Panorama.am. 23-4-2010- ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին (Philip J. Crowley) նախօրեին Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին և ասել, որ Վաշինգտոնն անակնկալի չի եկել Հայաստանի նման դիրքորոշումից:
«Ես չեմ կարծում, որ մենք անակնկալի ենք եկել Նախագահ Սարգսյանի հայտարարությունից: Մենք այստեղ Վաշինգտոնում բազում հանդիպումներ ենք ունեցել և հայերի, և թուրքերի հետ: Մենք ունեցել ենք նաև մշտական շփումներ ադրբեջանցիների հետ, -ասել է Քրոուլին և հավելել, -Մենք հասկանում ենք, որ արձանագրությունների վավերացման հետ կապված երկու կողմերը, չեմ կարող ասել մտել են փակուղի, բայց նրանք որոշ խոչընդոտների են հանդիպել այդ գործընթացում: Մենք ողջունում ենք այն, որ կողմերից ոչ մեկը գործընթացից չի հեռացել: Բայց կարծում եմ, որ մեզ որոշակի ժամանակ է պետք` նոր իմպուլս հաղորդել` գործընթացը առաջ տանելու համար: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, Հայաստանն այդպիսով մեզ հասկացրեց, որ իրենք պատրաստ են և դրա համար մենք անակնկալի չենք եկել»:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի, իրենք ողջունում են այն, որ կողմերը ջանքեր են գործադրել, որպեսզի գործընթացը փակուղու մեջ չմտնի:
«Դա մեզ լավատեսություն է հաղորդում, որպեսզի ապագայում վերադառնալով այդ հարցին, կարողանանք գտնել ճանապարհներ արձանագրությունները կրկին առաջ տանելու ուղղությամբ: Դա էր մեր ուղերձը Թուրքիային ու Հայաստանին Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում` ապահովել գործընթացի շարունակությունը, եթե դուք կարծում եք, որ վավերացնելու ժամանակը չէ, նորմալ է, մենք հետքայլ կանենք, կվերագնահատենք իրավիճակը ու առաջ կշարժվենք», -ասել է Քրոուլին:
Լրագրողները հետաքրքրվել են, թե օրակարգում կա՞ն ինչ-որ բանաձևեր գործընթացը առաջ տանելու հետ կապված: Քրոուլին ասել է, թե իրենք դրա համար կգործադրեն բոլոր ջանքերը: «Մենք պատրաստվում ենք շարունակել մեր մշտական շփումները կողմերի հետ», -հավելել է Քրոուլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Տալլինում իր հերթին մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, ողջունել էր նախագահ Սարգսյանի որոշումը` շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության ու հաշտության տեսլականի ուղղությամբ:
«Մենք նկատի ենք առնում նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների քննարկումն իր Ազգային ժողովում: Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացն, այլ առկախում է այն` մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու: Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը», -ասել էր Գորդոնը:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment