Saturday, April 24, 2010

ՓՐԿՎԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ

«ԱԶԳ», 24-04-2010- 1915 թվականին տեղի ունեցած XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց ու դրա տասնապատիկին տնավեր քշեց իր հայրենիքից: Մինչեւ 1914 թ. Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում գրանցված էին 2549 հայկական եկեղեցական հաստատություններ: Սակայն դրանց մեծ մասը թալանվեց, այրվեց կամ ավերվեց հիմնահատակ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ու նաեւ հետո, անգամ մինչեւ մեր օրերը: Ոչնչացվեցին հազարավոր ձեռագրեր, մշակութային բազմաթիվ արժեքներՙ հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: Հայաստանի պատմության թանգարանում այսօր պահպանվում են հայ ժողովրդի անմահ գանձերից մոտ կես միլիոն ցուցանմուշ: Երեկՙ Հայոց Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի նախօրեին բացվեց ցուցահանդես, որը նվիրված էր հայի մշտանորոգ ոգուն: Ցուցանմուշները ներկայացնում էին Արեւմտյան Հայաստանի բոլոր վիլայեթներից, գավառներից փրկված մասունքներ: Թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացված նմուշները 80-90 տարի առաջ են ձեռք բերվել: Դրանց թվում են եկեղեցական ծիսական պարագաներ, հագուստներ, Վան-Վասպուրականի ասեղնագործության, արծաթագործության, ժանյակագործության նմուշներ: Ուշագրավ էր, որ պահպանվել է Արշիլ Գորկու հայտնի կտավի պատմությունը, մոր զգեստը, գոգնոցը, որոնք ամբողջացնում են այդ տարածաշրջանի ժամանակաշրջանը ու հիշեցնում հայ կնոջ գոգնոցի սիմվոլը: Ցուցանմուշներում նկատվում են Վանի XVIII-XIX դարերի կանացի արդուզարդի, արծաթագործության անկրկնելի նմուշներ, ոսկյա, մետաղյա ու բրդյա թելերով հյուսված գոգնոցներ, գլխաշորեր, ճարմանդներ, գորգեր: Ներկայացված են նաեւ Արեւմտյան Հայաստանում եղած եկեղեցիների հազվագյուտ լուսանկարներ ու նաեւ Սբ. Կարապետ եկեղեցու փայտյա դուռը: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: