Saturday, April 3, 2010

ԻՆՉՈՒ Է ԵԿԵՂԵՑԻՆ ՄՏԵԼ ՎԵՃԻ ՄԵՋ

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ -Պրն Սարգսյան, դուք տեղյակ եք, որ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի փոխարեն Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցելու պլանները հանդիպել են հակազդեցության մի խումբ երիտասարդների կողմից: Սակայն վերջիններիս բերած փաստարկները հանդիպում են «Դուք դեմ եք եկեղեցուն» տիպի հակափաստարկների: Ինչո՞ւ է եկեղեցին այդպես վարվում: -Նախ եկեղեցու հետ առնչող խնդիրներ վերջին տարիներին մենք արդեն ունեցել ենք` կապված մարտյան դեպքերի հետ, երբ պաշտպանելով իշխանությանը` եկեղեցին ինչ-որ առումով իրեն բարդ վիճակի մեջ դրեց` բանավեճի մեջ մտնելով ընդդիմադիր զանգվածի հետ: Այն ժամանակ էլ էր գործում նույն մեթոդաբանությունը` սեփական գործունեությունն արդարացնելու համար դիմացինին ներկայացնել տարբեր պիտակներով: Կոնկրետ ձեր նշած դեպքի առնչությամբ` ինձ համար հետաքրքիր է, որ սկսվել է իրավունքների պաշտպանության շարժում, քանի որ մշակութային կոթողների պաշտպանությունը ծնվում է քաղաքացիական գիտակցությունից: Խիստ հատկանշական է, որ չնայած շարժման մեղադրանքների թիրախը կառավարության կողմից ընդունված որոշումն էր, այնուամենայնիվ, նրան պատասխանեց հենց եկեղեցին: Այստեղ հասկանալի չէ, թե եկեղեցին ընդհանրապես ինչո՞ւ է մտել վեճի մեջ: Որքանով որ ես տեղյակ եմ, այդ քայլն արվեց Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը որպես փաստարկ բերելու համար: Շատ հավանական է, որ եկեղեցին փորձի նման պիտակներով (հակաեկեղեցական գործունեություն, սովետական մտածողություն) լղոզել շարժման հիմնական ասելիքն ու պահանջները: -Որոշումը կայացրել է վարչապետը, որը միաժամանակ Արարատյան թեմի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հնարավո՞ր է խոսել պաշտոնական դիրքի չարաշահման մասին: -Իհարկե: Սա եկեղեցու և իշխանությունների միջև ձևավորված քաղաքական միության հերթական դրսևորումն է: Մի կողմում կառավարությունն ու եկեղեցին են, մյուս կողմում` քաղաքացիները: Պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս փորձել է իրեն ներկայացնել որպես կառավարություն և իրականացնի իշխանության ֆունկցիաներ: Հայաստանում դա կարող է կատարվել միայն սերտաճման միջոցով, սակայն իշխանություն լինելու կամ դրա մաս կազմելու` եկեղեցու ավանդույթների վերականգնումը մենք այսօր պարզ տեսնում ենք: -Ձեր կարծիքով, ո՞րն է եկեղեցու դերը ժամանակակից պետւթյան մեջ, և մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու` Հայաստանի երրորդ Հանրապետությունում: -Երբ ստեղծվեցին ժամանակակից սահմանադրական պետությունները, «Եկեղեցին անջատված է պետությունից» թեզն առանցքային դարձավ: Պետության և եկեղեցու ֆունկցիաները լիովին տարբեր են. եկեղեցու գործը հոգևոր դաստիարակությունն է, Աստծո խոսքը մարդկանց հասցնելը: Սակայն տեսնում ենք, որ մեզ մոտ այդպես չի: Նախ` եկեղեցին մոնոպոլիայի է ձգտում հոգևոր ոլորտում, երկրորդը` հայերի նույնականացման խնդիրը կապում է հենց իր հետ, երրորդը` ուզում է լինել այս իշխանության մասնիկը: Օրենքի իշխանությունը Հայաստանում չի գործում, ու դա թե՛ գործող իշխանությունների պատճառով է, թե՛ եկեղեցու հավակնությունների: Դա է պատճառը, որ ավելի ու ավելի հաճախ քաղաքացիներն իրենց խնդիրների արմատը տեսնում են նաև եկեղեցու մեջ: -Եթե, ըստ Ձեզ, եկեղեցին անհանդուրժող կառույց է հասարակության հետ հարաբերություններում, ապա ինչպիսի՞ն է այն ներեկեղեցական ոլորտում: -Ես եկեղեցու ներքին իրավիճակին շատ ծանոթ չեմ, բայց այն վերաբերմունքը, որ նա ցուցադրում է քաղաքացիների նկատմամբ, բնականաբար պետք է արտացոլվի նաև ներեկեղեցական ոլորտում: Որովհետև չի կարող մի վարքագիծ լինել եկեղեցու ներսում և մեկ այլ` նրանից դուրս: -Իսկ ի՞նչ կկատարվի, եթե այս նախաձեռնությունն անհաջողության մատնվի: -Պետք է հասկանալ, որ այս ամենի իրական տերերը քաղաքացիներն են: Իրենք պետք է որոշեն` ինչ անել: Եթե տանուլ ես տալիս, կամ գնում ես տուն, կամ նոր ձևեր ես մտածում: Ամեն ինչ կախված է նրանից, որքան լուրջ է դրված հարցը նախաձեռնողների կողմից: Ես չեմ կարծում, որ այդ երիտասարդները կանխատեսել են, թե ինչպիսի հակազդեցության կարող են հանդիպել, երբ սկսել են այդ նախաձեռնությունը: Գործընթացի մեջ է երևում խնդրի լրջությունը: Մարդիկ պրոցեսի մեջ դաստիարակվում են, և կարող է` վաղը նրանց պայքարն ավելի լուրջ ձևեր ընդունի: Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը «Լրագիր» 3-4-2010

No comments: