Thursday, April 8, 2010

ՏԵՐ, ՊԱՀՊԱՆԻՐ ԱՄԵՐԻԿԱՆ, ԹԵ ՑԱՐԻՆ

«Լրագիր» 8-4.2010- Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Կիրգիզիայի իրադարձությունների մասին, համաշխարհային մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե ապստամբները կառավարվում են Մոսկվայից: Ընդ որում, առաջ են քաշվում տարբեր վարկածներ, եւ նրանցից գլխավորը կապվում է Մանաս օդանավակայանի հետ, որն ամերիկացիներն օգտագործում են որպես ռազմական բազա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ամերիկյան օդուժը ժամանակավորապես դադարեցրել է տրանզիտային փոխադրումները Մանասով, իսկ ռուսական Կանտ ավիաբազայում զինծառայողներին ժամանակավորապես արգելվել է դուրս գալ բազայի տարածքից, ուժեղացվել է պահպանությունը: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը եւ վարչապետ Պուտինը արդեն հայտարարել են, թե կապ չունեն կիրգիզական դեպքերի հետ: Ճիշտ է, նրանք չեն թաքցնում դժգոհությունը նախագահ Բակիեւից: Այդ դժգոհությունն, ամենայն հավանականությամբ, կապված է նույն Մանաս օդանավակայանի հետ, որը Մոսկվան փորձում էր պոկել ամերիկացիներից: Հնարավոր է, եթե երկրում փոխվի իշխանությունը, Պուտինին կհաջողվի համոզել նրան քշել ամերիկացիներին: Նշենք, որ այսօր ԱՄՆ եւ Ռուսաստանը ստորագրում են պատմական փաստաթուղթ ռազմավարական հարձակողական զենքը կրճատելու մասին: Ըստ ամենայնի, ստորագրումը չի նշանակի դիմակայության ավարտ: Եւ հիմա ընտրությունը Կիրգիզիայի ժողովրդինն է: Ինչ ճանապարհ կընտրի ու ում կընտրի նա` ԱՄՆ-ին, որի հիմնը Աստված, պահպանիր Ամերիկան է, թե Ռուսաստանին, ով երգում է Աստված, պահպանիր ցարին: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: