Tuesday, April 6, 2010

Հարութ Սասունյան. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Անկարան հենց վաղը կվավերացնի Արձանագրությունները

PanARMENIAN.Net - 6 ապրիլի 2010 - Եթե Հայաստանը զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում և հանձնի Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքները, ապա Թուրքիան արդեն վաղը կվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը երբեք անկեղծ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: “Թուրքերը երբեք շահագրգռված չեն եղել Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատման հարցում: Նրանք օգտագործում են Արձանագրությունները, որպեսզի ավելի շատ զիջումներ ստանան Երևանի կողմից Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում”,- ասել է Սասունյանը: Նա հիշեցրեց, որ կես տարուց ավել Արձանագրությունները գտնվում են թուրքական խորհրդարանում, բայց Թուրքիան նույնիսկ մտադիր չէ մոտ ապագայում վավերացնել Արձանագրությունները: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին` The California Courier-ի հրատարակիչը հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունները խոչընդոտում են այդ գործընթացին: “Դրա վառ օրինակը հետևյալն է. այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ: Նույնը տեղի է ունեցել նաև Շվեդիայում”,- ասել է Սասունյանը, հիշեցնելով, որ 7 տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունել էր նույնանման բանաձև 40 “կողմ” և 7 “դեմ” ձայներով:

No comments: