Aysor.am. 24-4-2010- Շարունակվում է ադրբեջանցիների հակաամերիկյան հիստերիան: Ավելին, այս երկրում արդեն ոչ միայն քննադատում են, այլև` բռնվեք, չընկնեք, վիրավորում ու սպառնում են Միացյալ Նահանգներին: Օրինակ, այսպես կոչված քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, ով հայտնի է իր բացարձակ չփաստարկված ու դրա արդյունքում մշտապես հայհոյախառն ու վիրավորանքներով լի հրապարակումներով, այսօր 1նյուս.ազ-ին տված հարցազրույցում նշել է, թե «ԱՄՆ-ն իրեն դրսևորում է, որպես գանգստեր»:
Սա շատ ուղղակի մեղադրանք է, ընդ որում` առաջին անգամ չէ նմանատիպ գնահատական հնչում ադրբեջանցիների կողմից, և զարմանալի է, որ Միացյալ Նահանգներն առայժմ շարունակում է բացառիկ համբերատարություն դրսևորել:
Նշյալ «քաղաքագետը» սակայն սրանով չի սհմանափակվում: Նա կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն «իրեն շատ մեծամիտ է պահում փոքր երկրների նկատմամբ: Սակայն այդկերպ նրանք երբեք չեն կարող հեղինակություն ձեռք բերել աշխարհում»: Տեսեք` որ երկիրն է աշխարհում հեղինակության մասին խոսում: Ավելի մեծ զավեշտ երբևէ հանդիպե՞լ եք: Հազիվ թե:
Նման մեղադրանքներից հետո սկսվում է արդեն սպառնալիքների փուլը, այն է` եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա «առաջին հերթին կվնասի ինքն իրեն և իրեն կհակադրի 200 միլիոնանոց թյուրքական աշխարհին»: Տիպիկ ահաբեկչական ձևակերպում է, իսկ այն, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ահաբեկչական խոշոր խմբավորումների հետ, փաստերով ապացուցվել է բազմիցս, ընդ որում` նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից:
Հակաամերիկյան արշավն այսօր շարունակել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ադիլ Ալիևը: Սույն պարոնը փաստորեն առաջին անգամ բարձրաձայն խոստովանել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման պատճառով սրվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները: Դա տեղի ունեցավ Վաշինգտոնի, առավել կոնկրետ` Բարաք Օբամայի նոր վարչակազմի անուշադիր և միակողմանի վերաբերմունքի, հայամետ քաղաքականության որդեգրման պատճառով»:
Պատգամավորի կարծիքով «ԱՄՆ-ն հեռացել է Մինսկի խմբի օբյեկտիվ համանախագահի գործառույթներից»: Այս մտքից հետո Ա. Ալիևը իսկույն մատնում է, թե ինչու են իրենք այդքան վառված, քանի որ նրանց հաստատ առանձնապես շատ չի հուզում` ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիային առանձնապես շատ չի հուզում Ղարաբաղյան հարցը: Ձևական ցուցադրականության մեջ երկու երկրներին առավելապես անհանգստացնում է իրենց շահը: Եվ այսպես, Ադիլ Ալիևի խոստովանանքը. «ԱՄՆ-ն, օգտագործելով Վաշինգտոնյան գագաթաժողովը և այնտեղ հրավիրելով Հայաստանի ներկայացուցիչներին, սակայն չհրավիրելով Ադրբեջանի ներկայացուցիչներին, խախտել է հակամարտության կողմերի հանդեպ վերաբերմունքի հավասարակշռությունը»:
Դեռ մի կողմ թողնենք, որ ԱՄՆ-ն քանիցս հայտարարել ու ապացուցել է, որ երբեք միակողմանի դիրքորոշում չի որդեգրել, որ իրենք հարցի խաղաղ կարգավորման կողմնակից են և այլն: Այս ամենը ադրբեջանցիներին չի հետաքրքրում, քանի որ նրանց նպատակը սոսկ PR-ն է կամ, որ առավել զավեշտական է, իբր իրենց դատարկ հայտարարություններով ու սպառնալիքներով ԱՄՆ-ին... վախեցնելը:
Ադրբեջանցի պատգամավորի կամ այսպես կոչված քաղաքագետի գնահատականները ուշագրավ են, քանի որ այս երկրում որևէ մեկն իրավունք չունի միտք արտահայտել առանց Իլհամ Ալիևի հետ տառացի համաձայնեցման: Եվ ահա, նշված պատգամավորը նշում է, թե «ԱՄՆ-ն իր ճաշակով ու իր հայեցողությամբ խաղարար առաքելության մենաշնորհի իրավունք չունի»: Ուղղակի իրավունք չունի և վերջ:
Դե ինչ, ադրբեջանցիների հակաամերիկյան «ակցիաները» նոր երանգներ են ստանում: Ու նման ահաբեկչական սպառնալիքներից հետո ԱՄՆ-ն հազիվ թե երկար ժամանակ շարունակի իր համբերատար պահվածքը:
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment