Friday, April 2, 2010

Ի՞ՆՉ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

«ԱԶԳ», 02-04-2010- Վերջին շաբաթը Թուրքիո կառավարական շրջանակներն անընդհատ փողհարում են, որ իրենք ուզում են երկխոսել Հայոց սփյուռքի հետ: Այսպիսի հայտարարությունները չեն կարող կասկածանքի սերմեր չցանել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի մտածող շրջանակների մեջ: Այն պահին, երբ հայ-թուրքական արձանագրությունների շուրջը թուրքական կողմը կոշտացնում է դիրքորոշումը, երբ տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիք է բարձրանում, Թուրքիո պատասխանատուների այսպիսի նախաձեռնությունների հետին միտքը պարզելու մղումը առաջին գործ է դառնում, մանավանդ` թուրքական դիվանագիտությունն արեւելյան խորամանկության մարմնացումն է համարվել միշտ: Առաջին միտքը, որ ծագում է, այն է, թե Թուրքիան միջազգային հանրության ճնշումներին դիմակայելու եւ Ցեղասպանության ճանաչման նոր ալիքի ահագնությունը մեղմելու համար ձեռքը գցում է փրփուրներին` մեր Սփյուռքի հետ է ուզում բանակցել: Հայոց ցեղասպանության վերջին շաբաթների ճանաչումները ցայտնոտի մեջ են գցել թուրքերին, սպասվում է նոր ճանաչումներ մի շարք երկրների խորհրդարաններում, իսկ այդ նախաձեռնությունների հետեւում կանգնած է Սփյուռքը, ուրե՞մն: Համենայն դեպս, ե՛ւ Դավութօղլուն է նման բան ասել, ե՛ւ օրեր առաջ Երեւանում ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինարին մասնակցած իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Սունաթ Քնըքնըօղլուն երկրորդել է այդ միտքը, մինչդեռ վերջինս Երեւանում գտնվելու օրերին որեւէ փափուկ միտք չարտահայտեց. մեկ խոսում էր Ղարաբաղի հարցում առաջընթացի դեպքում միայն արձանագրությունների վավերացումից, մեկ` անառարկելի տոնով խոսում էր պատմական հանձնաժողովից, որը, նրա կարծիքով, հենց Ցեղասպանության լինել-չլինելը պետք է քննարկի: Բայց տեսեք, որ այդ նույն Քնըքնըօղլուն հանկարծ ու «ջիգյար» է կտրել, թե. «Նրանք նաեւ մեր երկրի որդիներն են (սփյուռքահայերը-Մ.Խ.), մենք շատ ընդհանուր բաներ ունենք, երես առ երես խոսելը կարեւոր է, նույնիսկ եթե մենք չենք կարող համաձայնության հասնել»: Բայց Թուրքիան, արձանագրությունների գաղափարը խթանելիս հաստատ մտածում էր Ցեղասպանության ճանաչման դեմն առնել այդպիսով, ինչը ոչ միայն չստացվեց, այլեւ կարելի է հանգիստ պնդել, որ ձախողվեց: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ոչ դեսպանների հետկանչն է ազդում երկրների վրա, ոչ տվյալ պետության ապրանքների բոյկոտումը Թուրքիայի կողմից, որ Ցեղասպանությունը չճանաչեն: Եթե թուրքերի` Սփյուռքի հետ երկխոսելու նախաձեռնության մեջ անկեղծություն լիներ, գուցե դրա մեջ ինչ-որ լավ բան կարելի էր փնտրել ու գտնել, բայց կեղծիքի նոր դոզա է հրամցվում պարզապես միջազգային հանրությանը` տակետակ ենթատեքստերով: Ներկայացնենք երեք թերթի խմբագրի կարծիք ու նկատենք այդ կարծիքներում ընդհանրության եզրեր. Հակոբ Ավետիքյան, «Ազգ» . «Թուրքերն ուզում են մաքսիմում ծրագրով սեպ խրել Սփյուռքի տարբեր հատվածների, Սփյուռքի եւ Հայաստան պետության միջեւ, մինիմումով` բոլորին ասել, թե իրենք բաց են, երկխոսում են բոլորի հետ, նույնիսկ «ծայրահեղ» Սփյուռքի հետ են երկխոսում»: Որ Սփյուռքն այդ թեմայով կարող է երկատվելու նոր առիթ ստանալ` սա միանշանակ. մի մասն առհասարակ կոնտակտին դեմ կլինի, մյուսն մասն էլ կասի` դրանից մենք չենք տուժելու, խոսենք, տեսնենք ի՞նչ դուրս կգա: Նոր բանավեճ կզարգանա, մի խոսքով` Սփյուռքի փխրուն համաձայնության դաշտն այս առիթով կարող է սասանվել: Ես դեմ չեմ երկխոսությանը, սակայն պահը, ինչպես նաեւ թուրքերի անկեղծության նկատմամբ կասկածը հուշում են, որ սփյուռքահայերը պետք է խուսափեն այդ ծուղակից»: «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիր Հարութ Սասունյանն ասում է, թե Դավութօղլուն անցած շաբաթ հանդես եկավ մի նոր խորամանկ քայլով` նպատակ ունենալով մասնատել սփյուռքահայությանը, քանի որ թուրքերը ցանկալի հաջողությունների չհասան արձանագրությունների միջոցով Սփյուռքը Հայաստանի հետ պառակտելու իրենց փորձում, իսկ այժմ էլ երկխոսության մտադրություն են հայտնում «ողջամիտ սփյուռքահայերի» հետ` «նկատի ունենալով այն հայերին, ովքեր պատրաստ են ծախել Հայ դատը իրենց սեփական «եսի» ու անձնական շահի համար»: Սասունյանն էլ կարծում է, որ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են Հայոց ցեղասպանության ճանաչումից այլ երկրներին հետ կանգնեցնելու համար. «Ուստի Հայաստանն ու Սփյուռքը պետք է զգոն եւ միասնական լինեն` թուրքական խարդավանքների, գայթակղությունների ու սադրանքների զոհը չդառնալու համար», զգուշացնում է «Կալիֆորնիա կուրիերի» խմբագիրը: «Ազդակ» ՀՅԴ-ական պարբերականի խմբագիր Շահան Կանդահարյանը նույնպես համոզված է, որ «թրքական կանոններուն հետեւող խաղը Հայաստան- Սփյուռք տարանջատելու ընդհանուր քաղաքականութենեն քայլ մը առաջ կանցնի եւ այս անգամ ներսփյուռքյան պառակտումներու համար ուղի կը հարթե»` հատկապես նկատի ունենալով, որ թուրքերի հայտարարություներում Սփյուռքը սահմանագծվում է բանակցելի եւ ոչ բանակցելի համայնքների դասակարգմամբ: Ավելացնենք, որ այսպիսի երկխոսության գաղափարը նաեւ մի փոքր ստվերում է Հայաստան պետությանը, քանի որ կարծես միջպետական հարաբերությունների թիկունքում ինչ-որ խոսակցության մասին է խոսք գնում: Իսկ ո՞վ է հրահրում այդպիսի երկխոսության գաղափարը, կամ ինչպե՞ս է դա ծագել. չի բացառվում, որ դա հրահրում են շահագրգիռ երկրները` բանավեճից ու հայկական շերտերի տարաձայնություններից առավելագույնս քաղելու եւ իրենց շահերն առաջ տանելիս նոր գործիքներ ունենալու համար: Ասվում է, որ առաջին անգամ է նման բան ձեռնարկվում: Այնինչ 1977 թվականին, Ժնեւում, նախկին պոլսահայ Շելեֆյանի նախաձեռնությամբ, նրա իսկ բնակարանում հայ ավանդական երեք կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախար Չաղլայանգիլի հետ: Վերջինս շատ անպաշտոն հանգամանքներում հայտարարել էր` իբր իր նախաձեռնությամբ է եղել այդ հանդիպումը: Առաջին գրանցված փորձն էր դա փաստորեն, որ սփյուռքահայ ավանդական կուսակցությունների հետ թուրքական պաշտոնական շրջանակի հանդիպում է կայացել: Այդ հանդիպումն անարդյունք է եղել, որովհետեւ Չաղլայանգիլը, ըստ հայ մասնակիցներից երկուսի վկայության, ուզեցել է իմանալ, թե հայերն ի՞նչ են պահանջում. 1975 թվականին արդեն սկսվել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունը: Թուրքիայի արտգործնախարարը հարցրել է. «Արդյո՞ք հատուցման ինչ-որ ձե՞ւ եք մտածում»: Շատ բարյացակամ խոսակցություն է գնացել: Բայց երբ երեքը միաբերան ասել են, որ իրենք պահանջում են Ցեղասպանության ճանաչումն ու հայկական հողերի վերադարձը, այդ ժամանակ Չաղլայանգիլը բավական խիստ եւ լուրջ դեմքով ( «Ազգի» խմբագրի պատմելով, ով կարդացել է երկու հայ մասնակիցների վկայությունը) ասել է. «Դուք ձեր առջեւ չեք գտնի որեւիցե թուրք իշխանություն, որ կգնա այդպիսի համաձայնության ձեզ հետ»: Իսկ մի քանի տարի առաջ Թուրքիայի արտգործնախարարի օգնականը ԱՄՆ-ում հանդիպել է հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հ.Գ. Տեղեկատվություն` մտորելու համար. վերջերս խոսք է գնում Հայոց ազգային խորհուրդ ձեւավորելու մասինՙ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի, Սփյուռքի ներկայացուցիչներով: Այս կառույցի գործունեությունը հայերի համախմբում է ենթադրում: Փաստորեն հայությանը ներկայացող այս պահի մարտահրավերներին` նաեւ այս կառույցով դիմակայելու խնդիր է դրվում: Արդյո՞ք մի ձեւական կառույց չի լինի, թե՞ կդառնա Հայաստանը եւ Սփյուռքը կապող մի գործիք այս խորհուրդը, ժամանակը ցույց կտա, բայց գոնե այս կարգի խնդիրները, որի մասին վերեւում խոսեցինք, այսպիսի խորհրդով կարելի կլինի քննարկել եւ եզրահանգման գալ: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: