«Լրագիր» 2-4-2010- Հայ եւ թուրք մտավորականները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։ Կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ “Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծությունը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել”: Միաժամանակ, հաճախակի են դարձել թուրքական հասարակայնության կոչերը իշխանությանը` ճանաչելու հայերի ցեղասպանությունը եւ նույնիսկ վերանայել վերաբերմունքը Թուրքական հանրապետության հիմնադիրների նկատմամբ: Անկարայի փաստաբանական պալատի անդամներից մեկը նույնիսկ դիմել է դատարան` պահանջելով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Հաճախակի են դարձել մեղադրանքները նեւ Ադրբեջանի հասցեին, որի մեղքով թուրքական քաղաքականությունը կաթվածահար է եղել: Իրենք` Թուրքիայի բարձրագույն ղեկավարները, շրջանառության մեջ են դրել հայկական սփյուռքի հետ բանակցելու հհնարավորության գաղափարը:
Հայաստանի եւ սփյուռքի հասարակայնությունը տարբեր կերպ են գնահատում թուրքերի այս քայլերը եւ տարբեր կերպ են արձագանքում: Ինչ կարող է այս ամենը նշանակել: Արդյոք Թուրքիան վերանայում է իր վերաբերմունքը “հայկական հարցին”, թե գործ ունենք թուրքական դիվանագիտության հերթական “նենգ” քայլերի հետ: Իսկ գուցե Թուրքիայի հարաբերությունն արեւմտյան աշխարհի հետ ավելի խոր հակասության մեջ են, քան կարելի է պատկերացնել: Ինչու է սկսել “Ցեղասպանության ճանաչման շքերթը”: Այս հարցերով դիմեցինք ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանին:
“Իսկապես, Թուրքիայի եւ Ցեղասպանության խնդրի շուրջ տեղի ունեցողը պետք է դիտարկել առաջատար երկրների հետ Թուրքիայի հարաբերության համատեքստում: 1915 թ. Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացումը արեւմտյան երկրների խորհրդարաններում ամենաքիչն է կապված Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Ենթադրում եմ, որ Թուրքիայի քաղաքական էլիտան միայն հիմա է ողջ լրջությամբ հասկանում իր հանդեպ Արեւմուտքի պահանջների խորությունը: Սկսում է նաեւ ավելի լավ հասկանալ սպառնալիքները, որոնք առաջանում են ցեղասպանությունը ժխտելու կուրսից: Առաջին հերթին` երկրի ներսում սպառնալիքները”, նշել է Մանվել Սարգսյանը:
Փորձագետը պարզաբանել է, որ “ի տարբերություն Թուրքիայի շատ ռազմավարական խնդիրների, 1915 թ. ցեղասպանության խնդիրը, թերեւս, միակն է, որ բացառում է Թուրքիայի հասարակության որեւէ կոնսոլիդացում: Այս խնդիրը ապաինտեգրող ներուժ ունի, որի արտահայտությունը տեսնում ենք արդեն այսօր: Ցեղասպանության փաստի ժխտման կուրսը կորցնում է իր կոնսոլիդացնող ռեսուրսը: Այն ավելի ու ավելի է վերածվում թուրքական էլիտան ու ողջ հասարակությունը պառակտող մեխանիզմի: Ներկայիս միտումների պահպանման դեպքում, Ցեղասպանության հարցում հակառակ կարծիքները կարող են ձեռք բերել քաղաքականապես նշանակալի իմաստ: Այսինքն, այս հարցի շուրջ կարող են ձեւավորվել Թուրքիայի քաղաքական ուժերի պլատֆորմները: Այդժամ Թուրքիայի հասարակության պառակտումը կարող է ձեռք բերել համազգային ընդգրկում:
Իրավիճակի ողջ լրջությունն այն է, որ Թուրքիան չի կարող դուրս գալ ապաինտեգրման այս գործընթացից: Միակ մեթոդը կարող է դառնալ ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Միայն նման քայլը կարող է ցեղասպանության խնդիրը վերածել կոնսոլիդացնող քաղաքական ֆենոմենի: Սակայն, դրա համար Թուքիան ստիպված է դատապարտել Քեմալիզմը, որը մինչ այժմ թուրքական հանրապետության գաղափարական բազան է: Այսինքն, Ցեղասպանության խնդրի պառակտող էֆեկտից ազատվելու համար Թուրքիային անհրաժեշտ է հրաժարվել իր ներկայիս գաղափարական-քաղաքական դիմանկարից եւ կառուցել նոր պետություն այլ սկզբունքների հիման վրա: Նման փոխակերպման թուրքական էլիտան իր կամքով չի գնա: Համապատասխանաբար, պետք է սպասել, որ պառակտման միտումը կխորանա:
Թուրքիան իր համար գլխավոր սպառնալիք է տեսնում արեւմտյան առաջատար տերությունների դիրքորոշումներում: Թուրքիան հայաստանը եւ հայկական սփյուռքը դիտարկում է ընդամենը որպես խաղալիքներ այդ տերությունների ձեռքին: Թուրքական ղեկավարության գործողությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան փորձում է փոխել զարգացումների ընթացքը քաղաքական ու դիվանագիտական շրջանառության մեջ նոր տարրեր մտցնելով: Իրականության մեջ դա արտահայտվում է հայաստանի ու սփյուռքի ակտիվությունը չեզոքացնելու կուրսով: Ավելին, նկատելի է Թուրքիայի ձգտումը` ստեղծել հայերի կարծիքները Արեւմուտքի երկրների գործողություններին հակադրելու մեխանիզմ: Նման քաղաքականության բանաձեւը լավագույնս երեւում է Արեւմուտքի երկրներին ուղղված Էրդողանի հայտարարությունից` Դուք Օսմանյան Թուրքիայում 1915 թ. իրադարձությունների կողմ չեք, եթե կան այդ իրադարձությունների կողմեր, ապա դա Հայաստանն ու Թուրքիան են: Այսինքն, նկատելի է Արեւմուտքի քաղաքականության մեջ հայկական գործոնը “հայերին ձեռնասուն դարձնելու” միջոցով չեզոքացնելու ծրագիրը”:
Մանվել Սարգսյանի կարծիքով, ակնհայտ է այդօրինակ քաղաքականության արատավորությունը: “Հայերին ձեռնասուն դարձնելու” լավագույն մեթոդը հանդիսանում է պաշտոնական Անկարայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը եւ հայերի հասցեին որեւէ շանտաժից հրաժարումը: Այդ մասին ավելի ու ավելի շատ են խոսում հենց թուրք մտավորականները, որոնք իրենց երկրի պակաս հայրենասերներ չեն: Հայերի սիրույն չէ, որ արվում են ցեղասպանության ճանաչման եւ “քեմալիզմի” փիլիսոփայությունը վերանայելու մասին կոչեր: Նրանց հուզում է սեփական ազգի ճակատագիրը, որի պառակտման վտանգը իրենք ավելի լավ են զգում, քան Թուրքիայի ներկայիս իշխանությունը: Սակայն, այդ ջանքերն էլ արագացնում են պառակտումը, քանի որ թուրք քաղաքական գործիչները չեն կարողանում հրաժարվել այն պատրանքներից, որ կարող են բոլորին ստիպել հաշվի նստել իրենց հետ”:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի քաղաքականությունը ներկայիս իրավիճակում, Մանվել Սարգսյանն ասել է, որ “Հայկական խնդիրները համաշխարհային տերությունների ձեռքին երկու ծայր ունեցող մահակ են: Արեւմուտքի եւ Թուրքիայի հակադրության սրումը բավական նեղացնում է Հայաստանի ճկունության հնարավորությունը: Միայն առաջին հայացքից է թվում, որ Հայաստանը կարող է օգտվել այդ հակադրությունից եւ իր համար հարմար պայմաններ ապահովել միջազգային ասպարեզում: Նույնիսկ թուրք հասարակության տարատեսակ “բարի կամքի” նախաձեռնությունները” կարող են Հայաստանի համար վերածվել ծուղակի: Ոգեւորությամբ այդ խայծից բռնվել պետք չէ: Հայաստանին եւ սփյուռքին կարող են դաժանորեն պատժել հենց Թուրքիայի հետ վիճող տերությունները: Հայաստանը պետք է Թուրքիայի եւ գերտերությունների հակասությունների ոլորտը թողնի Թուրքիային: Նա չպիտի պատասխանատվություն կրի այնտեղ տեղի ունեցողի համար: Թուրքիայի բոլոր մեղադրանքները Հայաստանին, գերտերություններին խթանելու համար, պետք է կտրականապես հերքվեն: Հայաստանը չպիտի այդ խնդիրները քննարկի Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ ցեղասպանության խնդիրը: Թուրքիայի հետ երկխոսությունը պետք է լոկալացնել դիվանագիտական հարաբերության կարգավորման եւ սահմանի ապաշրջափակման շրջանակում: Մնացյալ որեւէ բանի մեջ քիթ խոթել պետք չէ: Թող Թուրքիան ինքը գլուխ կոտրի իր ներսում եւ դուրսն առկա խնդիրների վրա”:
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment