«ԱԶԳ», 08-04-2010- Վաշինգտոն այցելության ժամանակ կայանալու է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի միջեւ: Այս հանդիպման առնչությամբ երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ համատեղ ասուլիսում հավաստիացում է տվել նախարար Էդվարդ Նալբանդյանը :
Ըստ նախարարի, վերջին շրջանում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անցկացվել են բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն, շփումներ երկու երկրների ղեկավարների միջեւ, եւ վստահություն կա, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների գալիք հանդիպումը նոր որակ, նոր թափ կհաղորդի Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին:
Հայաստանի արտգործնախարարը հաստատել է հնչած հարցի միայն մեկ մասը, որ վերաբերում էր Օբամայի հետ հանդիպմանը: Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպման կապակցությամբ Նալբանդյանը հայտարարել է, թե ներկա դրությամբ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերված չէ:
Ապրիլի 6-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունները եւ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ են սկուտեղի վրա մատուցել 5 շրջանները, այսինքնՙ վերադարձնել Ադրբեջանին, անորոշ թողնելով մնացած սկզբունքային խնդիրների լուծումը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս առնչությամբ Նալբանդյանը մեկնաբանել է, կրկնելով նախորդ օրվա ասուլիսում հնչեցրած խոսքերը, որ Հայաստանը, եռանախագահները, եւ բոլորն էլ հասկանում են, որ գլխավոր հիմնախնդիրը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցը:
«Առանց այդ հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն», ասել է նախարարը: Ինչ վերաբերում է աշխատանքային առաջարկներին, որոնք եռանախագահները ներկայացնում են բանակցությունների գործընթացում, այդպիսի առաջարկներ, ըստ Նալբանդյանի, բազմիցս արվել են, արվում են եւ կարվեն, եւ կողմերի միջեւ կքննարկվեն մինչեւ հնարավորություն լինի մոտեցնելու կողմերի դիրքորոշումները:
Վերջերս ներկայացվող շփոթը, թե գոյություն ունեն նորացված մադրիդյան սկզբունքներ, Նալբանդյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը: Նալբանդյանը նշել է. «Այսօր բանակցությունների սեղանին են մադրիդյան փաստաթուղթը, մադրիդյան առաջարկները, որոնք ներկայացվել էին 2007 թ. նոյեմբերին, եւ դա բանակցությունների հիմքն է` մադրիդյան փաստաթուղթը, իսկ ներկայացվող աշխատանքային առաջարկների նման կարող են լինել բազմաթիվ այդպիսի առաջարկներ»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment