«Լրագիր» 6-4-2010- Վերջին շրջանում պաշտոնական Երեւանը հաճախակիացրել է հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իր համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Բայց հետաքրքրական է այն ձեւակերպումը, որ տալիս է Հայաստանի իշխանությունը. “Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում եւ դրա իրացում”:
“Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը”, սիրիական “Ալ Վաթանին” ասում է Սերժ Սարգսյանը:
“Մենք բազմիցս հայտարարել ենք եւ ոչ միայն մենք, եռանախագահներն ել են հասկանում, որ գլխավոր հարցը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է”, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Երեւանում հայտարարում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքի իրացում: Ղարաբաղը մի անգամ արդեն իսկ իրացրել է իր այդ իրավունքը եւ դարձել է անկախ պետություն: Եթե պաշտոնական Երեւանն այժմ խոսում է ինքնորոշման իրավունքի իրացման մասին, ապա դա նշանակում է, որ Հայաստանը չի ճանաչում արդեն կատարված իրացումը:
“Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ճիշտ այնպես, ինչպես 15 միութենական հանրապետությունները, Խորհրդային միության կազմից դուրս է եկել հենց խորհրդային օրենքների տառին, ինչպես նաև միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան”, բրիտանական “Չեթըմ Հաուզի” լսարանի առաջ հայտարարում էր Սերժ Սարգսյանը: Մինչդեռ այդ հայտարարությունն ամենեւին համարժեք չէ ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորության մասին հայտարարությանը, որ անում է Սերժ Սարգսյանը “Ալ Վաթանին” տված հարցազրույցում, կամ համարժեք չէ Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ գլխավոր հարցը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է:
Ստացվում է, որ մի տեղ Հայաստանի նախագահը հայտարարում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան արդեն իրացվածության մասին, մեկ այլ տեղում նախագահն ու արտգործնախարարը խոսում են, որ գլխավորը այդ իրացման իրավունքը ճանաչելու հարցն է: Սա թերեւս վկայում է այն մասին, որ Ղարաբաղի հարցում պաշտոնական Երեւանը չունի ընդհանուր, հայեցակարգային մոտեցում, այլ առաջնորդվում է պահի թելադրանքով, կամ էլ պարզապես այնքան անփույթ է քաղաքականությունը, որ ուղղակի չեն հիշում, թե որտեղ ինչ են ասում: Այլապես մի տեղ չի խոսվի, որ Ղարաբաղը իրացրել է իր իրավունքը, եւ մեկ այլ տեղ չի ասվի, որ կարեւորը այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելն է:
Մեկ էլ, երբ հայտարարվում է, որ առաջնայինը այդ հարցն է, բայց նաեւ խոսվում է, թե ինչ կարող է անել Հայաստանն այդ հարցը լուծելուց հետո, ապա դա նույնպես ոչ համարժեք պահվածք է: “Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը”, սիրիական “Ալ Վաթանին” ասում է Սերժ Սարգսյանը:
Միթե չի ստացվում, որ Հայաստանն ինքնաբերաբար առաջնային է դարձնում ոչ թե իր “ստանալիքը”, այլ այն, ինչ կարոզ է զիջել: Այլապես որն է իմաստը, որ երբ դեռ ընթանում է բանակցային գործընթաց, երբ դեռ դիմացի կողմը որեւէ հրապարակային հայտարարություն չի անում իր տալիքի վերաբերյալ, Հայաստանն արդեն կոնկրետացնում է իր “զիջումը”: Չէ որ ստացվում է, որ առաջնային կարգով արդեն իսկ լուծված է դառնում հենց տարածքների հարցը, եթե դրա մասին ավելի կոնկրետ ու հստակ է ասվում, քան կարգավիճակի մասին` երբ պաշտոնական Երեւանի խոսքից այդպես էլ պարզ չի դառնում, թե խոսքը Ղարաբաղի ներկա կարգավիճակը ճանաչելու մասին է, թե նոր հանրաքվեի կամ պլեբեսցիտ կոչվածի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment