Friday, April 2, 2010

ՀՀ ՊՆ. Բանակը ապրիլմեկյան կատակների առարկա մի դարձրեք

Panorama.am. 1-4-2010- Պաշտպանության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին` խուսափել ապրիլմեկյան կատակների համատեքստում արծարծել Զինված ուժերի գործունեությանը վերաբերող թեմաները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Պատասխանելով բանակի և պաշտպանության նախարարության գործունեության վերաբերյալ այսօրվա մամուլում տեղ գտած մի շարք տեղեկությունների մասին մեր հարցին` Սեյրան Շահսուվարյանն ասաց. «Իսկապես որոշ ԶԼՄ-ներ այսօրվա մի շարք հրապարակումներում ներկայացրել են «տվյալներ», որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ: Նկատի ունենալով այդ հրապարակումների ամսաթիվը` մենք հակված ենք դրանց մեջ նշված մտացածին «փաստերը» ընկալել որպես ապրիլմեկյան կատակ: Այնուհանդերձ կհորդորեի ձեռնպահ մնալ Զինված ուժերի, պաշտպանական համակարգի, և ընդհանրապես երկրի անվտանգության հետ առնչվող թեմաների վերաբերյալ կատակներ անելուց: Գնահատելով լրագրողների հումորի զգացումը` միևնույն ժամանակ կոչ եմ անում ցուցաբերել համարժեք պատասխանատվության զգացում հասարակության, պետության և իրենց իսկ լրատվամիջոցի հանդեպ: Նաև հույս ունեմ, որ «կատակասեր» ԶԼՄ-ները բարեխիղճ կգտնվեն և սեփական նախաձեռնությամբ կհերքեն իրենց իսկ տարածած ապատեղեկությունները»:

No comments: