Tert.am. 7-4-2010- «Ակօս»-ի շուրջ հավաքված մարդիկ թունավորում են երիտասարդներին: Այս մասին, թուրքական Takvim օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` ի պատասխան իր դեմ սկսված արշավի, որին միացել են նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը:
«Թուրքիայում 70 հազար հայ ենք, որոնցից 600-ն ունի «Ակօս»-ական ուղղվածություն: Եթե Հիսուս Քրիստոսն էլ գար, նրա վրա էլ էին հարձակվելու: Ես տեր եմ իմ արած բոլոր հայտարարություններին»,- ասել է Շիրինօղլուն:
Քննադատելով իր դեմ սկսված ստորագրահավաքն ու բոլոր նրանց, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել այդ արշավին` Շիրինօղլուն հայտարարել է. «Ստորագրողների շարքերում են Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքն ու նրա երեխաները, ինչպես նաև` նրանց մի շարք գաղափարակիցները: Նրանք ոչ եկեղեցի են գնում, ոչ էլ եկեղեցու ճամփան գիտեն: Նրանք, դրոշակ դարձնելով Հրանտի պատանքը, փող են հավաքում: Պատմությունից պետք է դասեր քաղել: «Ակօս»-ի խումբը, ինչպես անցյալում էր, այնպես էլ հիմա շարունակում է թունավորել երիտասարդներին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ի հակազդեցություն Շիրինօղլուի վերջին հայտարարությունների` պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ստորագրահավաք են սկսել և «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառությամբ հայտարարություն տարածել:
Ստորագրահավաքը կազմակերպվել է www. bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Վերջին տվյալների համաձայն` ստորագրահավաքին իրենց զորակցությունն են հայտնել պոլսահայ համայնքի 532 ներկայացուցիչներ, այդ թվում` «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները:
Հիշեցնենք նաև, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ՝ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին: Հանդիպումից հետո վերջինս հայտարարել էր, թե Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պետք է որակել ոչ թե որպես Ցեղասպանություն, այլ «վեճ երկու անկեղծ ընկերների միջև»:
Շիրինօղլուն, նախքան Թուրքիայի վարչապետի հետ հանդիպելը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակվող հայերին արտաքսելու սպառնալիքներին, ընդգծել էր, որ այդ առնչությամբ մտահոգվելու կարիք չկա:
«Չեմ հավատում, որ այդ խոսքերը մեր վարչապետի սրտի խոսքերն են: Ես` որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, մտահոգված չեմ, որովհետև վստահում եմ մեր վարչապետին, վստահում եմ նրա սրտին»,- ասել էր պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչը:
Իսկ արդեն հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ներողություն էր խնդրել Էրդողանից` նրան ապատեղեկություն տրամադրելու համար: Շիրինօղլուի խոսքով` Թուրքիայում ապրում են ոչ թե 100 հազար, այլ մոտ 30 հազար ապօրինի հայ ներգաղթյալներ: Իսկ 100 հազար թիվն Էրդողանին սխալմամբ իրենք են ներկայացրել:
Wednesday, April 7, 2010
Պետրոս Շիրինօղլու. «Ակօս»-ը թունավորում է երիտասարդներին
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment