրոցներ կան, որտեղ գերմանացի երեխաները դասարանում փոքրամասնություն լինելովՙ ավելի շուտ թուրքերենը, քան գերմաներենն են բարելավում, մնում է պարզապես բարձրաձայն հնչած տրտունջ, ոչ ավելի: «Ես դեմ չեմ օտարերկրացիներին, բայց նրանք, ովքեր այստեղ ապրելով մեր լեզվով չեն խոսում, չեն ինտեգրվում, պիտի իրենց երկիրը գնան: Երբ սա պահանջում ես, թուրքերն ասում ենՙ դուք եք մեզ կանչել, բերել, մենք ենք ձեր երկիրը կառուցել, հիմա քշո՞ւմ եք», մեր զրույցի ընթացքում անկեղծանում է 30-ամյա գերմանացի մի արհեստավոր: 2008-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Գերմանիա այցելելով, դժգոհություն էր հայտնել, թե այստեղ ապրող թուրքերը գերմանացվումՙ ձուլման են ենթարկվումՙ դա բնութագրելով «մարդկության դեմ ոճրագործություն»: Թուրք վարչապետն իր երկիրը որակել էր «քավության նոխազ» Գերմանիայի համար, որովհետեւ Մերկելը գերմաներեն սովորելն ինտեգրացման անհրաժեշտություն էր նկատել: «Որքա՛ն մեծ է Մերկելի վրա ճնշումը, որ նա մի քանի օրվա մեջ 180 աստիճանով փոխել է իր ինտեգրացիոն քաղաքականությունը: Վարչապետ Էրդողանիՙ Գերմանիայում թուրքական վարժարաններ բացելու պահանջը նա մերժել էր օրեր առաջ, իսկ հիմա իր երկօրյա այցի ժամանակ դրական է արտահայտվել», մեր զրույցում դժգոհում է 40-ին մոտ մի գերմանացի: «Եթե Գերմանիան ուրիշ երկրներում դպրոցներ ունի, ինչպես աշխարհի շատ վայրերում, Թուրքիան էլ կարող է Գերմանիայում դպրոցներ ունենալ», ասել է Մերկելը Անկարայումՙ նկատի ունենալով, անշուշտ, երկլեզվյան դպրոցները: Մարիա Բյոհմերը (ՔԴԿ) ՙ դաշնային կառավարության ինտեգրացիոն հարցերով հանձնակատարը ասել է, թե Գերմանիայում հիմա էլ կան թուրքերեն դասաժամերով դպրոցներ, ինչպես նաեւ գերմանացիների տնօրենությամբ վերահսկվող թուրքական մասնավոր դպրոցներ: Երկօրյա այցի ընթացքում տիկին Բյոհմերը նկատել է տվել, թե գերմանական դպրոցներում թուրքերենին առավել շատ դասաժամեր կարելի է հատկացնել, իհարկե, գերմաներենի կենտրոնական դերը պահպանելով: Մերկելը շեշտել է, թե խոսքը ձուլման մասին չէ, կողմ է «երկլեզվյան» դպրոցին: «Ով Գերմանիայում է ապրում, պիտի տիրապետի գերմաներեն լեզվին: Գերմանիայում թուրքական դպրոցը չպիտի ծառայի այն բանին, որ թուրք երիտասարդները գերմաներեն չսովորեն: Վերջապես ուզում ենք, որ թուրքերի հաջորդ սերունդն առավել հաջողակ լինի, դառնա գիտնական, ձեռնարկատեր, ուսուցիչ»: Անգելա Մերկելը Ստամբուլում այցելել է տեղի գերմանական վարժարանՙ Alman Lisesi: 1868-ին հիմնված այս հաստատությունում կրթություն ստացողների 82 տոկոսըՙ 800-ից ավելի աղջիկներ եւ տղաներ թուրք են, 18 տոկոսը երկքաղաքացիություն ունեն եւ օտարերկրացիներ են: Սա կարո՞ղ է մոդել լինել Գերմանիայի համար: Դժվար թե. Ստամբուլի գերմանական դպրոցում թուրքերեն միայն 2 տարի են սովորում, եթե նույնը կիրառվի Գերմանիայումՙ թուրքական դպրոցում գերմաներենի ուսուցումը 2 տարի տեւի, հազիվ թե բավարարի կառավարության պահանջները: «Բիլդը» մինչեւ ապրիլի 1-ը հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում: Մարտի 31-ի տվյալներովՙ ընթերցողների 86 տոկոսը դեմ է թուրքական վարժարաններին, միայն 14 տոկոսն է դրանց անհրաժեշտությունը Գերմանիայում տեսնում: Կողմ արտահայտվածների թվում է նախկին կանցլեր Շրյոդերը, որը մարտի 31-ին Մերկելի այցի մասին իր կարծիքն է ներկայացրել «Բիլդի» էջերում: 2004-ից Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցության ջատագով Շրյոդերը երկլեզվյան դպրոցները համարել է Թուրքիայի Եվրոկողմնորոշմանը ծառայող գործոն: Թուրքիա կատարած այցի ժամանակ էլ Մերկելը շարունակեց մերժել Թուրքիայի ԵՄ անդամակցությունը: Թեպետ իր խոսքում նրբանկատ ակնարկ է արել, թե միգուցե «արտոնյալ գործընկերություն» բառակապակցությունը այնքան էլ լավ ընդունելություն չի գտնում Թուրքիայում, բայց չի էլ զիջել իր դիրքերըՙ հայտնելով, թե անդամակցության մասին բանակցություները շարունակվելու են: Էրդողանը վստահեցրել է, թե իր կուսակցությունը այս շաբաթ խորհրդարանին է ներկայացնելու ժողովրդավարության զարգացման բարեփոխումների փաթեթը, որ համապատասխանում է ԵՄ պահանջներին: «Լավ է, որ Մերկելը հիշյալ բառակապակցությունը հաջողված չի համարել, «արտոնյալ գործընկերություն»-ը ընդհանրապես պիտի դուրս մղվի քաղաքական բանավեճից», պահանջում է ԳԴՀ նախկին կանցլեր Շրյոդերը: Նա հիշեցնում է, որ Էրդողանի ղեկավարությամբ այդ երկիրը համարձակ բարեփոխումների ուղին է բռնելՙ ժողովրդավարացում, քրդերի հարց, Հայաստանի հետ սկսված փոխադարձ ըմբռնողության գործընթաց: Թուրքիան աշխարհի 20 մեծ տնտեսություն ունեցող երկրներից է :Տնտեսական աճի տեմպերը հսկայական են, եւ այս հնարավորությունը Գերմանիան պիտի օգտագործի, գրում է նախկին կանցլերը «Բիլդի» իր հոդվածումՙ Թուրքիայի ԵՄ անդամակցության իր պահանջը հիմնավորելով: Այցի երկրորդ օրը Էրդողանը վերահաստատել է իր երկրիՙ ԵՄ անդամակցության ցանկությունը: «Մենք չենք ուզում բեռ դառնալ, ուզում ենք բեռը կիսել, ֆորումի ժամանակ ասել է Էրդողանը, հնարավորություն է տրված ապագան միասին կերտելու, Թուրքիան ակնկալում է Գերմանիայի սատարումն այս հարցում»: Էրդողանը հիշեցրել է, որ երկու երկրներին իրար է կապում ընդհանուր երկար պատմությունը: Գերմանիայի տնտեսության եւ առեւտրի պալատի նախագահ Հանս Հայնրիխ Դրիֆթմաննը գովել է երկու երկրների տնտեսական կապերը. «Տնտեսապես Թուրքիան արդեն Եվրոպային է պատկանում»: Նա կարեւոր է համարել թուրք գործընկերների ճամփորդելու պայմանները դյուրացնելու հարցը, նկատել տալով, որ Գերմանիան Թուրքիայի համար առեւտրային ամենամեծ գործընկերն է: Նվազագույնն այս մի հարցումՙ Էրդողանն ու Մերկելը համակարծիք են եղել: Երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալը մոտ 25 մլրդ եվրո է, 4000-ից ավելի գերմանացի գործարարների ներկայությունը Թուրքիայում վկայում է տնտեսական ուժեղ հարաբերությունների մասին: Երկօրյա այցը չհարթեց նաեւ աշխարհի հզորների ուշադրության առանցքում սեւեռված տարակարծություններն Իրանի հարցում պատժամիջոցների առումով: Մերկելն ափսոսանք է հայտնել, որ Իրանի առաջնորդների հետ միջուկային ծրագրերի մասին զրույցը մնացել է առանց առաջընթացի: Իսկ Թուրքիայի ղեկավարությունը շեշտել է Իրանի եւ Թուրքիայի հին բարեկամությունը: Իրանը Թուրքիայի համար 2-րդ էներգակիրն է: Դիվանագիտությունը մնում է կարեւորագույն միջոցը, ասել է Էրդողանը վստահեցնելով, թե Թուրքիան ամեն ինչ կանի «միջին մի ուղի» գտնելու համար: Նա հույս է հայտնել, որ դա ապրիլին Վաշինգտոնում կայանալիք կոնֆերանսի ժամանակ կարող է լինել: Մերկելը Թուրքիա գալով Էրդողանին նվեր էր մատուցելՙ խաղաղության կավե աղավնի: Խաղաղության պլատֆորմը տարփողող երկրում փխրուն կավը որքա՞ն կդիմանա: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: