Wednesday, April 7, 2010

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի նախագահի ու Թուրքիայի վարչապետի հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

News.am. 7-4-2010- Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա: Այդ մասին ապրիլի 7-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ համատեղ ասուլիսում: «Ես կարող եմ հաստատել, որ Վաշինգտոն գալիք այցելության ժամանակ կայանալու է հանդիպում Հայաստանի նախագահի եւ Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբամայի միջեւ: Վերջին շրջանում դուք գիտեք, որ երկու երկրների` Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անցկացվել է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն, շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջեւ եւ մենք վստահ ենք, որ գալիք հանդիպումը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջեւ նոր որակ, նոր թափ կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին»,- ասել է Նալբանդյանը: «Ինչ վերաբերվում է Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը, ապա այս պահին այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերված չէ: Ես կարող եմ տեղեկացնել նաեւ Ձեզ, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացը` պարոն Շիրինօղլուն, որը նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է եւ որին այսօր կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահը։ Նա նաեւ հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ»,- տեղեկացրել է Էդվարդ Նալբանդյանը:

No comments: